Մատչելիության հղումներ

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Լրացված

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա փոխվեց տնային կալանքի՝ այլ անձանց հետ շփման արգելքով:

«Դատավորն իր որոշման մեջ նշել էր, որ հաշվի է առնում, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Երեք ամսով սահմանված տնային կալանքը, փաստաբանն ասաց, կբողոքարկեն:

«Քրեական օրենքն այն սանկցիաները, որ սահմանում է այդ արարքի համար կա՛մ տուգանքն է, կա՛մ կարճաժամկետ ազատազրկումն է՝ 2 ամիս ժամկետում, կա՛մ եթե դրա ծանր դեպքերն են, մինչև 3, թե 5 տարի ազատազրկումն է: Այս պարագայում ծանր դեպքերի մասին որևէ բան չունենք, բայց արդեն վերջնական պատիժը, որ պետք էր տար, տիկին Մանուկյանը կրել վերջացրել է: Սահմանադրական դատարանն ասում է, որ տնային կալանքը մեկին մեկ հավասար է բանտային կալանքին», - նշեց Սողոյանը:

Սեպտեմբերի 6-ին դատարանը մեկ ամսով երկարաձգել էր ընդդիմադիր գործչի կալանքը։

Իրավապահները «Մայր Հայաստան» կուսակցության 46-ամյա անդամին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով: Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակի երկրորդ համարն էր, այս գործով հիմնական մեղադրյալն է՝ իրավապահները նրան լրտեսության, պետական դավաճանության հանցանքներ են վերագրում, իսկ Մանուկյանը, ըստ քննիչների, նրան պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցողն է եղել: Երկուսն էլ մեղքը չեն ընդունում:

XS
SM
MD
LG