Իր հասցեին վարչապետի արած հայտարարությունից հետո իրավապահների ուշադրության առանցքում հայտնված Լիպարիտ Դրմեյանն այսօր դիմում ներկայացրեց դատարան: Ընդդիմադիր գործիչը Նիկոլ Փաշինյանից հերքում է պահանջում:
«Երեկվա հնչեցրած հայտարարությունները իրականությանը չհամապատասխանող էին ու ունեին նաև իմ պատվին ու արժանապատվությունը արատավորող բնույթ, ու հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու մասին», - լրագրողների հետ զրույցում ասաց Դրմեյանը, - «Բոլոր այն արտահայտությունները, որոնք առնչվում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իմ պարտականությունները կատարելուն, շահերի բախումներ ունենալուն»:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավարը պնդում է՝ վարչապետն իր հայտարարություններով զրպարտել է իրեն: Չբացառեց, որ նաև գումարի պահանջ կներկայացնի Փաշինյանին:
Վարչապետը երեկ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, թե Դրմեյանը պետական պաշտոնում սպասարկել է մասնավոր ընկերության՝ «Տաշիր գրուպ»-ի շահերը, կասկածներ հայտնեց նրա ունեցվածքի օրինականության վերաբերյալ:
«Հիշում ե՞ք էստեղ ինչ խոսակցություն էր տեղի ունենում, որ արբիտրաժը, ... ՀԷՑ-ի նախկին սեփականատերերը, կալուգացին արբիտրաժում հաղթել է։ Երբ որ էս շենքում պարզվեց իրենք մարդ ունեին, էդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում ....», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով. - «Բա ասում եք կոռուպցիա, բա էդ կոռուպցիա չի՞»:
Վարչապետի հայտարարությունից կարճ ժամանակ անց Գլխավոր դատախազությունը գործընթաց սկսեց, բայց դեռ վարույթ չկա, Դրմեյանն էլ մեղադրյալ չէ:
«Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարա պարզվի, որ էս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը», - ասում էր Փաշինյանը:
Միջազգային դատարաններում Հայաստանի կառավարության շահերը ներկայացնող գրասենյակի նախկին ղեկավար Դրմեյանը Փաշինյանի քննադատության թիրախում հայտնվեց մոտ մեկ տարի առաջ: Առիթը միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի պետականացման գործընթացն էր:
«Գրասենյակը քանի որ ապահովում էր Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը արբիտրաժային վարույթում, իր լիազորություններից ելնելով՝ պատասխան է տվել՝ ներկայացնելով, թե իրավական կարգավորումը ինչպիսին է: Այսինքն՝ եթե կատարման պիտի ենթակա լինի վճիռը, ինչ քայլեր պետք է արվեն, եթե Կառավարությունը չի ցանկանում կատարել, դրա ռիսկերը որոնք են: Ընդամենը սրա մասին է խոսքը», - նշեց Դրմեյանը:
Կարապետյանները դիմել էին միջազգային արբիտրաժ, որն էլ ՀԷՑ-ի պետականացման համար ուղի հարթող իշխանության ընդունած նախագծերը «բռնագրավման օրենքներ» էր որակել և Հայաստանին պարտավորեցրել ձեռնպահ մնալ «ընկերության բռնագրավման» հետագա քայլերից, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմիններն ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ: Դրմեյանի ղեկավարած գրասենյակում համակարծիք էին այս որոշմանը և Կառավարություն ուղարկած իրենց դիրքորոշման մեջ գրել էին՝ որոշումը պարտադիր կատարման է: Փաշինյանին, սակայն, սա դուր չէր եկել, և նա ազատել էր Դրմեյանին աշխատանքից:
«Կառավարությունը ես եմ, չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա», - հայտարարել էր վարչապետը:
Դրմեյանը, սակայն, հերքում է, որ Կառավարությունում աշխատելիս սպասարկել է «Տաշիր գրուպ»-ի շահերը:Պնդում է՝ հինգ տարվա պետական ծառայողի պաշտոնում որևէ գույք ձեռք չի բերել, իր ունեցվածքն էլ արտացոլված է հայտարարագրում:
«Ես իմ պաշտոնեական գործունեության՝ լինի դա Կառավարություն, լինի դա դատական համակարգ, արտերկրում իմ աշխատելու տարիներին միշտ գործել եմ պաշտոնեական դիրքը և դրա պատասխանատվությունը քաջ գիտակցելով: Հայաստանի Հանրապետությունում, առավել ևս, գործել եմ՝ հաշվի առնելով միայն մեկ սուբյեկտի շահ՝ դա Հայաստանի Հանրապետությունն է», - պնդեց Դրմեյանը:
Խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու առաջադրված Լիպարիտ Դրմեյանն ընդգծում է՝ իր շուրջ ծավալվող գործընթացները կապված են իր քաղաքական հայացքների հետ և իրականացվում են հենց Փաշինյանի ցուցումով:
Մի քանի օրից պարզ կդառնա՝ արդյո՞ք դատարանը վարույթ կընդունի ընդդիմադիր գործչի դիմումը: