Օգոստոսի 7-ին ԱՄՆ Սենատը ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը խստացնելուն ուղղված օրինագծին:
Սենատը 86 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Լինդսի Օ. Գրեհեմի՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ 2026 թվականի պատժամիջոցների մասին օրինագիծը», որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ և թույլատրել խիստ մաքսատուրքեր կիրառել Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների նկատմամբ՝ ռուսական էներգակիրներից նրանց կախվածությունը նվազեցնելու նպատակով։
Երկար ժամանակ հետաձգված օրինագիծն անվանվել է Գրեհեմի պատվին՝ Հարավային Կարոլինայից Հանրապետական կուսակցության հանգուցյալ սենատորի, որը տարիներ շարունակ հանդես էր գալիս Մոսկվայի նկատմամբ ավելի խիստ միջոցների կիրառման օգտին։
Օրինագիծը թիրախավորում է Ռուսաստանի ֆինանսական հատվածը, քաղաքական ղեկավարությանը, օլիգարխներին և էներգակիրներից ստացվող եկամուտները։ Այն նաև նախատեսում է Իրանի նկատմամբ ընդլայնված պատժամիջոցներ, այդ թվում՝ երկրի սպառազինության և էներգետիկ ոլորտների դեմ։
Օրինագծի առանցքային դրույթներից մեկը նախագահին թույլ կտա մինչև 100 տոկոս մաքսատուրք սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք շարունակում են մեծ ծավալներով գնել ռուսական նավթ և գազ։
Այժմ օրինագիծը կուղարկվի Հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատ, որտեղ դրա մաքսատուրքերին վերաբերող դրույթները, հավանաբար, կքննարկվեն դեմոկրատների և որոշ հանրապետականների կողմից։
«Մոսկվային ուղղված հստակ ուղերձ»
Սենատի փոքրամասնության առաջնորդ, Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ Չաք Շումերը հայտարարել է, որ օրինագիծը ցույց կտա, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Ուկրաինային և չի պատրաստվում տեղի տալ Ռուսաստանի ճնշմանը։
Շումերը Սենատի նիստում զգուշացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է ստուգել Արևմուտքի վճռականությունը։ Նա նաև վկայակոչել է հետախուզական տվյալներ՝ ՆԱՏՕ-ի դեմ Ռուսաստանի հնարավոր սպառնալիքների վերաբերյալ։ «Եթե ցանկանում ենք դադարեցնել այն արյունահեղությունը, որը Ռուսաստանը սանձազերծել է Ուկրաինայում, պետք է Պուտինին հստակ ցույց տանք, որ նա պարտվողական պայքար է մղում»։
Հանրապետական Ջոն Թյունը հայտարարել է, որ Ռուսաստանի էներգետիկ եկամուտները հնարավորություն են տալիս Կրեմլին շարունակել ավելի քան չորս տարի տևող պատերազմը։
«Ուկրաինայում ընթացող պատերազմը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենախոշոր հակամարտությունն է», - վերջերս Սենատի նիստում ունեցած ելույթում ասել է Թյունը։ Նրա խոսքով՝ եթե Պուտինը ստանում է ռուսական նավթից և գազից եկամուտներ, ապա «նա կարող է շարունակել այս պատերազմը»։
Կիևը ողջունում է Սենատի քվեարկությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը ողջունել է Սենատի քվեարկությունը՝ այն համարելով Ուկրաինային ցուցաբերվող երկկուսակցական աջակցության շարունակականության նշան։
«Սենատի քվեարկությունը հստակ ուղերձ է հղում ամերիկյան ժողովրդից․ Ռուսաստանը պետք է շատ ավելի բարձր գին վճարի իր ագրեսիայի համար, իսկ Ուկրաինային աջակցությունը շարունակում է մնալ ամուր», - «Ազատություն» Ռադիոկայանին ասել է Վլասյուկը։