Մատչելիության հղումներ

Թալինի քաղաքապետը խախտել է բարեգործության արգելքը. ահազանգում են դիտորդները

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյան, արխիվ
Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյան, արխիվ

Ավելի քան 11.5 միլիոն դրամի օգնություն թալինցիներին. «Անկախ դիտորդ»-ն ահազանգում է, որ Թալինի ՔՊ-ական համայնքապետը նախընտրական այս շրջանում խախտել է բարեգործության արգելքը: Դիտորդները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ուղարկել Դատախազություն:

«Էս դեպքում ինքը խախտել է և՛ Ընտրական օրենսգիրքը, և՛ փաստացի նաև ՏԻՄ օրենսդրությունը, որովհետև օրենսդրությունն արգելում է գումարի տեսքով օգնություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ»-ի անդամ Գևորգ Քոթանջյանը:

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակի 61-րդ համարն է, հետևաբար՝ այս շրջանում իրավունք չունի նաև սոցիալական օգնություն բաժանել բնակիչներին:

Քոթանջյանը վկայակոչում է հենց համայնքապետարանի էջում հրապարակված՝ ապրիլի 27-ին Սափեյանի ստորագրած որոշումը: Ըստ դրա՝ ավելի քան 626 հազար դրամ է տրամադրվել 14 տարբեր անձանց կարիքների՝ սննդի, ջրի, էլեկտրականության ծախսերի, դեղորայքի համար: Ընդ որում, օգնությունը ոչ թե ուղիղ բնակչին է փոխանցվել, այլ այդ գումարները տրվել են էլցանցին, «Վեոլիա ջրին», դեղատանը, իսկ սննդի գումարը՝ անհատ ձեռներեցի, որն էլ սնունդ է գնել կարիքավորների համար:

«Փաստացի իրավունք չունի տրամադրել, և այն, ինչ օրենքի փաստացի խախտմամբ տրամադրվում է, դա դասվում է որպես այս դեպքում անձի կողմից բարեգործություն», - նշեց Գևորգ Քոթանջյանը:

Դիտորդներն այլ օրինակ էլ են բերում՝ բնակիչներից մեկի համար քաղաքապետարանը որոշել է տուն գնել և դրա համար 3 միլիոն դրամ է փոխանցել վաճառողին:

«Տվյալ համայնքը բացառիկ համայնքների շարքում է, որովհետև մնացած համայնքների դեպքում գոնե ինչ-որ ձևով փորձ է կատարվել փոքր սոցիալական աջակցություններ տրամադրել, օրինակ, համայնքի ավագանու միջոցով», - ընդգծեց «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչը:

Տավրոս Սափեյանը հակադարձում է. - «Երկար տարիներ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակից կար լքված մի հատ ամբուլատորիա Մաստարա գյուղում: Տվյալ քաղաքացին էդ ժամանակաշրջանից ապրել է էդ տարածքում՝ որպես իր գլխին տանիքը: Մենք էդտեղ նոր ամբուլատորիա ենք կառուցում, էդ մարդը պետք է դուրս մնա, հիմա ինչ արեցի ես. ավագանու որոշմամբ մենք էդ գյուղում 3 միլիոնանոց մի հատ հին շենք, մի հատ տուն, որ կառուցվել է մի 20-30 տարի առաջ, դեռ չենք արել փոոխանցումը էդ մարդուն»:

Պատգամավորի թեկնածու համայնքապետի խոսքով՝ ոչ մի բնակչի գումար չեն փոխանցել. - «Կա տարեկան հաստատված ավագանու կողմից գումար, և էդ գումարը նյութի տեսքով, դեղորայքի տեսքով, ուսման վարձի տեսքով ... Տեսեք, օրինակ, ներկա պահին ես ունեմ 200-ից ավելի ուսանողներ, որոնց կես գումարը մենք ենք փոխանցում երթուղուն: Այսինքն, ի՞նչ է նշանակում, պետք է էդ գումարը, ասենք՝ «էս մի ամիսը ընտրություն է, էդ գումարը չենք փոխանցի՞»:

Տավրոս Սափեյանը տարակուսում է՝ ինչո՞ւ պետք է դադարեցնի այս շրջանում աջակցությունը, եթե ամեն տարի դա արել են, այս տարին էլ բացառություն չէր: Օրինակ՝ անցած տարի գերազանցիկ աշակերտներին Դուբայ էին ճանապարհել, այս տարի էլ 8 միլիոն դրամ են հատկացրել 47 գերազանցիկ աշակերտների և նրանց ուղեկցող երեք անձանց Վրաստան ուղարկելու համար։ Մյուս տարի էլ հնարավորության դեպքում Միացյալ Նահանգներ կուղարկեն:

«Մարդը ասում է՝ «ես վիրահատության կարիք ունեմ», ես ասեմ՝ ինքս, համայնքի ղեկավարս, ասեմ՝ «սպասեք, մինչև ընտրությունը ավարտվի՞», - նշեց Սափեյանը:

Թալինի քաղաքապետը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության ներքո: Վարչապետ Փաշինյանի հետ Կաթողիկոսի դեմ պայքարի ակտիվիստներից է, խոչընդոտել էր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Նռնօրհնեքի ծեսը, հասել նրան, որ ծեսը մատուցի կարգալույծ եղած քահանան: Սափեյանը դեկտեմբերին աշխատանքային ժամին նաև Արագածոտնից Էջմիածին էր հասել, մասնակցել Փաշինյանին միացած եպիսկոպոսների ակցիային, բարձրացել էր Մայր տաճարի սյուներին, չէր իջնում, և Մայր Աթոռի բակում հայհոյանքներ էր հնչեցրել:

Դիտրոդներն ակնկալում են, որ իրավապահները կքննեն ու պատասխանատվության կենթարկեն ՔՊ-ական համայնքապետին: Բարեգործության արգելքը խախտելու համար Քրեական օրենսգիրքը 3-6 տարվա ազատազրկում է նախատեսում:

«Չեմ կարծում, որ այս ցայտուն օրինակը պետք է ինչ-որ ձևով փորձեն քողարկել», - ասաց Գևորգ Քոթանջյանը:

Ընտրական խախտումների համար մինչև այս պահը որևէ իշխանականի դեմ վարույթ չի հարուցվել: Բարեգործության արգելքի խախտման, ընտրակաշառքի, հավաքին մասնակցության շահագրգռելու հոդվածներով մոտ երկու տասնյակ մեղադրյալներ կան ընդդիմադիրների շրջանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG