Մատչելիության հղումներ

Առաքելյանը Գյումրիի կառավարման «ճգնաժամից խուսափելու համար» է հրաժարվել պատգամավորի մանդատից

Կառավարման հնարավոր ճգնաժամից խուսափելու համար է հրաժարվել պատգամավորի մանդատից, պնդում է արդեն տասն ամիս Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող առաջին փոխքաղաքապետը: Ավետիս Առաքելյանն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 8-րդ համարն էր և նախօրեին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Այսօր հրավիրած ասուլիսում Առաքելյանն ասաց՝ մանդատը չվերցնելու հարցը քննարկել է և՛ տնային կալանքում գտնվող քաղաքապետ աներոջ՝ Վարդան Ղուկասյանի, և՛ «Ուժեղ Հայաստան»-ի առաջին համարի՝ Նարեկ Կարապետյանի հետ: Բայց պնդեց, թե վերջնական որոշումն իրենն է եղել:

«Եվ ես գտել եմ, որ առաջնահերթը գյումրեցիների և Գյումրի քաղաքի շահն է, և էս պահին տեսնում էի, որ կարող է և էնպես պատահեր, որ կոլապսի ենթարկվեր քաղաքը, որը անընդունելի էր՝ և՛ ինձ համար, և՛ մեր քաղաքական թիմի համար», - հայտարարեց փոխքաղաքապետը:

Եթե Առաքելյանը վերցներ մանդատը, ապա ավագանին պետք է իր կազմից քաղաքապետի նոր առաջին տեղակալ ընտրեր: Արդյո՞ք մտավախություն են ունեցել, որ ընդդիմադիրներին հնարավոր է չհաջողվի սա, ու կրկին կառավարման կոլապսի առաջ կանգնեն, հատկապես որ մամուլում արդեն իսկ հնարավոր թեկնածուների անուններ էին շրջանառվում:

«Կարող է և չթողնեին, էսպես ասեմ, որ լիներ էդ ամեն ինչը, էդպես հանդարտ մի ընդդիմադիր ուժից մյուս ընդդիմադիր ուժին անցներ», - նշեց Առաքելյանը:

Ի՞նչ են քննարկել Վարդան Ղուկասյանի հետ: Ավետիս Առաքելյանը շատ չակերտներ չբացեց. - «Չակերտների կամ գաղտնիության ոչինչ չկա, քննարկումը արդեն, ըստ երևույթին, տեսնում եք՝ իմ հրաժարականն էր, և վերջին խոսքը, նորից կրկնվեմ, ինչպես մեր ուժը, այնպես էլ պարոն Ղուկասյանը թողել էին ինձ»:

Վարդան Ղուկասյանը, որ պաշտոնավարման վեցերորդ ամսում մեղադրվեց կոռուպցիայի մեջ ու բանտարկվեց, ի սկզբանե իր փեսային էր տեսնում քաղաքապետի առաջին տեղակալ ու այդ պաշտոնը իրեն աջակցած մյուս ընդդիմադիր ուժերին չզիջեց:

Իսկ իրենց թիմից Առաքելյանին փոխարինող չգտնվե՞ց, որ մանդատից հրաժարվեց: «Ձևակերպումներին չեմ ուզում պատասխանել, ընդհանուր հարցին պատասխանել եմ, թե քննարկումների արդյունքում ինչ է եղել, և ինչն է առաջնակարգ մեզ համար հիմք հանդիսացել», - ասաց նա:

Օրերս, երբ Ղուկասյանի բանտային կալանքը փոխարինվեց տնայինով, մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, թե կուլիսային պայմանավորվածություններ կան, առաջիկայում Գյումրիի ավագանու իշխող «Կոմկուս» խմբակցությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնելու՝ ճանապարհ հարթելով քաղաքում իշխանության պահանջած արտահերթ ընտրությունների համար: Ավետիս Առաքելյանը կտրականապես հերքեց՝ չկա նման բան:

«Սա փաստում է ամեն ինչ, սա հաստատում է վերջնական», - հայտարարեց փոխքաղաքապետը՝ հավելելով. - «Ես բազմիցս շեշտել եմ՝ մեզ համար ո՛չ պաշտոնակռիվ է, ո՛չ աթոռակռիվ, այլ քաղաքի շահ, քաղաքացիների շահ, Հայաստանի Հանրապետության շահ ... մենք չենք եկել, որ քաղաքապետի, փոխքաղաքապետի կամ պատգամավորի աթոռի կռիվ տանք»:

Ամեն դեպքում, ասաց, քաղաքի կառավարման հարցում անազատության մեջ գտնվող աներոջ հետ խորհրդակցում է:

Ի տարբերություն Առաքելյանի, որ նախընտրեց մնալ Գյումրիում, ավագանուց խորհրդարան են տեղափոխվում Առաքելյանի քաղաքական գլխավոր ընդդիմախոսները՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն ու քարտուղար Քնարիկ Հարությունյանը: Դեռ հայտնի չէ՝ ովքեր կփոխարինեն նրանց Գյումրիի ավագանիում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG