Մատչելիության հղումներ

«Թարախ», «Սողալու համար ծնվածները ազատ թռչել չեն կարող». Մարուքյանի և Հարությունյանի առճակատումը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի նախընտրական քննադատությունները զայրացրել են վարչապետի աշխատակազմի ղեկավարին: Արայիկ Հարությունյանը կոշտ բառապաշարով հիշել է, որ նախորդ ընտրություններից հետո ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը պաշտոն է ստացել այդ նույն իշխանության ձեռքից ու ֆեյսբուքյան գրառմամբ զգուշացնում է՝ նույնը չի կրկնվի այս ընտրություններից հետո:

«Նայում եմ Էդմոն Մարուքյանի «քարոզարշավը»: Ուզում եմ իրեն տեղեկացնել, որ ոնց որ նախորդ խորհրդարանական ընտրությունից հետո էր, հունիսի ութից շարունակելու է քարշ գալ իշխանության ներկայացուցիչների դռների մոտ իր և իր թիմակիցների համար «ապաստան» գտնելու համար: Բայց 2021-ն իր համար չի կրկնվելու: Սողալու համար ծնվածները ազատ թռչել չեն կարող»,- գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Էդմոն Մարուքյանը 2021 թվականի ընտրություններից ինը ամիս անց նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան ու Փաշինյանի հետ շարունակեց աշխատել նաև Արցախի հայաթափման օրերին: Նա ազատման դիմում գրեց 2024-ի մարտին՝ «մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ անհամաձայնությունների պատճառով», մեկնաբանել էր Մարուքյանը:

«Ուզում եմ արձագանքեմ՝ կառավարությունում մի հատ թարախապալար կա։ Ուշադիր լսի, ինչ եմ քեզ ասում։ Դու՝ քո սաղ կյանքով, քո ապրած, անցած ճանապարհով, եթե կարելի է դա անցած ճանապարհ ասել, քեզանից ոչ մի բան չես ներկայացնում։ Արա, այ անընկեր մարդ, էդ շենքում մեկը չկա, որ քեզանից չզզվի, էդ հո ես տեսել եմ, գիտեմ, ու դու էդ ի՞նչ վիրավորանքներ ես գրում, արա»,- պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը։

Էդմոն Մարուքյանը Արայիկ Հարությունյանի մասին է խոսել, բայց նրա գրառման բուն բովանդակությանը, թե իշխանությունների դռների մոտ ապաստան է փնտրել իր ու թիմակիցների համար, սրան չի անդրադարձել.

«Հիշի էս օրը, գալու ենք շլնքիցդ բռնելու ենք, դուրս շպրտենք էդտեղից»,- ասաց Մարուքյանը։

Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից առաջ էլ Էդմոն Մարուքյանը Փաշինյանին չէր խնայում, պատերազմում պարտության համար նրան էր մեղադրում: Թե երբեմնի թիմակցի նախընտրական որ քննադատությունն է բարկացրել Արայիկ Հարությունյանին, նա այդ մասին ոչինչ չի նշել: Նախընտրական այս առճակատումը, ըստ Մարուքյանի, սրվեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ բանավեճից հետո:

«ԴԱՀԿ-ի մոտ տեղի ունեցած մեր հայտարարությունը, նախարարի հետ բանավեճը ոնց որ շատ մեծ ցավ է պատճառել իշխանություններին»,- նշում է Մարուքյանը։ Նա նախօրեին Հարկադիր ծառայության մոտ հանդիպել էր ՔՊ-ական Սրբուհի Գալյանին:

Ընդդիմադիր Մարուքյանը դժգոհում էր Հարկադիր ծառայության անփույթ աշխատանքից, թե մարդկանց հաշիվների վրա կալանք դնելիս օպերատիվ են գործում, բայց պարտավորությունները կատարելուց հետո Հարկադիրը այդ սանկցիան չի վերացնում:

ՔՊ-ական Սրբուհի Գալյանի ու ընդդիմադիր Մարուքյանի բանավեճը Հարկադիրից ծավալվեց մինչև վերջին աղմկարահույց՝ մանկապղծության դեպքը, որ լրագրողի հետևողական աշխատանքի արդյուքնում ընթացք ստացավ:

Սրբուհի Գալյան.- «Իմ ու իմ երեխայի իրավուքները պաշտպանված են այն երկրում, որտեղ կա իրավակարգ, և այդ իրավակարգը պաշտպանված է։

Էդմոն Մարուքյան.- «Տիկին նախարար, նոր է մանկապղծության դեպքը բացահայտվել այս երկրում, որը կոծկվում էր, երեխայի իրավունքներից ո՞նց է նախարարը խոսում, լրագրող Սյուզի Բադոյանն էդքան չպայքարեր, չէր բացահայտվելու, մարդկանց չէին աշխատանքից ազատելու, պաշտոնանկ անելու»։

Սրբուհի Գալյան.- «Իրենց կողմից խնդրի բարձրաձայնումն արագացրեց գործի քննման ընթացքը»։

Ընդդիմադիր Մարուքյանն ու ՔՊ-ական նախարարը բաժանվեցին խաղաղ, առանց միջադեպի։

«Լուսավոր Հայաստանը» այս ընտրություններին մասնակցում է «Պաշտպանիր ինքությունդ» կարգախոսով: Համարում են, որ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային ինքնությանը վտանգ է սպառնում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG