Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը տեղական բյուջե է վերադարձրել 90 հազար դրամը, որը նախորդ տարեվերջին ստացել էր իր անվան նարդու առաջնությունում 3-րդ տեղն զբաղեցնելու համար։
Նիկողոսյանը ոչ միայն համայնքի ղեկավարի առաջնություն էր կազմակերպել, այլև անձամբ մասնակցել ու դարձել դրամական պարգև ստացած հինգ մասնակիցներից մեկը։
Թեև իրավապաշտպաններն ի սկզբանե պնդում էին, որ սա դասական շահերի բախում է, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանն այն ժամանակ վստահեցնում էր՝ մասնագետների հետ խորհրդակցել են և որևէ արգելք չեն տեսել, հարցին՝ շահերի բախում չկա՞, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Ի՞նչ կա շահերի բախման, մարդ չի՞ կարող շախմատով կամ նարդիով զբաղվի»:
Ինքնապարգևատրված Քաջայր Նիկողոսյանը, որ 90 հազար դրամն ստանալիս շահերի բախման մասին կասկած չի ունեցել, «Ազատության» հրապարակումից հետո որոշել է պարզաբանում խնդրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից՝ կա՞ արդյոք շահերի բախում, որ իր անվան մրցաշարին մասնակցել ու իր ղեկավարած համայնքի բյուջեից 90 հազար դրամ դրամական պարգև է ստացել: Հարցման տեքստում նաև պատրաստակամություն է հայտնել վերադարձնել գումարը, եթե հանձնաժողովը հաստատի շահերի բախումը։
Հանձնաժողովի պատասխանը ծավալուն է, բայց միանշանակ՝ համայնքի ղեկավարը տեղական բյուջեից գումար է նախատեսել մրցույթի համար ու հենց ինքն էլ դրամական պարգև ստացել, ինչը շահերի ակնհայտ բախում է.
«Մրցաշարի անցկացման, ինչպես նաև համայնքի բյուջեից միջոցների տրամադրման վերաբերյալ որոշումները կայացվել են Ձեր կողմից, և դրանց հիման վրա Դուք համայնքի բյուջեից ստացել եք դրամական պարգևատրում՝ 90 հազար դրամ ի չափով, ինչն օրենքի կարգավորումներով կարող էր հանգեցնել Ձեր կողմից շահերի բախման», - ասված է հանձնաժողովի հայտարարությունում:
Հանձնաժողովը առաջարկել է ոչ միայն վերադարձնել գումարը, այլև հանդես գալ հայտարարությամբ՝ հորդորելով հետագայում նման հարցերով դիմել նախքան որոշում կայացնելը, ոչ թե դրանից հետո։
Այսօր արդեն «նարդու զառերն իրենց տեղն են ընկել»՝ գումարը վերադարձված է, իսկ հայտարարությունը՝ համայնքապետարանի կայքում։ Սակայն հարցը, թե ինչու արդեն հինգ տարի պաշտոնավարող ղեկավարը չէր կանխատեսել այս իրավիճակը, բաց է մնում։ Նիկողոսյանն «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, թե մասնակիցներն են հորդորել խաղի կեսից դուրս չգալ, անգամ, եթե մրցանակային տեղի է հասել. «Խաղի ընթացքում, երբ արդյունքներն սկսում էին մոտավոր պարզ դառնալ, համայնքի ղեկավարն իր հետևողականության և շրջահայացության արդյունքում հայտարարել է խաղը չշարունակելու որոշման մասին՝ շահերի բախման հնարավոր ռիսկից խուսափելու նպատակով։ Սակայն մյուս մասնակիցները բողոքարկել են այդ քայլը՝ նշելով, որ խաղի կեսից դուրս գալն արդար չէ, և համայնքի ղեկավարի մասնակցությամբ խաղը շարունակելու ցանկություն են հայտնել», - ասված է Սպիտակի ղեկավարի պատասխանում:
Մրցաշարի սակավաթիվ մասնակիցների շարքում ոչ միայն քաղաքապետն էր, այլև իր օգնականը, Սպիտակի կազմում գտնվող Շենավան գյուղի վարչական ղեկավարը, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ի տնօրենը, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամը, ինչպես նաև քաղաքապետի որդին՝ «Հայփոստի» տեղի բաժանմունքի տնօրենը: Հենց ինքն էր հոր պարանոցից կախել մրցանակային մեդալը։
Քաղաքապետ Նիկողոսյանին հարցրել էինք՝ ինչպե՞ս են որոշել, որ հենց իր տղան, ոչ թե ասենք՝ տեղակալը պետք է իրեն հանձնի պարգևն ու մրցանակը: Պատասխանել է, թե պարգևատրման պահին՝ ներկաների առաջարկությամբ է նման որոշում կայացվել:
Ի վերջո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս փաստի առթիվ վարույթ չի հարուցել, քանի որ համայնքի ղեկավարն ստացած 90 հազարն արդեն վերադարձրել է բյուջե: Իսկ Շենավանի վարչական ղեկավարի ստացած 70 հազար դրամին անդրադառնալու իրավասություն հանձնաժողովը չունի: Վարչական ղեկավարը բարձրաստիճան պաշտոնյա չի համարվում:
Լոռեցի իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը, որը նույնպես դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ու տեղեկացրել շահերի բախման այս փաստի մասին, տեղի ունեցածը որակել էր որպես «չլսված ու չտեսնված» երևույթ մարցաշարերի պատմության մեջ: