Արսեն Գևորգյանի մահվան գործով մեղադրյալներ չկան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ մահացած ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով մեղադրյալներ չկան, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Կոմիտեն երեկվանից հրաժարվում է ասել, թե կոնկրետ ո՞ր հոդվածներով է քրեական վարույթ հարուցել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռևս պատրաստ չեն:

Կալանավայրում Արսեն Գևորգյանի մահից հետո Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը երեկ հայտնել էր, թե Գևորգյանի ինքազգացողությունը առավոտյան է վատացել, առաջին բուժօգնությունը ցույց է տվել բուժակը: 07:55 կանչել են շտապօգնություն: Եվ արդեն 8:30 -ին արձանագրվել է ընդդիմադիր թեկնածուի կենսաբանական մահը:

Թե ինչից է մահը վրա հասել, Քրեակատարողական վարչությունը հրաժարվում է ասել՝ նշելով, որ հարցի պատասխանը կտա փորձաքննությունը:

Ի դեպ, Քրեակատարողական ծառայությունը չի հայտնում, թե կոնկրետ որ ժամին է վատացել Գևորգյանի ինքնազգացողությունը և որքան ժամանակ հետո է շտապօգնություն կանչվել:

Հարցի պատասխանը չի տալիս նաև Քրեակատարողական բժշկության կենտրոնը, նշելով որ արդեն վարույթ է հարուցվել և այդ տեղեկությունը հանդիսանում է նախաքննական գաղտնիք:

​
XS
SM
MD
LG