Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում շրջանառվում է Արտաքին ծառայության ակտում փոփոխության նախագիծ, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին: Ինչպես հաղորդում է ՀՅԴ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, նախաձեռնությունը գլխավորում է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, դեմոկրատ Բրեդ Շերմանը, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստի աջակցությամբ այն անցել է բոլոր ընթացակարգերը հանձնաժողովում քվեարկության դրվելու համար:
Շերմանը գործելու կոչ է արել հանձնաժողովին՝ մատնանշելով ադրբեջանական գերության մեջ գտնվողների նկատմամբ փաստագրված վատ վերաբերմունքը և ռազմի դաշտում հայ գերիների մահապատիժները, որոնցից մի քանիսը տեսագրված են:
«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների փաստագրված մահապատիժները, որոնք սահմռկեցուցիչ ձևով տեսագրվել են և տարածվել սոցիալական մեդիայում, ինչը հավաստել է Human Rights Watch-ը, կենսական է, որ Միացյալ Նահանգները հստակորեն հանդես գա հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակման օգտին», - հայտարարել է դեմոկրատ կոնգրեսականը:
Շերմանը նաև ընդգծել է, որ գերիների ազատ արձակումն ուղղակիորեն համահունչ է Հարավային Կովկասում խաղաղության նախագահ Թրամփի ջանքերին և կարող է դառնալ նշանակալի քայլ առաջ խաղաղության հասնելու ճանապարհին:
Հանձնաժողովի նախագահ Մաստը որոշ փոփոխություններից հետո իր աջակցությունն է հայտնել օրինագծին:
Հանձնաժողովի հավանությանն արժանանալու դեպքում նախագիծը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է նախաձեռնությունը:
Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։