Մինչ փաստաբանները պնդում են, թե բժիշկներն ուշացել են, Քրեակատարողական ծառայության պետն «Ազատության» հետ զրույցում հակադարձում է, թե բանտում ամեն ինչ արել են ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանին փրկելու համար:
«Ցանկացած մահ ցավալի է ու ցանկացած մահից հետո հետևություններ պետք է անենք, և եթե կան աշխատանքի ընթացքում բացթողումներ և խնդիրներ, որը ինչ-որ չափով թեկուզ ամենաչնչին ձևով կարող էր անդրադառնալ և կարող էր ընդհակառակը՝ չբերեր էս մահվան դեպքին, այդ ամբողջն ուսումնասիրում ենք», - ասաց Ծովինար Թադևոսյանը:
«Նուբարաշենի» բանտում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանի մահից հետո քրեակատարողական ծառայությունում քննություն է անցկացվում: Ըստ Ծովինար Թադևոսյանի, դեռևս արդյունքներ չկան, բայց տեսախցիկների հրապարակած ժամանակացույցն էլ է ցույց տալիս, որ շտապօգնությունը չի ուշացել:
Մինչդեռ Գևորգյանի փաստաբանական խումբը պնդում է, որ շտապօգնություն ուշ են կանչել, բժիշկները հասել են, երբ ընդդիմադիրն արդեն մահացել էր:
Փաստաբան Հովսեփ Սարգսյանը պնդում է՝ Գևորգյանի վատ զգալուց սկսած պետք է անմիջապես բժշկական օգնություն ցուցաբերեին, ոչ թե հույս դնեին բժշկի որակավորում չունեցող բուժակի վրա, որն էլ ինչ-որ դեղ է ներարկել Գևորգյանին:
«Բուժակն իրավունք ունի՞ դեղ ներարկելու կալանավորին առանց բժշկի: Եթե բժիշկ լիներ, կարող էր գնահատել վիճակը, որ ծանր է, ու քրեակատարողականի ուժեով տեղափոխեին հիվանդանոց», - ասաց Սարգսյանը:
«Նուբարաշենն» ու Հայաստանի մյուս յոթ բանտերը, բացի «Արմավիրից», հերթապահ բժիշկ չունեն:
Գևորգյանին բժշկական առաջին օգնություն է ցուցաբերել բուժակը, որն, ըստ փաստաբանների, չէր կարող բժշկական գնահատում անել և ըստ դրա բուժում նշանակել:
Իրավունք ունե՞ր բուժակը ներարկում անելու, ինչո՞ւ չունեն հերթապահ բժիշկներ, «Ազատությունն» այսօր գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն, որն էլ համակարգում է բանտերում առողջապահական ծառայությունների մատուցումը: Մինչ այդ, Քրեակատարողական ծառայության պետն ընդգծում է՝ շարժվել են ընթացակարգով:
«Ծառայողը, տեղեկանալով անձի առողջական որոշակի խնդրի մասին, անմիջապես հայտնում է բժշկական ստորաբաժանմանը: Ստորաբաժանումն արձագանքում է՝ գալով և տեղում գնահատելով անձի առողջական վիճակը: Բուժակի կամ բժշկի արձագանքից հետո, միայն իրենց ցուցումից հետո կանչվում է շտապօգնություն ու շտապօգնությունն արդեն այդ պրոցեսը կազմակերպում է», - ասաց Ծովինար Թադևոսյանը:
Ինչո՞ւ հնարավոր չի եղել ընդդիմադիր գործչին հասցնել հիվանդանոց, ինչպես պնդում են փաստաբանները, չսպասելով շտապօգնությանը: Թադևոսյանի խոսքով, հատկապես սրտային խնդիրների դեպքում շատ կարևոր է անգամ տեղափոխության պրոցեսը ճիշտ կազմակերպել: Մինչդեռ փաստաբանը հակադարձում է՝ կարող էին ապահովել պատշաճ տեղափոխումը, օրինակ, «Էրեբունի» հիվանդանոց, որը բանտին շատ մոտ է:
Բանտեր հաճախ այցելող ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասում է՝ հերթապահ բժիշկներ չունենալը մեծ խնդիր է, որն էլ լրացնում է ամենավատ շենքային պայմաններ ունեցող «Նուբարաշենի» առանց այն էլ ծանր միջավայրը՝ խոնավ ու քանդվող խցերով, խավարասերներով:
«Խոստումը կա, որ «Նուբարաշենը» չպիտի այլևս գործարկվի, որովհետև այնպիսին են պայմանները, որ ժամանակավոր նորոգումները ոչինչ չեն փոխելու: Իր էությամբ այդտեղ անազատության մեջ գտնվելն ինքնին խոշտանգում է», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Երեկ արդարադատության նախարարը, այսօր էլ Քրեակատարողական ծառայության պետը վստահեցրին՝ լուծում են տալու Նուբարաշենի խնդրին, բայց թե ինչքան գումար դրա համար կպահանջվի և կոնկրետ երբ նոր բանտը կկառուցվի՝ չասացին:
Հասարակական դիտորդական խումբն այսօր ահազանգել է, որ բժշկական գաղտնիքի պատճառաբանությամբ չի կարողանում ստանալ Արսեն Գևորգյանի փաստաթղթերը:
Սա առաջին անգամը չէ, երբ խումբը հասանելիություն չունի գաղտնի փաստաթղթերին: Դիտորդներն առաջարկել են օրենքով իրենց էլ տալ նման հնարավորություն, դեռ հստակ պատասխան չունեն:
Արսեն Գևորգյանի մահից հետո նրա խցակիցները դիտորդներին պատմել էին, որ ընդդիմադիր գործիչը վաղ առավոտյան բողոքել է կրծքավանդակի շրջանում սուր ցավերից, իսկ շտապօգնության ժամանելու պահին նա դեռ մահացած չէր: