Վարչապետի տիկնոջ տարածած տեսանյութը կարճ ժամանակ անց դատախազությունն ուղարկեց Քննչական կոմիտե, որտեղ էլ վարույթ նախաձեռնեցին ու մեկ օրում գտան Աննա Հակոբյանին նամակներ գրած օգտատիրոջը: Նա, ինչպես պարզվեց, երկրում չէ:
Վարչապետի կինը տեսանյութում նշում էր. «Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի կինը բռնության զոհ դառնա»։
Հակոբյանը, որ վերջին ամսում սոցցանցում պարբերաբար ընտանեկան բռնությունը կանխարգելելու մասին է խոսում, իր 1,5 րոպեանոց տեսանյութում հույս էր հայտնել, թե իրավապահները կկարողանան կանխել վարչապետի տիկնոջ նկատմամբ ոտնձգությունը: Սրան էլ հետևեց քրեական գործը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու հոդվածով:
Իրավապահները չեն բացահայտում, թե ո՞վ է Փաշինյանի կնոջը գրած քաղաքացին: Քննչականից միայն փոխանցում են, որ մեղադրյալը մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով էլ է մեղադրյալ, հետախուզվում է, հենց Հայաստան գա, կկալանավորվի:
Իրավապաշտպան Աննա Մելիքյանը նկատում է.- «Հատկապես վերջին շրջանում սոցցանցերում իրոք ամենուր է և՛ ատելության խոսքը, և՛ վիրավորանքը։ Եվ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, որպեսզի փոխենք իրավիճակը։ Մյուս կողմից այդ միջոցները միշտ չէ, որ պետք է քրեական վարույթ հարուցելով լինեն»։
Իրավապաշտպան Աննա Մելիքյանը համեմատում է նույն իրավապահների աշխատանքն իշխանավորների դեմ բողոքների դեպքում: Ամիսներ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայհոյել էր իրեն հայհոյած քաղաքացուն: Վերջինս մեղադրյալ դարձավ, Սիմոնյանը՝ ոչ.
«Այստեղ մենք նկատում ենք կրկին ընտրողական կամ երկակի ստանդարտների կիրառում, որովհետև չենք նկատում նման արագ արձագանք այն դեպքերում, երբ հրապարակային հայհոյանքը կամ մեկնաբանությունները տրվում են ոչ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Ավելին, ունեցել ենք դեպքեր, երբ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը հրապարակային հայհոյանք է հնչեցնում և որևէ հետևանք չի առաջանում»,- նշում է իրավապաշտպանը։
Աննա Հակոբյանն իր տեսանյութում տեղադրել է քաղաքացու՝ իրեն ուղղված նամակների սքրին շոթերը, որոնք որակել է իր կյանքին ուղղված սպառնալիք: Նրա հրապարակած հատվածում անպարկեշտ արտահայտություններից բացի մեկ հարց կա՝ «ի՞նչ ես ուզում էս երկրից»:
Իրավապաշտպան Աննա Մելիքյանը նկատում է՝ իրավապահները շատ արագ են արձագանքում վարչապետի և նրա տիկնոջ մտահոգություններին, որոշ դեպքերում նաև հրահանգներին, ու վարույթներ հարուցում: Վերջին օրինակը գործադիրի նախկին պաշտոնյա, այժմ ընդդիմադիր Լիպարիտ Դրմեյանի դեպքում էր:
«Իմիջիայլոց, որևէ մեկը հետաքննե՞լ է էդ մարդու գործունեությունը։ Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվեն ունեցվածքը»,- վարչապետ Փաշինյանի այս խոսքերից մի քանի ժամ չանցած դատախազությունն ուսումնասիրություն սկսեց Դրմեյանի հարցով:
Իսկ ինչպե՞ս կգործեին իրավապահները, եթե Աննա Հակոբյանի փոխարեն շարքային քաղաքացին ստանար նման բովանդակությամբ նամակ: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի օրինակները շատ են. ինքը տարիներ շարունակ ահազանգում է իր և մյուս գործընկերների հասցեին սպառնալիքների մասին, բայց՝ ապարդյուն.
«Անձամբ ինձ հետ եղել է սպանության սպառնալիք, որը հնչեցվել է, դարձյալ վարույթ է նախաձեռնվել, հետո կարճվել է՝ ապացույցների բացակայության կամ անձին չհայտնաբերելու պատճառով, որովհետև հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաներն են օգտագործվում դրա համար»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։
Կանանց խնդիրները բարձրաձայնող իրավապաշտպանների հասցեին բռնության կոչեր հնչեցրածները չեն դատապարտվել, գործերը կարճվել են, երբեմն անգամ մեղավորները չեն հայտնաբերվել: Մյուս կողմից՝ վերջին տարիներին հատկապես համացանցում ատելության խոսքի լայն տարածման մասին ահազանգող Հովհաննիսյանը հենց իշխանությանն է մեղադրում սրա համար, ասում է՝ «նրանք, այդ թվում՝ վարչապետն է իր օրինակով ազդում հանրության վրա, լեգիտմացնում հայհոյանքն ու վիրավորանքը»։
Իրավապաշտպանի խոսքով.- «Հատկապես վարչապետի խոսքը, որը շատ հաճախ ատելություն և բռնություն է քարոզում և տարածում, շատ հաճախ այդ խոսքերը նաև տարածվում են այն անձնաց կողմից, որոնք պաշտպանում են և տարբեր քաղաքացիներին են թիրախավորում, որոնք այլ կարծիք ունեն։ Այդ բառապաշարը, իհարկե, բարձր օղակներում և էլիտաներում շատ տարածված է և ազդում է նաև քաղաքացիների վրա»։
Իրավապաշտպան Աննա Մելիքյանը մի դիտարկում էլ ունի. ըստ վարչապետի տիկնոջ տեսանյութի, Հակոբյանն իր կյանքի համար վտանգ է համարել ոչ թե հրապարակային մեկնաբանությունը, այլ՝ նամակը: Նման դատական գործերն ուսումնասիրած իրավապաշտպանն ասում է՝ խուլիգանության հոդվածով քննում են հրապարակային խոսքը, ոչ թե՝ փակ նամակները: Մյուս կողմից, եթե հրապարակային խոսք էլ լիներ, այդ արտահայտությունները՝ հայհոյանքն ու հարցն իրենցից հանզակազմ չեն ներկայացնում: