Ազգային ժողովը քննարկում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի առաջադրած թեկնածուի հարցը։
Ընդդիմադիր ամենամեծ ուժն առաջադրել է Հայկ Ֆարմանյանին, նրա թեկնածությունը ներկայացրեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Խորհրդարանական մշտական 12 հանձնաժողովներից 8-ի նախագահներին առաջադրում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ինը՝ «Հայաստան» խմբակցությունը:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախագահներ առաջադրելու համար ընտրել է Պաշտպանության և անվտանգության հարցերի, Պետաիրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի և Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովները: Առաջին երկու հանձնաժողովների նախագահների պաշտոններում ՔՊ-ն արդեն առաջադրել է Վիլեն Գաբրիելյանին և Արուսյակ Ջուլհակյանին:
«Ուժեղ Հայաստան»-ն ընտրել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները:
«Հայաստան» խմբակցությունն ընտրել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը: