Մատչելիության հղումներ

Սպիտակի ղեկավարի որդու՝ «Հայփոստ»-ի բաժանմունքի տնօրեն նշանակվելուց հետո ավագանին որոշել է «Հայփոստ»-ին միջնորդավճար փոխհատուցել


Սպիտակ, արխիվային լուսանկար
Սպիտակ, արխիվային լուսանկար

Սպիտակի ավագանին որոշել է համայնքի բյուջեից փոխհատուցել «Հայփոստ»-ի տեղի բաժանմունքներում աղբահանության վարձավճարի միջնորդավճարները։

Ավագանու հերթական նիստում համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն ասել էր՝ սա բնակիչների օգտին է ու որ անգամ փոքր գանձումների դեպքում «Հայփոստ»-ը քաղաքացու վարձավճարից ավելի մեծ միջնորդավճար է պահանջում՝ անընդունելի է։

«Աղբահանության գումարը չի հավաքվում, բնակչն էլ ի՞նչի տանի․ երեք ամսվա վճար ունի, ասենք, վճարելու՝ 300 դրամ, 300 դրամ վճարելու համար 300 դրամ էլ ծառայության արժեք պետք է վճարի, որն ավելի լավ է համայնքապետարանը վճարի», - ասաց Նիկողոսյանը։

Ամիսներ առաջ «Հայփոստ»-ի Սպիտակի մասնաճյուղի տնօրեն է նշանակվել համայնքապետի որդին՝ Գոռ Նիկողոսյանը։ Առանց շահերի հնարավոր բախման մասին նշելու՝ նախագծի հեղինակները վստահեցնում էին, որ այս որոշմամբ կավելանան աղբահանության վճարները։

«Սա կնպաստի թե՛ բնակիչների կողմից առանց քաշքշուկների, առանց ավելորդ տրանսպորտային ծախսերի գալ կենտրոն, որպեսզի բանկերում վճարումներ կատարեն, թե՛ ֆինանսական բեռից։ Այսինքն՝ 500 դրամ վճարելուց նաև 300 դրամ միջնորդավճար էր վճարում, հիմա էլ չի վճարի», - ասաց Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։


Բյուջեի անցած տարվա հաշվետվությունից երևում է, որ Սպիտակում աղբահանության վճարների գանձման խնդիր գրեթե չի եղել։ Նախատեսված 33,5 միլիոն դրամի վճարները հավաքագրվել են ավելի քան 97 տոկոսով։

Թե ինչո՞ւ է Սպիտակի համայնքապետը տեղական բյուջեի հաշվին «Հայփոստ»-ին ծառայության միջնորդավճար փոխհատուցելու անհրաժեշտություն տեսել, ինչո՞ւ է որոշել հենց հիմա, արդեն իր որդու ղեկավարած կառույցին տեղական բյուջեից գումարներ փոխանցել, կամ, թե ինչո՞ւ է փոխհատուցում միայն «Հայփոստ»-ի միջնորդավճարը, ավագանու նիստի ժամանակ ներկաների մոտ հարցեր չառաջացան, քննարկում չեղավ ու հարցն էլ ընդունվեց միաձայն։

«Ազատություն»-ը պարզել է, որ բազմաթիվ համայնքներում «Հայփոստ»-ը կոմունալ վճարների դիմաց միջնորդավճար չի էլ գանձում՝ դրա համար ավագանին որոշում չի կայացրել։

Օրինակ՝ Դիլիջանի համայնքապետի մամուլի խոսնակ Արփի Թամրազյանն ասաց՝ նման նախաձեռնություն Դիլիջանում չի էլ եղել։ Դրա փոխարեն վճարումների համար տերմինալ են տեղադրել հենց համայնքապետարանում, որտեղ միջնորդավճարն ընդամենը 0,02 տոկոս է։ Այսինքն՝ յուրաքանչյուր 10 հազար դրամ վճարելու դիմաց ընդամենը 2 դրամ միջնորդավճար են ծախսում բնակիչները։

Սպիտակի վրա որքա՞ն կնստի համայնքապետի որդու ղեկավարած կառույցին վճարվելիք փոխհատուցումը։ Համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն «Ազատության»-ն ասաց, դեռ մասնավոր ընկերության հետ համաձայնություն չունեն՝ գործարք չեն կնքել։

Իսկ Լոռու մարզկենտրոն Վանաձորն ամիսներ առաջ նման համաձայնություն կնքել է «Հայփոստ»-ի հետ։ Ընդ որում՝ այստեղ ևս էժան տարբերակներ չեն ընտրել։

Եկամուտների հավաքագրման բաժնի պետ Արմեն Այվազյանն ասաց՝ աղբահանության դիմաց բնակիչների վճարած գումարի 5 տոկոսի չափով տեղական բյուջեից վճարում են «Հայփոստ»-ին։ Ինչո՞ւ համայնքի հաշվին վճարելու դեպքում ավելի թանկ՝ 5 տոկոս սակագին է գործում, թեև «Հայփոստ»-ի կայքում հրապարակած ամենաբարձր գինը կոմունալ վճարների դիմաց ընդամենը մեկ տոկոս է։

Վանաձորի համայնքապետատարանի պաշտոնյան ասաց՝ վատ բան չեն արել։ Անգամ ձեռքբերում համարեց՝ նշելով, թե «Հայփոստ»-ն իրենցից սկզբում 9 տոկոս էր պահանջում։

«Ւրենք էդ ժամանակ 1 տոկոս էին գանձում, բայց քաղաքացին, որ գնում էր հասցե էր ասում, իրենք էդ պարտքը չէին տեսնում։ Հիմա մենք իրենց բազաներ ենք տվել և բոլոր քաղաքացիները պարտքի չափ էլ են տեսնում, ու էդ բազաների վրա աշխատանք է տարվում։ Այսինքն՝ իրենց տոկոսը բարձրացել է մի քիչ, բայց մերը նաև հավաքագրումն է դրանից բավականին շատ աճել», - ասաց Ավագյանը։

«Հայփոստ»-ի Սպիտակի մասնաճյուղի տնօրեն նշանակված Գոռ Նիկողոսյանը՝ համայնքապետի որդին, կես տարի առաջ աղմկահարույց մի պատմությամբ ձերբակալվել էր։ Նրան կասկածում էին Սպիտակի բնակավայրերից մեկի՝ Սարամեջի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծելու մեջ։

Ծեծված Էդգար Հովհաննիսյանը վնասվածքներով Սպիտակի հիվանդանոց էր տեղափոխվել, նրա կինն էլ՝ վարչական ղեկավար Թամարա Մինասյանը հայտարարել էր, թե ամուսնուն ծեծել են համայնքապետի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով։

Ձերբակալվելուց հետո, սակայն, համայնքապետի որդին ազատ արձակվեց, մինչ օրս այս գործով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, դեռ նախաքննություն է ընթանում։ Գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն էլ մինչև համայնքի ղեկավար դառնալը 13 տարի ղեկավարել է նույն կառույցը, որտեղ այժմ ղեկավար է նրա որդին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG