Թեև երեկվանից պաշտոնապես մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրությունը, բայց դեռ չկա ինտեգրված այն օպերատորը, որը պետք է ապահովի համակարգի թվայնացված ամբողջական գործարկումը: Նախարարությունը համակարգի մեկնարկից ընդամենը 20 օր առաջ է այդ նպատակով մրցույթ հայտարարել:
Մրցույթը շահող ընկերությունը պետք է իր վրա վերցնի ապահովագրական տվյալների վարումն ու կառավարումը, բուժծառայությունների դիմումների մշակումը, վճարումների իրականացումը, պետք է վերահսկի խարդախությունների ռիսկերը, սպասարկի քաղաքացիների համար նախատեսված թվային հարթակները և այլն: Ինտեգրված օպերատորը մեկ կենտրոնից պետք է իրականացնի այս բոլոր գործառույթները:
«Անկախ փորձագետ» հասարակական կազմակերպության նախագահ Ծաղիկ Վարդանյանը համարում է, որ սա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ապահովագրության համակարգի գործարկման փուլում:
«Եվ ոչ միայն օպերատորի բացակայության մասին է խոսքը,- ընդգծում է փորձագետը, - Չի կարող գործել առանց այդ բաղադրիչների, այսպես անպատրաստ, թեկուզ տեխնիկական առումով օպերատորի առկայություն, պայմանագրերի կնքման գործընթաց, հիմնադրամի առկայություն, որը պետք է արդեն ստեղծված լիներ, իսկ մենք քաջատեղյակ ենք, որ կանոնադրությունը դեռ նոր է հաստատվում, ցանկացած ամենափոքր կազմակերպություն ձևավորելու ու մեկնարկելու համար առնվազն ամսուկես, երկու ամիս ժամանակահատված է անհրաժեշտ»։
Մրցույթը բաց է տեղական և օտարերկրյա կազմակերպությունների համար, սակայն պահանջվում է միջազգային փորձ, արդեն գործող նման համակարգ, որն առնվազն մեկ միլիոն ապահովագրված անձ է սպասարկել։
«Լավ գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի օպերատորներ գոյություն չունեն։ Իհարկե, ինտեգրվել աշխարհի հետ ճիշտ է, բայց կոնկրետ ապահովագրական համակարգում ունենալ ազգային օպերատոր շատ ավելի կարևոր է։ Հետևաբար, ես դեպք չեմ հիշում, որ այդ կազմակերպությունների չափանիշները գրվեն ուղղակի օդից», - նշեց նա։
Եթե համակարգը գործի առանց ինտեգրված օպերատորի, արդյո՞ք չեն լինի գործառնական խափանումներ, տվյալների անվտանգության խնդիրներ, խարդախության ու ծառայությունների անկանոն մատուցման ռիսկեր և այլն, «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի» տնօրեն «Սամվել Խարազյանն ասում է՝ նախապատրաստական աշխատանքները դեռ 2019-ից են սկսվել, պնդում է՝ համակարգը գործարկելու համար ստեղծված է ենթաօրենդրական բազան, Արմեդ համակարգով էլ սպասարկվելու է ապահովագրված անձանց ռեգիստրը: Իսկ օպերատորի համար մրցույթը, ըստ նրա, հայտարարել են, որովհետև Հայաստանի ապահովագրական մոդելը թվային համակարգերի մեծ բազա է պահանջում, ու կարևոր է միջազգային փորձառու կազմակերպությունների մասնակցությունը:
«Եվ դեպքերի կառավարման, և ֆրոդ հանդիսացող դեպքերի տեղորոշման, և դրանց բացահայտման շահառուների համար ավելի արհեստական բանականության վրա հիմնված որոշակի գործառույթների իրականացման, մեր կարծիքով, պետք է գնանք զարգացման ճանապարհով, և այդ թվային լուծումների անհրաժեշտությունը այս պահին ցանկացած ոլորտում շատ կարևոր է, ու մենք էլ կարծում ենք, որ առաջատար փորձը կիրառելը մեր համակարգի համար նպաստավոր կլինի, նաև մեր համակարգի համար ծախսարդյունավետ միջոցներ, մեթոդներ կներառի», - նշեց նա։
Խարազյանի նշած Արմեդը հեռախոսային հավելված է, այն նախատեսված է քաղաքացիների համար՝ ապահովագրության հաշվառման, ապահովագրական վկայականների ստացման, ծառայությունների պահանջների ներկայացման և այլ թվային հնարավորություններ ապահովելու համար։ Այսինքն՝ Արմեդը օպերատոր չէ:
Այս օրերին ֆեյսբուքյան փակ խմբերում հատկապես հաշվապահներին հետաքրքրող հարցերից մեկն էլ այն է, թե հավաքագրված միլիարդավոր դրամներն ինչպես են տնօրինվելու, եթե դեռ «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամն» ամբողջությամբ ձևավորված չէ, կառուցվածքը հաստատված չէ:
Փորձագետ Ծաղիկ Վարդանյանը, որ կարևորում է ապահովագրության համակարգի ներդրումը, որոշակի ռիսկեր է տեսնում. «Մեզ ի՞նչ է սպասվում, երբ որ այս բաղադրիչները դեռևս չեն գործում։ Ռեգիստր չունենք, ինչքանով են կազմակերպությունները ինֆորմացված, թե ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն, եթե մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը որևէ մեկը տեղյակ չի ծառայությունների փաթեթի գներից, շատ քիչ քանակով ծառայությունների մասին է, որ խոսվում է, հետևաբար սրանք գուցե և տեխնիկական խնդիրներ են, բայց սրանք այն մինիմալ տեխնիկական բազան են, որի հիման վրա պետք է ճիշտ, հստակ սկսի աշխատել մեխանիզմը։ Եթե սկիզբը սկսեցինք կիսատ, պռատ, «ծուռ», այդպես «ծուռ» էլ գնալու է, ոնց որ պետական պատվերն է սկսվել»։
Սամվել Խարազյանը հիշեցնում է՝ բազմաթիվ փոփոխությունների ենթարկվելուց հետո հիմնադրամի մասին օրենքն ընդունվել է, մնացածը շատ արագ կկազմակերպվի, բայց վստահեցնում է՝ գումարները պատշաճ կկառավարվեն, դրանք առայժմ պետական գանձապետական հաշվին կփոխանցվեն:
Ինտեգրված օպերատորի համար մրցույթն Առողջապահության նախարարությունը հայտարարել է դեկտեմբերի 12-ին: Ֆինանսների նախարարության գնումների համակարգում տեղադրված փաստաթղթի համաձայն՝ նախաորակավորման փուլը պետք է ավարտվեր 17 օր հետո՝ դեկտեմբերի 29-ին, որից հետո պետք է ընտրվեին մրցույթի հաջորդ փուլին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուները: Այս ժամկետից 4 օր է անցել:
Արդյո՞ք արդեն ընտրվել են թեկնածու կազմակերպությունները, որոնք կմրցեն ապահովագրության համակարգի օպերատորական ծառայությունների կառավարման համար՝ պարզ չէ. Առողջապահության նախարարությունից չպատասխանեցին մեր զանգերին, օրն աշխատանքային չէ: