Գյումրիի ավագանու կազմն առաջիկայում կփոփոխվի, ոմանք խորհրդարան կտեղափոխվեն։
«Ազատության» տեղեկություններով՝ խորհրդարանի մանդատը մտադիր են վերցնել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն ու խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը։ Թե ովքեր կփոխարինեն նրանց, դեռ հայտնի չէ։
Վերջնական որոշում դեռ չունի Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը. «Կուսակցությունով տարբեր քննարկումներ ենք ունենում, էդ պահին երկրին, մարզին ու քաղաքաին, որը թիմը հարմար է գտնում, որ ես այդտեղ ծառայեմ իմ ժողովրդին, ես պատրաստ եմ այդտեղ ծառայելու»:
Պատգամավորի մանդատը վերցնել-չվերցնելու շուրջ առայժմ երկմտում է Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։ Նա Ազգային ժողովում 29 մանդատ ստացած ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» 8-րդ համարն է։
Եթե Ավետիս Առաքելյանը վերցնի պատգամավորի մանդատը, ապա, ըստ օրենքի, Գյումրիի ավագանին իր կազմից պետք է նորից քաղաքապետի առաջին տեղակալ ընտրի։
Աներոջ՝ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Առաքելյանն է ղեկավարում Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը։
Կաշառք վերցնելու մեղադրանքով հոկտեմբերից բանտում գտնվող Վարդան Ղուկասյանը, ի դեպ, փեսային իր առաջին տեղակալ էր առաջադրել՝ հենց իր հնարավոր կալանավորման պատճառաբանությամբ։
Ու հիմա, երբ առաջին տեղակալը փաստացի քաղաքապետի պարտականություններն է կատարում, հնարավոր է, որ Գյումրիում իշխանություն ձևավորած ընդդիմադիր ուժերն ամեն մեկն իր խմբակցությունից թեկնածու առաջադրի։
Արդեն իսկ մամուլում երկու՝ «Մայր Հայաստան» ու «Մեր քաղաքը» խմբակցությունների ղեկավարների անուններն են շրջանառվում։ Ավետիս Առաքելյանը գերադասեց չմեկնաբանել այս լուրերը։
ՔՊ-ն չի թաքցնում ու վարչապետի մակարդակով է հայտարարում, որ մտադիր են Գյումրիում արտահերթ ընտրություններ նախաձեռնել, ընդ որում՝ հնարավորինս շուտ։ Պնդում են, որ տեղի իշխանությունները վատ են կառավարում Գյումրին, ու իրենք դա ավելի լավ կարող են անել։
Վարդան Ղուկասյանի թիմում մտավախություն չունե՞ն, որ հենց քաղաքապետի առաջին տեղակալի հնարավոր ընտրության հարցում ընդդիմադիր ուժերը չեն համախմբվի ու, չընտրելով առաջին տեղակալ, քաղաքական ճգնաժամ կստեղծեն:
«Մեզնից՝ ընդդիմադիր ուժերից, երբեք կոլապսի չի գնա։ Եթե կոլապսի գնա, անպայման ուրեմն իշխանությունը դրան իր միջամտությունը կունենա։ Իր միջամտության դեպքում միշտ այստեղ կոլապսը գնում է Գյումրի քաղաքում», - ասաց Ավետիս Առաքելյանը։
Առաքելյանը, որ մեղադրյալ է քաղաքապետի ձերբակալության օրը զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով, պնդում է, որ երկու նման փորձ արդեն եղել է. «Գյումրիի քաղաքապետին կալանավորելը ի՞նչ էր, կոլապսի տանելն էր քաղաքը, որը չստացվավ։ Իմ վրա քրեական գործ հարուցելը ի՞նչ էր, վախեցնելը, կոլապսի տանելը, էդ է, թե չէ ընդդիմադիր դաշտում, անկախ դրանից, կիսում են, չեն կիսում իշխանությունները, գործունեությունները, գաղափարը մեկն է, որ քաղաքը կառավարի ընդդիմադիր ուժը»։
Ավագանու վերջին նիստը տապալվեց, ՔՊ-ն բոյկոտել էր, իսկ ընդդիմադիրներին չհաջողվեց քվորում ապահովել իրենց թևից երկու հոգու բացակայության պայմաններում։ Բայց նիստի տապալումը դեռ լուծարման հիմք չէ, քանի որ նստաշրջանի մյուս նիստերը կայացել են։ Կշարունակի՞ արդյոք ՔՊ-ն բոյկոտը, առայժմ պարզ չէ։