Էկոնոմիկայի նախարարը վիճակագրության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունն այս շաբաթ արեց՝ պնդելով, թե միայն աղքատ մարդիկ վարկային բեռ չունեն Հայաստանում:
Իրականությունն ուղիղ հակառակն է՝ Հայաստանում վարկերի ու պարտքերի բեռը հատկապես ծանր է ցածր եկամուտ ունեցողների համար, որոնց աջակցելու համար կառավարությունը 2025-ին նոր ծրագիր նախաձեռնեց:
Թվերը խոսուն են. անցած հոկտեմբերին Կենտրոնական բանկի տվյալներով՝ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց թիվը 335 հազարի է հասել` 673 միլիարդ դրամի կամ շուրջ 1.8 միլիարդ դոլարի վարկային բեռով: 335 հազար անձինք միջինն ավելի քան 5 հազար դոլար պարտք ունեն, որը մարել չեն կարողանում:
Այս մարդիկ ամենևին էլ հարուստները չեն, մեկի աշխատավարձը չի հերիքում, մեկը վարկ վերցնելուց հետո աշխատանքն է կորցրել, մեկ ուրիշը իր եկամուտներին ոչ համապատասխան մեծ վարկ է վերցրել. պատճառները կարելի է երկար թվարկել:
Հուվարի 31-ի դրությամբ տնային տնտեսություններին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը 10 միլիարդ դոլարի է հասել. անհուսալի վարկերի կշիռն ընդհանուրի մեջ 18 տոկոսի է հասնում: Մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ պարտքերը փակել ոչ թե հարուստների, այլ ցածր եկամուտ ունեցողների մոտ չի ստացվում:
Էկոնոմիկայի նախարարի այդ խոսքերը պարտքի վերաբերյալ նրա առաջին խնդրահարույց հայտարարությունը չէ. մեկ տարի առաջ էլ նա պետական պարտքի մասին կիսատ տվյալներ էր ներկայացրել. «Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է»:
Այդ տեսանյութում Գևորգ Պապոյանը չէր հիշատակել էլ ավելի մեծ ներքին պարտքը: Էկոնոմիկայի նախարարն անտեսե՞լ, ստորադասե՞լ, թե՞ պակաս կարևոր էր համարել ներքին աղբյուրներից ստացած պարտքը: Պապոյանը տնտեսագետների ու լրագրողների բարձրացրած աղմուկին այդ շրջանում չարձագանքեց:
Մեկ տարի անց պետական պարտքը գերազանցում է 14 միլիարդ դոլարը. մեծ մասը՝ մոտ 7.4 միլիարդը հենց ներքին պարտքն է, որի սպասարկումը շատ ավելի թանկ է, քան արտաքին աղբյուրներից վերցրած վարկերի տոկոսադրույքը:
Ի դեպ, վարկեր չունենալու մասին Պապոյանն անցած շաբաթ խոսեց հենց պետական պարտքի վերաբերյալ խորհրդարանական կարճ քննարկումից հետո: Ֆինանսների նախարարը խորհուրդ տվեց ոչ թե զուտ պարտքի չափին ուշադրություն դարձնել, այլ այն սպասարկելու ծախսերին:
Հետևելով նախարարի խորհրդին՝ կարող ենք ուսումնասիրել պետական բյուջեն ու պարզել, որ միայն այս տարի պետական պարտքը սպասարկելու համար մոտ 420 միլիարդ դրամ՝ ավելի քան 1.1 միլիարդ դոլար են ծախսելու: Սա Հայաստանի ամբողջ պետական բյուջեի 11.5 տոկոսն է: Պարտքերը սպասարկելու համար կառավարությունն ավելին կծախսի, քան մի ամբողջ տարվա ընթացքում կհատկացնի Առողջապահության նախարարությանը կամ կրթության ֆինանսավորմանը: Ըստ 2026-2028 թվականների ծախսային ծրագրի՝ սպասարկումը հաջորդ տարիներին ավելի կթանկանա և 2028-ին կմոտենա 1.4 միլիարդ դոլարին: