Դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատրյան քույրերի դեմ գործը

Ռուսաստան - Ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի ակցիա Սանկտ Պետերբուրգում, արխիվ
Ռուսաստան - Ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի ակցիա Սանկտ Պետերբուրգում, արխիվ

Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանի նիստում, որի ժամանակ քննվում էր Մարիա Խաչատրյանի (Խաչատուրյան) բողոքը, դատախազն առաջարկել է կարճել իրենց հոր սպանության մեջ մեղադրվող քույրերի դեմ քրեական գործը և նրանց գործողությունները ճանաչել անհրաժեշտ ինքնապաշտպանություն, հաղորդում է РИА "Новости" լրատվական գործակալությունը:

Դատախազը նաև հայտարարել է, որ քննիչը «կոպտորեն խախտում է քրեական վարույթի ողջամիտ ժամկետի վերաբերյալ դրույթները», «որևէ վերջնական որոշում չի ընդունում, գործը դատախազին չի ուղարկում, պարզապես երկարաձգում է քննության ժամկետը»: Ընդ որում, Մարիա Խաչատրյանն ութ տարուց ավելի սահմանափակումների տակ է, որոնք նրան արգելում են օգտվել հեռախոսից և ինտերնետից ու շփվել ազգականների հետ:

Խաչատրյան քույրերը մեղադրվում են 2018 թվականի հուլիսին իրենց հորը նախնական համաձայնությամբ սպանելու մեջ: Այդ ժամանակ նրանք 17, 18 և 19 տարեկան էին: Տվյալ հոդվածով պատիժը մինչև 20 տարով ազատազրկումն է:

Քննությունը պարզել է, որ քույրերը 57-ամյա գործարար Միխայիլ Խաչատրյանի կողմից ենթարկվել են այդ թվում սեռական բռնության, սակայն հրաժարվել է աղջիկների գործողություններն անհրաժեշտ ինքնապաշտպանություն համարել:

2023 թվականի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը քույրերից երկուսի՝ Քրիստինայի և Անգելինայի քրեական գործով: Երրորդ քրոջ՝ Մարիայի գործը քննվում էր առանձին: Դատարանը որոշել է, որ նա սպանության օրը անմեղսունակ է եղել:

Անցած տարվա գարնանը դատարանն առանձին գործով հետմահու մեղավոր է ճանաչել Միխայիլ Խաչատրյանին դուստրերի նկատմամբ բռնության մեջ:

Այս տարվա հունվարին Քննչական կոմիտեն վերսկսել է քննությունը՝ պարզելու համար, թե արդյոք քույրերը գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակում:

Խաչատրյան քույրերի գործը լայն արձագանք է ստացել Ռուսաստանում:

​
XS
SM
MD
LG