Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը խաթարում համաշխարհային առևտուրը՝ նավթից և գազից անդին

Հորմուզի նեղուցով վերջերս հեղուկ գազ տեղափոխող հնդկական նավթակրի ընթացքը խանդավառ կերպով հեռարձակվում էր ուղիղ եթերում։

«Գտնվելու վայրի մասին վերջին տվյալը ստացվել է ութ րոպե առաջ։ Արագությունը՝ 12.5 հանգույց, շարժման ուղղությունը՝ 154 աստիճան։ Հնդկաստան ժամանելու կանխատեսվող ժամը՝ վաղը 21:30», - հաղորդում էր նավթակրին հետևող լրագրողներից մեկը։

Ավելի ուշ տեսանյութեր շրջանառվեցին, որոնցում երևում էր, թե ինչպես է հնդկական նավատորմը Օմանի ծոցում ուղեկցում նավթը տեղափոխող նավին։

Ուշադրությունն անառիթ չէր։ Իրանում ընթացող պատերազմն, ինչպես նաև Հորմուզի նեղուցը փաստացի փակելու՝ Թեհրանի որոշումը, խաթարել են այդ թվում՝ չվերամշակված նավթի և հեղուկ գազի մատակարարումները համաշխարհային շուկաներ։ Մի շարք այլ ապրանքատեսակների մատակարարումները նույնպես գրեթե կանգ են առել։

Անգամ եթե պատերազմն ավարտվի, շուկաները կարող են անմիջապես չկարգավորվել։ Իրանի հարվածները անասելի վնաս են պատճառել տարածաշրջանի արդյունաբերական ենթակառուցվածքներին։ Իրանը նաև պնդում է, թե «ինքնիշխան իրավունք» ունի նեղուցի նկատմամբ, Վաշինգտոնն էլ դրա վերաբացումը համարում է որպես հրադադարի նախապայման։

Հեղուկ նավթային գազ

Հորմուզի շրջափակումից ամենշատը տուժած ապրանքատեսակը հեղուկ նավթային գազն է, հայտնում է Էներգիայի միջազգային գործակալությունը։ Պրոպանի, բութանի և այլ գազերի խառնուրդն օգտագործվում է ջեռուցման համար, նաև որպես մեքենայի վառելիք, խոհանոցային սարքավորումների և սառնարանների սպառման միջոց։

Հնդկաստանում ապրանքատեսակի սակավության թեման միջազգային լրատվամիջոցների գլխագրերում է հայտնվել։ Մարդիկ ստիպված են այլընտրանքային միջոցներով, այդ թվում՝ ածուխով, փայտով և գոմաղբով սնունդ պատրաստել։ Հնդկաստանը հեղուկ գազի 90 տոկոսը ներմուծում է Միջին Արևելքից, և սակավությունը ազդում է հարյուր միլիոնավոր մարդկանց վրա։

Սակայն տուժողներ կան Հնդկաստանից անդին։

«2025-ին Չինաստանը Հորմուզի նեղուցով հեղուկ գազի երկրորդ խոշորագույն ներկրողն էր՝ զիջելով միայն Հնդկաստանին։ Այսպես Չինաստանը փորձում էր ԱՄՆ-ի հետ նախորդ տարվա առևտրային լարվածության ֆոնին դիվերսիֆիկացնել մատակարարման աղբյուրները», - «Ազատությանն» ասաց շուկայի հետազոտությամբ զբաղվող Argus կենտրոնի փորձագետ Փիթր Ուիլթոնը։

Iranian And Israeli Oil Facilities In Flames As Strikes Continue Iranian And Israeli Oil Facilities In Flames As Strikes Continue
please wait

No media source currently available

0:00 0:00:57 0:00

Ապրիլի 1-ի դրությամբ հեղուկ գազի տեղական գները 12 տարվա մեջ ամենաբարձրն են, նշեց Ուիլթոնը։ Թե՛ տնային տնտեսությունների, թե՛ նավթաքիմիական արդյունաբերության համար Չինաստանն իր հեղուկ գազի մեծ մասը ստանում է Իրանից։ Ըստ Argus-ի վերլուծության՝ հիմա, երբ շուկայում խնդիրներ են առաջացել, Չինաստանը հայտնվել է «խոցելի» վիճակում։

Միացյալ Նահանգներից և Պարսից ծոցի երկրներից բացի, հեղուկ գազ արտահանողների թվում են Կանադան, Արգենտինան և Ռուսաստանը։ Վերջինս արտահանումներն ուղղում է Կենտրոնական Ասիա՝ Եվրոպական Միության փոխարեն, որը պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ՝ Ուկրաինա ներխուժելու համար։

Պարարտանյութ

Թեպետ այժմ հիմնականում վառելիքի պակաս է նկատվում, շուտով կարող է սննդի սակավության խնդիր առաջանալ։

Պարսից ծոցի տարածաշրջանը նաև պարարտանյութերի խոշոր մատակարար է։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն արդեն իսկ ահազանգ է հնչեցրել։

«Այն երկրները, որոնք մեծապես կախված են ներմուծվող սննդամթերքից, վառելիքից և պարարտանյութերից, համաշխարհային գներից ցնցումների են ենթարկվում։ Անդրսահարյան Աֆրիկայի որոշ հատվածներում ֆերմերները կանգնած են բերքը մշակել չկարողանալու վտանգի առաջ, ինչն էլ կարող է նվազեցնել բերքատվությունը և առաջիկա ամիսներին հանգեցնել սննդամթերքի գների աճի», - ասված է Պարենի համաշխարհային ծրագրի՝ մարտի 19-ին հրապարակած զեկույցում։

«Գների անգամ չնչին աճը կարող է խոցելի ընտանիքներում ճգնաժամ հարուցել», – նշում են կազմակերպությունից՝ նախազգուշացնելով՝ նման հեռանկարը կարող է «սովի աննախադեպ մակարդակ առաջացնել»։

Ըստ ՄԱԿ-ի՝ համաշխարհային պարարտանյութերի մոտ 30 տոկոսը Հորմուզի նեղուցով է անցնում։

Ծովային հետազոտություններով զբաղվող Windward-ի տվյալները ևս մտահոգիչ են։ Նշվում է, որ Պարսից ծոցից Արևելյան Աֆրիկա պարարտանյութ տեղափոխող նավերի 86 տոկոսը դադարեցրել են գործունեությունը։

ING-ի վերլուծության համաձայն՝ «պարարտանյութերի սրընթաց աճող գների պատճառով» ցորենի և եգիպտացորենի համաշխարհային արտադրությունը կնվազի։

«Չնայած գարնանացանին ընդառաջ Հյուսիսային կիսագնդում մատակարարման մակարդակը բավարար է, երկարատև ճգնաժամը տարվա վերջում կարող է ազդել ցանքի հետ կապված որոշումների վրա։ Պարարտանյութերից կախյալ ասիական և աֆրիկյան տարածաշրջանները հատկապես խոցելի են», - նշվում է վերլուծության մեջ։

Ծծումբի համաշխարհային մատակարարումների 50 տոկոսը նույնպես Հորմուզի նեղուցով է անցնում։ Որպես նավթի և գազի մշակման արդյունքում առաջացող կողմնակի արտադրանք՝ ծծումբը ֆոսֆատային պարարտանյութերի արտադրության կարևոր բաղադրիչ է։

Մեկ այլ հատկանշական բաղադրիչ է պոտաշը՝ կալիումի կարբոնատը, որի երկրորդ խոշորագույն արտադրողը Ռուսաստանն է։ Համաշխարհային արտահանումների մեկ հինգերորդը հենց ՌԴ-ին է բաժին ընկնում, որտեղ միտված են օգտվել Հորմուզի նեղուցի փակման արդյունքում շուկայում ստեղծված հնարավորությունից։

Բելառուսն էլ երրորդ խոշորագույն արտադրողն է։ Վաշինգտոնն արդեն վերացրել է բելառուսական պոտաշի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչը, սակայն, չի սպասվում, որ սա կազդի համաշխարհային շուկաների վրա։

Ալյումին

Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում ալյումինի խոշոր ձուլարանների վրա իրանական հարվածները սրել են Հորմուզի նեղուցի փակման պատճառով արդեն իսկ խաթարված համաշխարհային մատակարարումների դրությունը։

Հասցված վնասի աստիճանը հստակ չէ։ Եթե անգամ նեղուցով տարանցումները վերադառնան նախապատերազմական մակարդակին, մատակարարման հետ կապված գոյություն ունեցող ռիսկերը մտահոգության առիթ են մնում։

«Երկարատև դադարեցումը ավելի կխորացնի արդեն իսկ սահմանափակ շուկան, քանի որ ձուլարանների վերականգնումը թանկ է, բարդ և ժամանակատար», - նշվում է ING-ի մարտի 31-ի վերլուծության մեջ։

Ալյումինը մեքենաների և փաթեթավորումների համար կարևորագույն ապրանքատեսակ է։ Միացյալ Նահանգներն իր ալյումինի մեկ հինգերորդը Պարսից ծոցից է ներմուծում։ Ծոցի երկրներն ապահովում են նյութի համաշխարհային մատակարարման 10 տոկոսը։

«Ես չէի ասի, թե այդ կորուստը կարելի է հեշտությամբ լրացնել։ Պետք է հաշվի առնել, որ համաշխարհային արտադրության կեսից ավելին Չինաստանում է, և այդ ամբողջ արտադրությունը սպառվում է Չինաստանում։ Համեմատության կարգով, Ծոցում արտադրվող ալյումինի 80 տոկոսից ավելին արտահանվում է, այսինքն՝ Ծոցի երկրները առավել կարևոր մատկարար են», - «Ազատությանն» ասաց Argus Non-Ferrous Markets-ի խմբագիր Ռոնան Մըրֆին։

Փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից ցայսօր ալյումինի գներն աճել են 11 տոկոսով, ավելացրեց Մըրֆին՝ հավելելով. «Գների այս աճը ամենաբարձրն է 2022-ի մարտից՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր»։

Հելիում

Աշխարհի հելիումի մատակարարումների գրեթե մեկ երրորդը արտահանվում է Կատարից։ Այն կարևոր տարր է կիսահաղորդիչների և ՄՌՏ սկաներների հովացման համար:

Թեև դրա գները կարող են բարձրանալ, սակայն ասիական արտադրողները հայտարարել են, որ կարճաժամկետ հեռանկարում բավարար պաշարներ ունեն։ Հարավային Կորեայի էներգետիկայի նախարար Կիմ Ջունգ-Կվանը մարտի 31-ին հայտարարել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում մատակարարումների խափանումներ չեն սպասվում։ Թայվանից նույնանման հայտարարություն են տարածել։

Սակայն, հելիումին առնչվող խնդիրը կարող է երկարաժամկետ լինել։ Կատարում բնական գազի ենթակառուցվածքներին Իրանի հասցրած վնասների հետևանքների վերացումը կարող է մինչև հինգ տարի տևել, հայտնում են Կատարի իշխանությունները։ Երկրի բնական գազի ենթակառուցվածքները նաև հելիումի արտադրության համար են օգտագործվում։

Հելիում արտադրում են նաև Միացյալ Նահանգները՝ աշխարհի խոշորագույն արտադրողը, ինչպես նաև Ալժիրը և Ռուսաստանը, որոնց արտահանումը տուժել է ԱՄՆ-ի և Եվրոպական Միության պատժամիջոցներից։

Սրանք Պարսից ծոցից աշխարհի շուկաներ մատակարարվող ապրանքատեսակներից մի քանիսն են միայն։ Այլ ապրանքատեսակներից են՝ նավթաքիմիական արդյունաբերության մեջ օգտագործվող վերամշակված նավթամթերքը, ռեակտիվ վառելիքը և երկաթաքարի գնդիկները։

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG