Մատչելիության հղումներ

ԵՄ-ՌԴ ընտրության պատճառով Հայաստանը մեկ այլ ուժից է կախված լինելու՝ դառնալով վիլայեթ, պնդում է Ռուբեն Վարդանյանը

Արցախի  նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, արխիվ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, արխիվ

Արդեն երեք տարի իր ծննդյան օրը Բաքվի բանտում անցկացնող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել՝ պնդելով, թե Եվրամիություն-Ռուսաստան ընտրության ու բանավեճի պատճառով Հայաստանը մեկ այլ ուժից է կախված լինելու՝ դառնալով «վիլայեթ»:

«Ե՛վ տնտեսական, և՛ նյութական, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով և ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է նպատակը, որ արդեն հիմա առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների կենթարկվեն քայլ առ քայլ, և եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում եմ ասել, որ մենք բոլորս պիտի հասկանանք՝ եթե մենք ոչ մի բան չանենք, դա իրականացվելու է շատ արագ», - հայտարարում է Վարդանյանը իր ուղերձում:

Թե ինչպես է Հայաստանը «վիլայեթ դառնալու», Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Վարդանյանի ուղերձից պարզ չէ: Արդյո՞ք նա զգուշացնում է արտաքին առևտրում Թուրքիայի ու Ադրբեջանի մասնաբաժնի զգալի ավելացման մասին, թե՞ կարծում է, որ թուրքական ներդրումները Հայաստանում գերակշիռ կդառնան, յոթ րոպեանոց ուղերձում Ռուսաստանում բիզնես հաջողությունների հասած, ապա քաղաքացիությունից հրաժարված ու Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը չի հիմնավորում:

Օրինակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտուրը տասնամյակներից հետո վերսկսվեց անցած տարեվերջին, ու թեև այն դեռևս միակողմանի է, և միայն Հայաստանն է Ադրբեջանից ապրանք՝ մասնավորապես վառելիք ներկրում, դրա ծավալները Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի մեջ չնչին են: Իսկ Թուրքիան, ըստ էության, նախորդ տասնամյակների ընթացքում որևէ օրենսդրական արգելք չի ունեցել Հայաստան ապրանք արտահանելու կամ այստեղ ներդրումներ կատարելու համար: Դեռ մինչ 2018-ի իշխանափոխությունը Հայաստանը Թուրքիայից տարեկան ավելի քան 200 միլիոն դոլարի ապրանք էր ներկրում:

«Եվ դա շատ մեծ վտանգ է, որ եթե չփոխենք մեր պահելաձևը, մեզ սպասում է ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպական միություն, այլ Թուրքիայի վիլայեթ դառնալը», - պնդում է Վարդանյանը:

Ավելի քան 3.5 տարի ազատությունից ու հարազատներին տեսնելուց զրկված ու Բաքվի իրավական համակարգի ապօրինությունների մասին շարունակ ահազանգող Ռուբեն Վարդանյանը մայիսի 28-ին Առաջին Հանրապետության օրվա առթիվ ռազմական շքերթի անցկացումը, երբ հայ զինվորականները Բաքվի բանտերում են և զրկված են նույնիսկ ամենատարրական մարդկային կարիքներից՝ հարազատներից գեթ մեկ նկար, նամակ կամ հագուստ ստանալու հնարավորությունից, «անբարոյականություն» է համարում.

«Դա անբարոյական է, այս վիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ, դուք անեք շքերթ, և դա ոչ մի ձև չի թողնում ինձ հանգիստ... Ուրիշ բան է, երբ դա որևէ ձևով չի կազմակերպված Հայաստանի կողմից, գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչ մի բան, որ էդ մարդիկ գոնե զգան, որ իրենց թիկունքում կանգնած է պետությունը»:

Շաբաթներ առաջ էլ Վարդանյանը Հայաստանի ՄԻՊ-ին էր դիմել՝ խնդրելով այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու ապահովել հարազատների հետ տեսակցությունները: Դիմումը դրական արձագանք չստացավ: Անահիտ Մանասյանը պատասխանեց, թե ինքը միայն Հայաստանում լիազորություններ ունի:

Իշխանություններն, իրենց հերթին, վստահեցնում են՝ Բաքվում պահվող 19 հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ամեն օր են աշխատում, և քանի դեռ կոնկրետ արդյունք չկա, այդ մասին չեն բարձրաձայնում:

Վարդանյանը նաև իր բանտային առօրյայով է կիսվել, պատմում է, որ անցնող տարիների ընթացքում շատ ժամանակ է հատկացրել ընթերցանությանը, փորձելով տեղի գրադարանում հայ հեղինակների գործեր գտնել՝ երկու գիրք է գտել, մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմն» է, որի ընթերցանությունը Վարդանյանին դուր չի եկել. Արցախի նախկին պետնախարարը Փաշինյանի հասցեին մի շարք կոշտ մեղադրանքներ հնչեցնելուց հետո մի կողմից ասում է, որ ներում ու սիրում է բոլորին, մյուս կողմից՝ պնդում, թե վարչապետին, մեջբերեմ, մեծ պատիժ է սպասում.

«Հնդկաստանում, երբ մարդը մահանում է, մարդիկ հավատում են, որ իրենք վերածնվում են ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ, և ամենամեծ պատիժն է, որ շատ մեղքերից հետո ծնվում է անձրևի ճիճուի մեջ և 84 հազար տարի ապրում է որպես անձրևի ճիճու: Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում, հույս ունեմ, որ դեռ ժամանակ կա, որ այդպես չլինի, բայց կասկածներ ունեմ, որ արդեն ուշ է»:

Վաղը Ադրբեջանի վերաքննիչ դատարանը կքննի առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների վերաքննիչ բողոքը: Ինքը ՝ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ակտը բողոքարկելուց, հայտնում է հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանույշ Սահակյանը. - «Քանի որ այդ գործընթացները ֆարս են, և ցանկություն չունի ևս մեկ օղակ ձևական առումով ներգրավվածություն ունենալ այդ դատավարություններին, քանի որ մինիմալ երաշխիքները պահպանված չեն, և իրավունքները ոտնահարվում են ամեն տեղ և բոլոր հնարավոր դրսևորումներով»:

Փաստաբանները պատրաստվում են հայ գերիների հանդեպ ապօրինությունները քննելու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որում քննության համար անհրաժեշտ է, որ Բաքուն ներկայացնի դատական վճիռներն ամբողջությամբ, այլ ոչ պարզապես դրանց քաղվածքները:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG