Նախկին պատգամավոր, ընդդիմադիր Միհրան Հակոբյանի վրա հարձակված տղամարդիկ ձերբակալվելուց անմիջապես հետո ազատ են արձակվել: Հակոբյանին մարմնական վնասվածք պատճառած մարդկանց կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է:
«Օրը ցերեկով, բորենու նման մարդու վրա կարող են հարձակվել նախօրոք պլանավորված ու դրանից հետո իրենց հետ ոչ մի բան չի լինի», - ասում է Միհրան Հակոբյանը:
Մեկ շաբաթ առաջ հանրային տարածքում «Դալմա մոլի» հարևանությամբ մի խումբ դիմակավորված մարդիկ հարձակվել էին իշխանությանը կոշտ քննադատող Հակոբյանի վրա ու նրան ծեծել: Գլխին էին հարվածել ու քիթը կոտրել: Հակոբյանի խոսքով. - «Ոչ մի տեսակի անձնական թշնամի, նույնիսկ վեճ, նույնիսկ հակասություն որևիցե մեկի հետ չունեմ»:
Քննչականը հայտարարում է, որ բացահայտել է բռնարարների ինքությունը: Հինգ հոգու մեղադրանք են առաջադրել, միայն նրանց անվան առաջին տառերն են նշել: Երեքը մեղադրվում են առողջությանը թեթև վնաս պատճառելու համար, երկուսն էլ բռնությանն օժանդակելու: Ըստ Քննչականի՝ բռնությունը նախապես են պլանավորել ու իրականացնելու համար մեքենա, կեղծ համարանիշ են ձեռք բերել, հետապնդել են Հակոբյանին ու հարձակվել:
«Եվ այս ամեն ինչն իմ արտահայտվելու, իմ քաղաքական, հանրային կեցվածքի, դիրքորոշման համար է կազմակերպված ակնհայտորեն և դրա ապացույցն էլ այն է, որ հարձակվողներին իրավապահ համակարգը ձերբակալում է շատ արագ, բայց նույն արագությամբ, ինչ ձերբակալվել էին, նույն արագությամբ էլ ազատ են արձակվում», - ընդգծում է ընդդիմադիր գործիչը:
Ովքեր են բռնություն գործադրողները, ինչու են իրեն թիրախավորել: Քննչականում Հակոբյանին նրանց լուսանկարներն են ցույց տվել, անուններն էլ են ասել, բայց, ասում է, չի ճանաչում: Պնդում է՝ իր ընդդիմադիր գրառումների ու ելույթների համար է թիրախավորվել, իշխանությանն է մեղադրում:
«Եթե այս ամեն ինչից պետք է ճնշվեմ, վախենամ, տարբերակը ո՞րն է, վերցնեմ իմ իրերը այս երկրից գնա՞մ, որը չեմ պատրաստվում», - շեշտեց Միհրան Հակոբյանը:
Վարչապետն այս դեպքից մեկ օր անց անանուն գրառում արեց ու դատապարտեց բռնությունը. «Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի», - գրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի անկեղծությանը չի հավատում Հակոբյանը: «Եթե այդքան բռնությանը դեմ է, ինչո՞ւ են ազատության մեջ մեղադրյալները, երբ կարծիք հայտնելու համար ԱԱԾ մեկուսարաններում են հոգևորականներն ու գործարար Կարապետյանը», շեշտում է Միհրան Հակոբյանը:
«Մեկը կալանքի տակ է խոսքի համար, մեկը անհասականլի է՝ ինչի համար, և նրանք հարգարժան մարդիկ են, որոնք կալանավորվելու... ուղղակի աբսուրդի ժանրից է սա: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ դիկտատուրայի գնացող մի համակարգի հետ, որը նման կերպ է իրեն պահում», - հայտարարում է ընդդիմադիր գործիչը:
Իսկ ինչ կասի մամուլում շրջանառվող այն վարկածի մասին, որ իր ծեծը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պատվերով է: Հակոբյանը դեպքից օրեր առաջ մի գրառում էր արել ԱԱԾ տնօրենի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ինտիմ կապի մասին, ավելի ճիշտ հարցադրում ու րոպեներ հետո ջնջել: Լուրեր շրջանառվեցին, թե հենց այս գրառման պատճառով է հաշվեհարդարը եղել: Հակոբյանը խոստովանում է, որ գրել, ջնջել է, բայց թե ով է իրական պատվիրատուն, կարծում է՝ Քննչականը պետք է պարզի:
Միհրան Հակոբյանը պատմեց. - «Շատ կարճ ժամանակ հետո դա հեռացրել եմ, որովհետև ընկերներս զանգահարել են ինձ և հորդորել են դա հեռացնեմ: Մի բանի համար, որ այդ բառապաշարով, որով արտահայտվում է երկրի վարչապետը, ինձ չի սազում: Ինձ բառացի ասել են իմ ընկերները, խորհուրդ են տվել, ասել են՝ մի իջի Նիկոլի մակարդակի, հանի այդ գրառումը, ես էլ հանել եմ»:
Բռնության շարժառիթի մասին Քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնում, ոչ էլ հանցագործության համար մեղադրվողների անուններն են ասում: Չորս տարի առաջ էլ Միհրան Հակոբյանի տան բակում՝ իր մեքենայի տակ նռնակ պայթեց, քրեական գործ հարուցվեց, բայց դեպքը այդպես էլ չբացահայտվեց: