Մատչելիության հղումներ

Դիմակավորված անձինք հանրային վայրում հարձակվել են ընդդիմադիր գործչի վրա


Ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյան, լուսանկարը՝ Ֆեյսբուքից
Ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյան, լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Մի խումբ դիմակավորված տղամարդիկ այսօր հարձակվել են նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի վրա ու ծեծել նրան: Դեպքը տեղի է ունեցել կեսօրին ու հանրային վայրում՝ «Դալմա մոլ»-ի ետնամասում:

«Քթի կոտրվածք է ստացել և նաև հարվածներ գլխին, որի հետևանքները այս պահին չգիտենք», - փոխանցեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Միհրան Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Հարվածել են հիմնականում դեմքին, քիթն է կոտրվել, լրագրողներին պատմեց Ռուբեն Մելիքյանը: Ըստ նրա՝ հարձակվել են թիկունքից: Միհրան Հակոբյանն իր հետ կատարվածի մասին առայժմ չի խոսում:

«Միհրան Հակոբյանին բժիշկները ցուցում տվեցին մնալ հիվանդանոցում՝ ստացիոնար, գոնե մեկ օր», - ասաց իրավապաշտպանը:

Միհրան Հակոբյանը «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր է, Փաշինյանի իշխանության քննադատներից, հիմնականում Ֆեյսբուքում է գրառումներ անում ներքին ու արտաքին քաղաքականության մասին: Մայր Աթոռի դեմ Փաշինյանի արշավին էլ է անդրադառնում: Բռնության ենթարկված Հակոբյանի վերջին գրառումը վարչապետի հայտարարության մասին է, թե եկեղեցին պետությունն է ստեղծել 301 թվականին, ու Հայաստանի օրհներգը պետք է հնչի պատարագներից առաջ:

«Սա, նույնիսկ, անգրագիտության դրսևորում չէ: Սա պարզունակ խեղկատակություն է, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Հիսուս Քրիստոսի աշակերտները՝ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, իսկ 301-ին հայ Արշակունի արքայատոհմը քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն:

Սա նաև պատեհապաշտության վառ դրսևորում է, որովհետև ՀՀ անկախության հռչակագիրը, Արցախը, Ցեղասպանությունն ու Հայոց պատմությունն ուրացողը մի օր, փաստացի, որոշել է Հայաստանի Հանրապետությունը հռչակել Մեծ Հայքի թագավորության իրավահաջորդ: Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում… », - գրել է ընդդիմադիր գործիչը:

Ո՞րն է Միհրան Հակոբյանի վարկածը, ինչո՞ւ են դիմակավորված տղամարդիկ օրը ցերեկով հանրային վայրում հարձակվել իր վրա: Քաղաքական մոտիվներ տեսնո՞ւմ է, կասկածներ ունի՞, որ իշխանություններն են պատժում իրենց ընդդիմախոսին: Հակոբյանն այս հարցերին դեռ չի անդրադարձել, իրավապաշտպան Մելիքյանը բացի նրա հանրային գործունեությունից ուրիշ պատճառ չի նշում:

«Ես չեմ հարցրել՝ «ո՞ւմ ես կասկածում», որովհետև դե ակնհայտ է, որ եթե մարդը հրապարակային ընդդիմադիր գործունեություն է իրականացնում, էն էլ՝ մի անգամ 2021 թվականին, էսպես, նռնակ են նետած եղել, որ որևէ մեկը չի բացահայտվել, պարզ է, որ ցանկացած ողջամիտ մարդ կկասկածի, որ դա իշխանական որևէ թևի հետ, իշխանությունների հետ որևէ կերպ կապ ունեցող մարդկանց մասին է խոսքը, դա ակնհայտ է: Այլ որևէ պատճառ պարզապես լինել չի կարող: Այսինքն՝ մարդը ոչ զբաղվում է բիզնեսով, ոչ ինչ-որ անձնական խնդիրներ ունի, ոչ ինչ-որ պարտքեր ունի, ոչ ինչ-որ բան ունի, ուրիշ ի՞նչ կարող է լինել», - նշեց Ռուբեն Մելիքյանը:

Ավելի ուշ «Հրապարակ» թերթը, հղում անելով տելեգրամյան մի անհայտ ալիքի, գրեց, թե Հակոբյանը գրառում է արել «Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ինտիմ հարաբերությունների» մասին ու հետո ջնջել: Ենթադրել են՝ այս գրառման պատճառով հաշվեհարդար են տեսել: Հակոբյանի էջում այդպիսի գրառում չգտանք: Այս լուրերին նախկին պատգամավորը չի անդրադարձել, ԱԱԾ-ից ու Գլխավոր դատախազությունից էլ դեռ չեն արձագանքել:

Բռնության դեպքով քրեական գործ դեռ չկա, բայց անհրաժեշտ գործընթացները ոստիկանները սկսել են, հիվանդանոց են այցելել, լսել Միհրան Հակոբյանին, հայտնեց Ռուբեն Մելիքյանը:

«Պետությունը, իրավապահ մարմինները շատ լավ հնարավորություն ունեն այս դեպքը արագ, օպերատիվ բացահայտելու, և, ի դեպ, ասեմ՝ հիմա օպերատիվ էստեղ են, զբաղվում են: Մանրամասները, իհարկե, ճիշտ չեմ համարում ասելը, բայց ակնհայտ է, որ մարդիկ իրենց գործն են անում՝ մի քանի ոստիկանության աշխատողներով, քննիչներ դեռ էստեղ չկան, որովհետև առաջնայինը, էսպես ասած, տաք հետքերով ոստիկանության գործառույթն է: Թող բացահայտեն, բոլորս էլ հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել», - ընդգծեց իրավապաշտպանը:

Չորս տարի առաջ էլ Հակոբյանի տան բակում մեքենայի տակ նռնակ էր պայթել, նախկին պատգամավորը սա մեկնաբանել էր որպես իրեն վախեցնելու, լռեցնելու փորձ: Թեև դեպքի վայր ժամանած ոստիկաններն արձանագրել են, որ մարտական նռնակ է պայթել, բայց որևէ մեկը չի պատժվել: Իրավապաշտպան Մելիքյանը, հիշեցնելով այս դեպքը, շեշտեց՝ եթե սա պատշաճ ընթացք ստանար ու բացահայտվեր, այսօրվա բռնությունը չէր լինի:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG