«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա իրականացրին Եվրամիության գրասենյակի առջև՝ ուշադրություն հրավիրելով երեկ տեղի ունեցած ողբերգության վրա: Կուսակցության Ստեփանավանի համայնքապետի 46-ամյա թեկնածուն մահացել էր Նուբարաշենի բանտում՝ ընտրակաշառքի մեղադրանքով կալանավորվելուց 21 օր անց։
«Իմ տեղեկություններով, երբ շտապօգնության խումբը հասել է, մոտեցել է Արսեն Գևորգյանին, արդեն իսկ արձանագրել է կենսաբանական մահ», - ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր» Հարություն Հարությունյանը:
Ընդդիմադիրները ԵՄ դեսպանին ուղղված նամակում պնդել են, որ իրենց կուսակիցը բանտում ժամանակին բուժօգնություն չի ստացել, այդ պատճառով էլ մահացել է ինֆարկտից. «Զոհ դարձավ չարդարադատության մահաբեր համակարգին»:
Ընդդիմադիրներին ընդունել է Վասիլիս Մարագոսը
Ընդդիմադիրներին ընդունել է հենց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, որը, նրանց խոսքով, լսել ու խոստացել է մոնիթորինգ անելուց հետո անդրադառնալ բարձրացրած հարցին։
«Ինքն էլ շատ մտահոգված էր հայաստանյան բանտային վատ պայմանների, առողջապահության իրավունքի ոչ լիարժեք կամ առհասարակ չապահովման վերաբերյալ, որի շուրջ լուրջ մտահոգություններ ունեն», - նշեց Հարություն Հարությունյանը:
Ինչո՞ւ մահացավ ընդդիմադիր գործիչը
Ինչո՞ւ մահացավ ընդդիմադիր գործիչը, որի առողջական վիճակը բանտ ընդունվելիս ստուգվել է ու խնդիրներ չեն արձանագրվել: «Ազատության» տվյալներով, վարույթը նախաձեռնվել է սպանության հոդվածով, սովորաբար՝ նման դեպքերում այս հոդվածն են առաջադրում, որն էլ կա՛մ հերքվում, կա՛մ հաստատվում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներով:
«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում», - մինչ արդարադատության նախարարը երեկ այսպես էր արձագանքում՝ ցավակցելով ընտանիքին, փաստաբանները պնդում են՝ բժիշկներին բանտ թույլատրվել է մտնել Գևորգյանի մահից հետո: Ռոբերտ Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այս եզրակացությանն են հանգել քրեակատարողականի երեկվա հայտարարությունից հետո:
Երեկ ծառայությունից նշել էին, թե հերթապահ բուժակն է առաջին օգնությունը ցուցաբերել և առավոտյան 7:55-ին շտապօգնություն կանչել, իսկ մահն արձանագրվել է 8:30-ի սահմաններում:
«Ավելի քան 1 ժամ հետո բժիշկները ժամանել են քրեակատարողական հիմնարկ և արձանագրվել է Արսեն Գևորգյանի մահը: Մենք էլի տեղեկություններ ունենք, այս պահին չենք հրապարակի, կհրապարակենք հետագայում», - ասաց փաստաբանը:
Քրեակատարողական ծառայությունը, սակայն, այսօր հրապարակեց բանտի տեսագրություններից ստացված տվյալները, որոնց համաձայն՝ շտապօգնության խումբը խուց է մտել 08:13-ին, այնտեղ մնացել 10 րոպե ու պատգարակով դուրս բերել Գևորգյանին: Եվ արդեն 6 րոպեի ընթացքում միացրել էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է մահը: Փաստաբանը պնդում է, նման դեպքերում ոչ թե պետք է շտապօգնություն կանչեին, այլ կալանավորին արագ հասցնեին հիվանդանոց:
Ըստ Քրեակատարողական ծառայության, նախքան շտապօգնության ժամանելը խուց է մտել բուժքույրը: Ի՞նչ պետք է անի բուժքույրը կամ բուժակը, որը կարող է միայն առաջին օգնություն ցույց տալ, բայց՝ ոչ գնահատել վիճակն ու ըստ դրա բուժում անել՝ հարցնում են փաստաբանները:
«Արսենը խցակիցներին բողոքել է կրծքավանդակի շրջանում սուր ցավերից». դիտորդական խմբի ղեկավար
Բանտերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Արման Սահակյանն «Ազատությանը» պատմեց, որ այսօր զրուցել են Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ: Խցակիցները պատմել են, որ Գևորգյանը երեկ վաղ առավոտյան բողոքել է կրծքավանդակի շրջանում սուր ցավերից:
«Խցակիցները մեզ հայտնեցին, որ նոյեմբերի 10-ի առավոտյան Արսենը գանգատվել է սրտի շրջանում առաջացած ցավերից, ասել է, որ կրծքի հատվածում ունի այրոցներ, խցակիցները տեղեկությունը փոխանցել են աշխատակիցներին՝ բժշկին կանչելու նպատակով, կանչել են հերթապահ բուժակին», - ներկայացրեց Սահակյանը:
Ըստ խցակիցների, բուժակը ենթադրաբար ցավազրկող է ներարկել:
«Շտապօգնության ժամանման պահին, խցակիցների փոխանցմամբ, Արսեն Գևորգյանը դեռևս գիտակից է եղել, սակայն գտնվել է արդեն ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում», - ասաց Սահակյանը:
Եթե այդ պահին բժիշկ լիներ բանտում, արդյոք կփրկվե՞ր Գևորգյանը, պարզ չէ:
Նուբարաշենն ու Հայաստանի մյուս յոթ բանտերը, բացի Արմավիրից, հերթապահ բժիշկ չունեն:
Մինչ ընդդիմադիրները ընկերոջ մահվան մեղավոր են համարում իշխանությանը՝ պնդելով, որ Գևորգյանին անհիմն ընտրակաշառքի մեջ մեղադրեցին ու կալանավորեցին՝ «վարկաբեկման արշավի շրջանակներում», իշխող ուժից հակադարձում է՝ մեղավոր են նրանք, ովքեր Գևորգյանին ստիպել են գնալ այդ քայլին: Հանգուցյալ թեկնածուի մեղքը դեռ ապացուցված չէր: