Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը չի ափսոսում Բելառուսի մասին հայտարարության համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյան և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի ափսոսում Բելառուսին քննադատող իր հայտարարության համար, որից հետո Մինսկը արտգործնախարարություն կանչեց Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ու «հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված» բողոքի նոտա փոխանցեց:

«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը՝ քաղաքական և մնացած բոլոր առումներով, բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է: Հայաստանը ազատ երկիր է», - ասաց Սիմոնյանը:

Խորհրդարանի խոսնակը Հանրայինի եթերում Մինսկի վրդովմունքը հարուցած հայտարարությունն անցած շաբաթ էր արել:

«Հայաստանի Հանրապետությունում քաղաքական օպերացիայի փորձ է տեղի ունենում, իշխանության զավթելու, իշխանությունը վերցնելու փորձ է տեղի ունենում; Մեր ժողովրդավար լինելը հիմա իրանք փորձում են օգտագործեն մեր դեմ, ասում են՝ «հա՞, ձեր մոտ ինտերնետը բաց է՞, մենք էդ ինտերնետում մեր ռուբլիով էնքան գովազդ կառնենք, որ սաղ մերը կլինի»: Չի լինելու, չենք թույլ տալու, որ Հայաստանի Հանրապետությունը սարքեն գուբերնիա, մենք չենք ղեկավարվելու Բելառուսիայի պես», - ասել էր Սիմոնյանը:

Բելառուսից նախ ԱԳՆ խոսնակն արձագանքեց՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները որակելով «մաքուր նախընտրական պոպուլիզմ ու սեփական ընտրողներին ներքին ծանրագույն խնդիրներից շեղելու փորձ», իսկ Բելառուսն, ասաց, ինքնիշխան երկիր է, որը «հպարտանում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններով»:

«Երբ աղքատությունը հատել է 40 տոկոսի սահմանը, աճում է գործազրկությունը, ամենահեշտն արտաքին թշնամի նշանակելն ու վիրավորական պիտակավորումներով վարժանքներ անելն է: Ուշ թե շուտ Հայաստաի ղեկավարությունը ականջ կդնի առողջ բանականությանն ու կվերադառնա Բելառուսի հետ կառուցողական երկխոսությանը», - հայտարարեց Ռուսլան Վարանկովը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի բնակչության մոտ 22 տոկոսն է աղքատ:

«Ուրիշ մաթեմատիկա է գործում, և ի՞նչ ներքին ճգնաժամ, մի համերգից մյուս համերգ ենք գնում, մի մարդուն դիմավորելուց մյուս մարդուն դիմավորելու ենք գնում, մի պետության հետ, մյուս պետության հետ փաստաթուղթ ստորագրելու ենք գնում», - հակադարձեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահն ընդհանրապես սխալ է համարում, որ Հայաստանը իր շահերն առաջ տանելու համար միշտ պտտվի ու նայի, թե Ռուսաստանը հանկարծ չնեղսրտի:

Թեման բացվեց Երևանում Մոսկվայի հասցեին եվրոպական լիդերների քննադատության մասին հարցից, թե արդյո՞ք դա ավելի չի բարդացի Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները:

«Նախկինում մենք եղել ենք ծնկած, մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրություններին, մեր նախագահական ընտրությունները անցել են կեղծիքներով, և հլը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարած արդյունքները՝ Ռուսաստանը շնորհավորել է, նշանակել է էստեղ նամեստնիկ, մեր ուժայինների մեծ մասը ղեկավարները ճշտվել են այդ երկրի հետ», -ասաց Սիմոնյանը:

Նիկոլ Փաշինյանը 2021-ին էր առաջարկել այժմ հետախուզման մեջ գտնվող Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակել ու հետագայում էլ չէր հերքել, որ այդ նշանակման հարցում ամենևին երկրորդական չեն եղել Կարապետյանի մտերիմ հարաբերությունները ռուսաստանյան որոշ շրջանակների հետ:

«Այն իրավիճակում, երբ որ մենք նոր պատերազմը ավարտել էինք, և երկրի պետականությունը կախված է ինչ-որ րոպեների և ժամերի հետ կապված, ինչ-որ իրավիճակում որոշում կայացնելը և ամբողջ պետությունը կառավարել, ենթարկել և ղեկավարել էդ երկրի տրամաբանության մեջ և էդ երկրի հետ համաձայնեցնելով՝ դրանք տարբեր բաներ են: Շատ բաներ են եղել, չգիտեմ, այլ իրավիճակում այլ ինչ-որ բանի համար ենք արել: Բայց դուք ուզում եք ասեք, որ 2018 թվականից սկսած, էլ չեմ ասում՝ 2020 թվականից սկսած, մենք էդ բալանսը չենք փոխե՞լ», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Երկու տարի առաջ դեսպանների փոխադարձ հետկանչից հետո սա հայ - բելառուսական հերթական լարվածությունն է: Երկու երկրներ դեսպանները չվերադարձան, և՛ Երևանում, և՛ Մինսկում գործերի ժամանակավոր հավատարմատարներն են աշխատում:

Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Իննեսա Կուդրուկն այսօր ասաց՝ Մինսկի բողոքի նոտայից հետո Հայաստանի ԱԳՆ իրեն չեն կանչել, պաշտոնապես չեն արձագանքել:

Իսկ թե Բելառուսի դեսպանը ե՞րբ կվերադառնա Հայաստան, նրա խոսքով՝ հարցը պետք է ուղղել հայկական կողմին։

2024-ին դեսպաններին հետ կանչելու որոշմանը նախորդել էր Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Բելառուս չի գնա, քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, քանի որ նա, ըստ Նիկոլ Փաշինյանի, տեղյակ է եղել 44-օրյա նախապատրաստությունից ու ցանկացել է, որ Ադրբեջանը հաղթի դաշնակից Հայաստանին:

Տարբեր միջոցառումների Փաշինյանն ու Լուկաշենկոն դրանից հետո հանդիպել են, անգամ՝ միմյանց ձեռք սեղմել, բայց սառույցը չի հալվում: Նրանք կարող էին հանդիպել Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին, բայց վարչապետ Փաշինյանն այսօր ասել է, որ այդ օրը Սյունիքում քարոզարշավի է մասնակցելու: Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էր ժամեր առաջ հայտնել, որ Փաշինյանին հրավեր ուղարկվել է:

Անցած տարի մայիսի 9-ին Փաշինյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ ամյակի զորահանդեսին: 23-ին էլ էր մասնակցել: Բաց էր թողել 24 թվականը, այն ժամանակ ասել էր, թե չկա պրակտիկա, որ ամեն տարի պարտադիր ներկա լինի այդ միջոցառմանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG