Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր սկսվել է առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանականա APA գործակալության փոխանցմամբ՝ գործը քննում է դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ գործող կազմը։
Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ մեղադրանքներով։
Ռուբեն Վարդանյանը, որի գործն առանձին վարույթով է քննվել, հրաժարվել է բողոքարկել դատական ակտը։ Հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանույշ Սահակյանն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ Վարդանյանը չի ցանկանում ձևականորեն ներգրավվել այդ գործընթացի մեջ՝ համարելով այն ֆարս։
Փաստաբանները պատրաստվում են հայ գերիների իրավունքների խախտումների հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սահակյանի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է, որ Բաքուն տրամադրի դատավճիռների ամբողջական տեքստերը, ոչ թե միայն դրանց քաղվածքները։