Ո՞վ է պատասխանատու բանտում Արսեն Գևորգյանի մահվան համար. նախարարի և ընդդիմադիրների արձագանքը

«Նման դեպքեր լինում են, ցավակցում եմ», - արդարադատության նախարարն այսպես է արձագանքում Նուբարաշենի բանտում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին:

«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում», - ասաց Սրբուհի Գալյանը:

Ստեփանավանի համայնքային ընտրությունում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն, 46-ամյա Գևորգյանը կալանքի 21-րդ օրը՝ այսօր վաղ առավոտյան վատ է զգացել, ըստ պաշտոնական տեղեկության, հերթապահ բուժակը առաջին օգնություն է ցուցաբերել, ապա՝ 7:55 -ին շտապօգնություն կանչել:

Մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են Քննչական կոմիտեից, չհստակեցնելով, թե որ հոդվածով է գործ հարուցվել:

Արսեն Գևորգյանը կալանավորվեց ընտրություններից մի քանի օր առաջ: Հակակոռուպցիոն կոմիտեն նրան և ևս 14 հոգու մեղադրանք առաջադրեց՝ խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ստանալու համար։ Նաև տեսանյութ հրապարակեցին:

«Էս ամենը իշխանությունների վարկաբեկման արդյունքն է»

Հոկտեմբերի 21-ից բանտում գտնվող Գևորգյանը ոչ առողջական խնդիրներ է ունեցել, ոչ էլ բողոքել է, ինֆարկտը հոգեկան ապրումների հետ է կապում նրա թիմակից, մտերիմ Անդրանիկ Գևորգյանը. «Ուժեղ հայ տղամարդ է եղել, պատրաստ էր ամեն ինչի: Էս ամենը իշխանությունների վարկաբեկման արդյունքն է»:

Անդրանիկ Գևորգյանի պնդմամբ՝ ծանր էր տանում նաև ընկերների անազատության մեջ հայտնվելու փաստը:

46-ամյա Գևորգյանը մեկ դուստր ու անչափահաս որդի ունի: Ընտանիքը, ըստ նրա մտերիմների, մամուլից է տեղեկացել ողբերգության մասին:

Ստեփանավանի համայնքապետի ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» 20 տոկոս ձայն ստացավ ու երրորդ ուժն էր. առաջատարը իշխանականներն էին: Նուբարաշենում մահացած Գևորգյանը համայնքի ավագանու ընտրված անդամ էր, սակայն համայնքապետարանի էջում ցավակցական ոչ մի բառ չկա, բայց կա հայտարարություն այն մասին, որ վաղը այստեղ ավագանու առաջին նիստն են հրավիրում՝ համայնքապետի ընտրության տոնական օրակարգով:

Գևորգյանի փաստաբան Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ հանրային վտանգավորություն չներկայացնող արարք էր մեղսագրվել իր պաշտպանյալին և կալանքի որոշումը համաչափ չէր, բայց չեն էլ կարողացել բողոքարկել այն. «Որոշում չենք ստացել առաջին ատյանի, որ բողոքարկենք»:

Ընդդիմադիր ուժերը դատապարտում են

Գործի նախաքննությունն ավարտված է, բայց գլխավոր մեղադրյալը հանգուցյալ: «Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են», - հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

Ընդդիմադիր այլ ուժեր էլ են դատապարտել տեղի ունեցածը: «Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը», - արձանագրում է Հայ ազգային կոնգրեսը:

Համաձայն չէ արդարադատության նախարարը. Քաղաքական հետապնդում չէ, այլ պետության արձագանք կատարված արարքներին. «Պետությունը պետք է միշտ պատշաճ արձագանք տա կատարված արարքներին կամ ենթադրյալ կատարված արարքներին: Սա պետության գործառույթն է՝հետևել հանցագործություններին, դրանց բացահայտմանը»:

Կալանքը որպես ճնշում է կիրառվում. իրավապաշտպան

Քաղաքական որոշմամբ են իշխանության ընդդիմախոսները, ընտրական փուլերում շտաբի պետերն ու ընտրված համայնքապետերը բանտերում հայտնվում, վստահ է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Կալանքն էլ որպես ճնշում է կիրառվում՝ ըստ իրավապաշտպանի:

«Եթե վստահ եք, որ բավարար հիմքեր ունեք, որ մարդուն տանեք կալանքի, այսինքն, համարում եք, որ գործի համար բավարար նյութեր եք հավաքել, ես չեմ հասկանում տրամաբանությունը բացի ճնշումներ գործադրելուց ինչի պիտի մարդը հայտնվի քրեակատարողական հիմնարկում», - ասաց նա:

Կարապետյանցի խոսքով՝ գործերից շատերը կարճվում են, բայց այդ մասին չի ազդարարվում այն ջանասիրությամբ, որով մարդկանց ձեռնաշղթա էին հագցրել ու բանտ տարել: Իրավապաշտպանը Գրիգորյանի մահվան ուղիղ պատասխանատու է համարում իշխանությանը. «Անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր մարդու կյանքի ու առողջության պատասխանատվությունը կրում է պետությունը»:

Չորս տարի առաջ դատական նիստի ժամանակ ուղիղ եթերում մահացավ ընդդիմադիր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Այս տարի անազատության մեջ ինքնասպան եղավ նշավանցի Արմեն Հովհաննիսյանը. նա ձերբակալվել էր Փաշինյանի կուսակցության նախընտրական պաստառը պոկելու համար: Ըստ իրավապաշտպանների՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող տղամարդուն պիտի ոչ թե ձերբակալեին, այլ ամենաշատը՝ տուգանեին:



​
XS
SM
MD
LG