Սպիտակի համայնքապետարանը 68.5 միլիոն դրամ համայնքային միջոցներով 6 միկրոավտոբուս է գնել, որոնցով նախատեսվում է անվճար տրանսպորտային փոխադրումներ իրականացնել՝ Սպիտակ քաղաքից դեպի հարակից գյուղեր։
«Սպիտակ համայնք հասանք ձեռք բերված նոր տրանսպորտային միջոցներով, րոնք սպասարկելու են Սպիտակի 20 գյուղերը և Սպիտակ քաղաքի ներքաղաքային երթուղին ամբողջությամբ անվճար», - հայտարարում էր Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Դեռ երեք տարի առաջ տեղական իշխանությունները ոչ միայն անտեսում էին միջգյուղական տրանսպորտի խնդիրը, այլև, ըստ տեղացիների, ճնշում ստորագրահավաք նախաձեռնած քաղաքացիներին։ Քաղաքապետն անգամ վարչական ղեկավարների հետ հանդիպում էր կազմակերպել՝ ոչ թե տրանսպորտի բացակայության, այլ ստորագրահավաքին մասնակցող քաղաքացիների հարցը քննարկելու համար:
Նախաձեռնող խմբի անդամ Անուշիկ Պետրոսյանն «Ազատությանն» ասել էր, թե խոչընդոտների են հանդիպել իշխանություններին ուղղված դիմումի տակ մոտ 500 ստորագրություն հավաքելիս. - «Երբ որ մենք ստորագրությունները հավաքեցինք, սկսեցին տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարների մոտ հարցեր առաջանալ, թե էդ ինչպե՞ս եղավ, որ բնակիչները որոշեցին էս խնդրի մասին բարձրաձայնել, կամ ո՞վ է իրենց թույլ տվել առանց հարցնելու դրա մասին խոսել, ի՞նչն է իրենց դրդել իրենց խնդրի մասին բարձրաձայնելու»:
Այդ ժամանակ էր, որ ՔՊ-ականները հայտարարում էին, թե համայնքի համար քաղաքային տրանսպորտ ունենալը մեծ բեռ է, անգամ այն դեպքում, երբ խոսքը անվճար սպասարկելու մասին չէր:
Մինչդեռ այժմ՝ տարեվերջին սպասվող տեղական ընտրություններից առաջ, ՔՊ-ական քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանն ու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն ակտիվորեն ազդարարում են անվճար երթուղիների մասին:
«Երկու ամենասպասված տեղեկությունները ասենք, որ նախ՝ անվճար է գործելու տրանսպորտը ամբողջ համայնքում, և նախատեսել եք, որ օգոստոսի 1-ից արդեն նոր տրանսպորտային միջոցները դուրս կգան երթուղի: Այսինքն՝ էս ընթացքում պետհամարանիշերն են արվել, ավագանու որոշմամբ ընդունվել է գույքը», - ասում էր մարզպետը:
Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հայտարարել Քաջայր Նիկողոսյանի թեկնածությունն առաջադրելու մասին, նա ակնհայտ ձգտում է հաճախակի երևալ համայնքապետարանի պաշտոնական էջերում։
Ընտրական ակտիվությանը զուգահեռ՝ համայնքապետը հայտնվել է վարքագծի կանոնների խախտման կենտրոնում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել ու եզրակացրել է, որ Քաջայր Նիկողոսյանը խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները՝ լրագրողի հետ հաղորդակցվելու ընթացքում: Նա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին Սպիտակի հրապարակում Նիկոլ Փաշինյանին սպասելիս վիրավորական արտահայտություններով էր արձագանքել, երբ «Ազատություն»-ը մոտեցել էր նկարահանելու, թե ինչպես է նա պատրաստվում դիմավորել վարչապետին, ու պարզելու՝ արդյո՞ք վարչական ռեսուրսի չարաշահում չէ, երբ հրապարակում մեծ թվով համայնքային ու պետական աշխատողներ կան՝ աշխատանքային ժամին:
Պաշտոնյաների վարքագծին հետևող հանձնաժողովին ուղարկված գրավոր պարզաբանման մեջ Նիկողոսյանը պնդել է, թե «Ազատության» հրապարակումները 2022-ից ի վեր վարկաբեկել են իրեն և համայնքը։ Փաստ է, սակայն, որ նա երբևէ չի հերքել «Ազատության» բացահայտումներն ու, այդուհանդերձ, մշտապես խուսափել է հարցազրույցներից։
Անցած տարիներին «Ազատության» ռեպորտաժները վերաբերել են համայնքապետի աղմկահարույց որոշումներին. օրինակ՝ երբ նա իր անվան մրցաշար էր կազմակերպել, ինքն իրեն մրցանակային տեղ շնորհել ու բյուջեից 90 հազար դրամ ստացել։ Կոռուպցիայի կանխարգելման անձնաժողովը դա որակել էր շահերի բախում և պարտավորեցրել գումարը վերադարձնել բյուջե։ Բացի այդ, լուսաբանվել էր քաղաքապետի որդու՝ Գոռ Նիկողոսյանի մասնակցությամբ վարչական ղեկավարներից մեկի ամուսնուն ծեծելու գործը, որով կրտսեր Նիկողոսյանը դատապարտվել էր պայմանական ազատազրկման։
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Քաջայր Նիկողոսյանը Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո, հենց իր կուսակիցների կողմից մեղադրվել էր ազատ խոսքը լռեցնելու, կարծիքների բախում թույլ չտալու և ոչ թափանցիկ աշխատանքի համար։ Ի սկզբանե Սպիտակի ավագանու իշխանական թևը պառակտվել էր, մի մասը մշտապես բոյկոտում էր աշխատանքները՝ համարելով, որ անհնար է գործող ղեկավարի հետ աշխատել։ Այդ շրջանում անգամ «Ազատությանը» որոշ ՔՊ-ականներ համայնքի ղեկավարին քննադատող հարցազրույցներ էին տվել, բայց հետո խնդրել չհրապարակել դրանք, պատճառաբանել, թե սպառնալիքներ են ստացել իշխանություններից։
Իշխանականները կտրուկ հերքում էին այս պնդումները։ Ի վերջո, քննադատություններ հնչեցնող Համլետ Մազմանյանին, որ նաև ավագանու նույն խմբակցության անդամ է, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հեռացրեց կուսակցությունից ու անարգել շարունակեց նիստերը՝ արդեն առանց ներքին ընդդիմախոսության: