Մատչելիության հղումներ

Բանտային սպասքով բողոքի ակցիա. ընդդիմադիրները դժգոհում էին Եվրոպայի լռությունից

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր բողոքի ակցիայի էր եկել բանտից իր հետ բերած երկաթե սպասքով:

«Այդ պարագաներն ինձ մոտ խորհրդանշում են սրբազաններին, լրագրողներին, մեր քաղաքացիներին, տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց»,- երկաթե բաժակն ու ափսեն Աշոտյանի մեկնաբանմամբ՝ խորհրդանշում են Հայաստանի բանտերում պահվող մարդկանց, որ ազատությունից զրկվել են քաղաքական հայացքների համար:

Ընդդիմադիրներն իրենց բողոքի ակցիան էին շարունակում նախագահականում՝ Հայաստան- Եվրամիություն առաջին գագաթնաժողովին զուգահեռ:

«Ազատություն հայ գերիներին, ազատություն քաղբանտարկյալներին, արդարադատություն». եվրոպացի պաշտոնյաներին էր դիմում նախագահականի դիմացի մայթից Արմեն Աշոտյանը՝ իրար խփելով երկաթե բաժակն ու ափսեն:

Ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքական գործիչները երեկվանից բողոքի ակցիաներ են անում, դժգոհում Եվրոպայի լռությունից, եվրոպացիներին ուղերձներ հղում, թե «Հայաստանի իշխանությունները հակաժողովրդավարական քայլերի են դիմում»:

«Բարով եք եկել Հայաստան, մի երկիր, որտեղ կա հիսունից ավելի քաղբանտարկյալ, որտեղ իշխանություն կոչեցյալներն ասպատակում են, հարձակվում են, պայքարում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ»,- բողոքի ակցիայի ժամանակ ասաց ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը։

Հայաստանի իշխանությունները հերքում են քաղաքական հետապնդումների մասին մեղադրանքները:

Նախագահականի մայթերը հսկող բազմաթիվ ոստիկանները թույլ չտվեցին, որ ցուցարարները նախագահականի դիմացի մայթին անգամ պաստառները պարզեն:

«Կարծում եմ՝ բոլորը ֆիքսեցին, թե ինչպես է մեր հարգարժան ոստիկանությունը ստիպված կատարում Նիկոլ Փաշինյանի խայտառակ ապազգային ռեժիմի հրահանգները և խոչընդոտում դեմոկրատական իրավունքների իրագործմանը, լուռ ակցիային, որովհետև այս կոչերն ավելի վտանգավոր են իրենց համար, քան գուցե հազար հոգի որ այստեղ հավաքված լիներ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Ընդդիմադիրներն ակցիան շարունակեցին սիրահարների այգում՝ Բաղրամյան փողոցի վանդակաճաղերի հետևից:

Ակցիային մասնակցում էր նաև արցախցի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Եվրոպացի պաշտոնյաներին քննադատեց, որ Բաքվի բանտերում հայ գերիների վերադարձից չեն խոսում: Եթե ժողովրդավարությամբ են առաջնորդվում ու ոչ երկակի ստանդարտներով, թող օգնեն բռնի տեղահանված արցախցիներին իրենց տներ վերադառնալ:

«Ես՝ որպես Արցախից բռնի տեղահանված, կոչ եմ անում ձեզ պաշտպանել մեր իրավունքները, օգնել, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ մեր տներ»,- ասում էր արցախցի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները նախագահականից հեռացան ընդդիմադիրների՝ ազատություն, արդարադատություն վանկարկումների ներքո:

Երևանում անցկացված երկու գագաթնաժողովների ընթացքում գերիների կամ տեղահանված արցախցիների վերադարձի հարցերին անդրադարձ չեղավ, փոխարենը օրերս Եվրոպական խորհրդարանը պարտադիր ուժ չունեցող բանաձև էր ընդունել, որտեղ վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության ու մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև նրանց վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Բանաձևով եվրոպացի պատգամավորները նաև կոչ էին արել ազատ արձակել հայ գերիներին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG