«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Արաբկիր համայնքում երթի է մասնակցել, որտեղ նրա աջակիցները քայլում էին գիշերը ձերբակալված իրենց թիմակցի՝ Անդրանիկ Թևանյանի նկարներով։
«Հիմա ժողովրդի վիճակը, երկրի ծանր վիճակը թողած... Ի՞նչ է իրա ուզածը, ի՞նչ է ուզում, նույն ճակատագրին արժանացնի՞, ինչ որ Արցախում եղավ։ Հեղինակազրկվելով, Ալիևին շնորհակալություն ասելով... էդ է իր արածը, ոչ մի բան չի կարող անել», - քննադատել է Ծառուկյանը։
ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության և պետական դավաճանության մեջ։
Ծառուկյանի պնդմամբ՝ բոլորն արդեն հոգնել են Փաշինյանի պահվածքից, վերաբերմունքից, իշխանության գործունեությունից. «Ինքը ի՞նչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի հատ նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես ծովից ծով Հայաստանը հետ է բերել, կամ ինչ-որ հայտնագործություն է արել։ Մասնատված Հայաստանը կպցրել է դոշին և ման գալով՝ ոչ մի բան չի ասում»։
Փաշինյանը «պատերազմի եռագլուխ կուսակցություն» անվանելուց բացի, օրերս «լրտեսներ» էր անվանել քաղաքական հակառակորդներին՝ հիշատակելով նաև Ծառուկյանին. «Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ և կոնտակտ ա օտարերկրյա հատուկ ծառայությունների, հաշվառված ա որպես համագործակցող անձ», - ասել էր վարչապետը։
Ի պատասխան՝ Ծառուկյանն առաջարկել էր կամ ապացուցել, որ ինքն ու Թևանյանը լրտեսներ են ու գնդակահարել իրենց, հակառակ պարագայում՝ առաջարկել էր «հյուրընկալվել» իր առյուծներին։