Մատչելիության հղումներ

«Հայաստանը ծայրագավառ չի լինելու». Ալեն Սիմոնյանն արձագանքեց Բելառուսի հետ հարաբերությունների թեմային

«Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ-ում գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները», այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց հայ-բելառուսական հարաբերությունների թեմայի վերաբերյալ հարցին։

«Քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է։ ՀՀ-ի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են, և կարծում եմ՝ ամեն պետություն իր օրինակն է ընտրում։ Մենք ընտրել ենք ՀՀ ժողովրդավարացման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ են ընտրել»։

Մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է կանչվել Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը, հաղորդում է այդ երկրի արտգործնախարարությունը։ «Հայ դիվանագետին ներկայացվել է խիստ բողոք և հանձնվել համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ»,- ասված է Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։

Սիմոնյանն այսօր այս թեմայի առնչությամբ ասաց․ «Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր քաղաքական ինքնիշխանության մակարդակը բոլոր առումներով բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ»։



XS
SM
MD
LG