Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից, այժմ կոշտ քննադատ Էդմոն Մարուքյանն այսօրվա քարոզարշավն անցկացրեց Կենտրոնական բանկի առջև: Մեղադրեց, թե Հայաստանի գլխավոր ֆինանսական կառույցը ստեղծել է մարդկանց թալանելու միջավայր:
«Էս համակարգը պետք է քանդել։ Մենք բացարձակապես դեմ չենք, որ Հայաստանում բանկային համակարգը կայացած լինի, խոսքը դրա մասին չի։ Մենք դեմ ենք, որ աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթ ստանան»,- Մարուքյանն իր պնդումը հիմնավորում էր վարկերի տոկոսադրույքներով, որոնք բարձր են եվրոպական երկրներից: Ասում էր՝ չնայած կենտրոնական բանկը մասնավորներին մատչելի պայմաններով դրամական միջոցներ է տալիս, քաղաքացիներին, միևնույն է, բանկերը մի քանի անգամ բարձր տոկոսներով են վարկ տալիս: Միջին տոկոսադրույքը Հայաստանում այժմ 16 է:
Կենտրոնական բանկն ավելի վաղ ասել էր, թե վարկերի առավելագույն շեմ չի սահմանում, քանի որ դա գուցե իրավիճակն ավելի վատթարացնի: Օրինակ՝ ցածր տոկոսադրույքների դեպքում մարդիկ կարող են ավելի մեծ պարտքերի տակ ընկնել: Այս պատասխանը Մարուքյանի զայրույթն է առաջացրել.
«Այսինքն՝ Կենտրոնական բանկն ասում է, որ եթե տոկոսներն իջնի, սիրելի ժողովուրդ, դուք կարող է շատ պարտք անեք, ու ընկնեք պարտքի տակ, դրա համար Հայաստանում տոկոսները պետք է սարսափելի բարձր լինեն, որ առևտրային բանկերը միլիարդներ աշխատեն, և դուք էլ, ժողովուրդ ջան, տոկոսների տակ տառապեք և չկարողանաք դրա տակից դուրս գալ»,- ասաց «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը:
Ամեն օր պետական մի կառույցի առջև քարոզարշավ անող «Լուսավորն» այսօր ընտրողներին խոստանում էր նվազեցնել վարկերի տոկոսադրույքները, սահմանափակել պետական ֆինանսական կառույցների աշխատողների մուտքը մասնավոր բանկեր: Մարուքյանն անդրադարձավ նաև բանկային խարդախություններին, երբ, օգտագործելով քաղաքացու տվյալները, վարկեր են ձևակերպվում:
Մարուքյանն ասում է.- «Մարդիկ հիմա տառապում են էդ վարկի տակ, որը իրանք չեն վերցրել: Եվ չկա պետություն, չկա կառավարություն, և նաև չկա ազգային բանկ, որ կմտածի էդ մարդկանց մասին։ Բոլորը մտածում են միայն հարստանալու մասին և հարուստների մասին»:
«Հեղափոխությամբ իշխանության եկած թիմը վերածվել է կորպորատիվ շահի պաշտպանի, Փաշինյանենք լավ էլ գիտեն, թե ինչ խնդիրներ կան այս համակարգում», կենտրոնական բանկի դիմաց հայտարարում էր վարչապետի կաբինետում 2022-2024 թվականներին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մարուքյանն ու վստահեցնում՝ այս անգամ էլ չի միանա Փաշինյանի թիմին:
«Լավ խոստմանը աջակցություն է եղել, հիմա պարզվել է, որ այս, այս հանգամանքներում մարդիկ խաբվել են։ Այդ թվում՝ ես»,- ասաց «Լուսավորի» առաջնորդը:
Մարուքյանն այսօր արձագանքում էր վարչապետի աշխատակազմի ղեկավարին, որ պնդել էր, թե այս ընտրություններից հետո էլ «Լուսավորի» ղեկավարը փորձելու է իրենց դռներն ընկնել՝ «ապաստան» գտնելու համար:
«Ոչ մեկ իրենցից երբեք պաշտոն չի խնդրել, հեղափոխությանը, այո, աջակցել ենք, հեղափոխության ժամանակ խոստումներ են տրվել, որ ժողովրդի շահերը կպաշտպանվի, ժողովրդի համար վարկային բեռը կնվազեցվի, էդ խոստումը դրժել են»,- արձագանքեց Մարուքյանը:
Իշխանությունների հետ այլևս նույն ճանապարհն անցնել չցանկացող Մարուքյանն, իր հերթին, ընտրողներին խոստանում է նաև ընտրվելու դեպքում Ադրբեջանի հետ հարաբերություններում հայանպաստ որոշումներ կայացնել: Ասաց՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տարբերակում որոշ դրույթներ իրենք կփոփոխեն:
Մարուքյանի խոսքով.- «Հայաստան-Ադրբեջան հարակից սահմանային շրջաններում 3-րդ ուժերի բացառման սկզբունքը։ 2-րդ-ը՝ Հայաստանը չպետք է մտնի մի այնպիսի պարտավորության տակ, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունը քրեական գործեր հարուցի վերջին 30 տարվա ընթացքում պատերազմների մասնակից մարդկանց գործունեության վրա և սկսի նախաքննություններ իրականացնել։ 3-րդ-ը՝ էդ փաստաթուղթը ես կյանքում չեմ ստորագրի, եթե դրա տակ չլինի քարտեզ, որով Ադրբեջանը մեզ ճանաչում է։ Էս իշխանությունն առանց քարտեզի դա ստորագրել է»:
Իսկ թե ինչպես են այս նպատակներին հասնելու, եթե Բաքուն չհամաձայնի, «Լուսավոր Հայաստանի» ղեկավարն ասում է՝ ինքը կբանակցի Ալիևի հետ:
Մարուքյանը 2021 թվականի ընտրություններից ինն ամիս անց նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան ու Փաշինյանի հետ շարունակեց աշխատել նաև Արցախի հայաթափման օրերին: Նա ազատման դիմում գրեց 2024-ի մարտին՝ «մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ անհամաձայնությունների պատճառով», մեկնաբանել էր Մարուքյանը: