Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ընթացակարգային քվեարկությամբ, ձայների ճնշող մեծամասնությամբ աջակցել է Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին։ Փաստաթղթի օգտին, որի հեղինակներից մեկը վերջերս մահացած սենատոր Լինդսի Գրեհեմն էր, քվեարկել է 86 սենատոր՝ ինչպես հանրապետականներ, այնպես էլ դեմոկրատներ։ Դեմ է եղել 12 սենատոր։
Ընթացակարգային քվեարկությունը տեղի է ունեցել Գրեհեմի հրաժեշտի արարողությունից ընդամենը մի քանի ժամ անց։ Օրինագիծը կրում է նրա անունը։
Քվեարկությունից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փակ դռների հետևում հանդիպել է սենատորների հետ, այնուհետև հետևել է քվեարկությանը Սենատի դահլիճից, հայտնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։
Օրինագիծը, մասնավորապես, լիազորում է նախագահ Դոնալդ Թրամփին մինչև 200 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և բնական գազի աշխարհի խոշորագույն գնորդների նկատմամբ, ինչպես նաև ընդլայնում է պատժամիջոցները ռուսական ֆինանսական հաստատությունների, քաղաքական էլիտայի, խոշոր գործարարների և այսպես կոչված «ստվերային նավատորմի» նկատմամբ։
Վերջին պահին Թրամփի պնդմամբ փաստաթղթում ներառվել է նաև Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների երկարաձգումը մինչև 2031 թվականը։
Երեկոյի ընթացքում սենատորները բազմիցս ընդգծել են, որ սա պարզապես հերթական պատժամիջոցների փաթեթը չէ, այլ ռազմավարական փորձ՝ Ռուսաստանին զրկելու այն եկամուտներից, որոնք անհրաժեշտ են պատերազմը շարունակելու համար։
Նույնի մասին խոսել է նաև Վլադիմիր Զելենսկին։ Միևնույն ժամանակ նա նշել է. «Խոսքը միայն այն գումարների մասին չէ, որոնք Ռուսաստանն օգտագործում է այս պատերազմի ֆինանսավորման համար։ Սա նաև կարևոր ազդակ է Եվրոպային, մեծ ազդակ՝ Ուկրաինային և մեծ աջակցություն՝ մեր ժողովրդին»։
Սենատորների հետ հանդիպումից առաջ Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի հետ։ Նրա խոսքով՝ քննարկվել է նաև հակաօդային պաշտպանության ամրապնդումը։ Սպիտակ տանը հանդիպումը գնահատել են դրական, սակայն մանրամասներ չեն հայտնել։
Օրինագծին աջակցել են երկու կուսակցությունների սենատորները։ Հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը հայտարարել է, որ փաստաթուղթը համաձայնեցվել է Սպիտակ տան հետ։ «Նախագահն աջակցել է։ Մենք աշխատել ենք նախագահի հետ այս հարցի շուրջ։ Սա ճիշտ որոշում է այս պահին», նշել է նա։ «Այս օրինագիծը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան այն ամենը, ինչ տեղի է ունենում մարտի դաշտում», պնդել է Ռիշը։
Փաստաթղթի համահեղինակ, դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենթալը դիմել է Վլադիմիր Պուտինին. «Ձեր պատերազմի օրերը հաշված են։ Դուք պարտվող կողմում եք։ Ավելի լավ է հիմա նստել բանակցությունների սեղանի շուրջ, քան զոհաբերել ավելի շատ կյանքեր, ծախսել ավելի շատ գումար, կործանել ձեր տնտեսությունը և ոչնչացնել ձեր հեղինակությունն աշխարհում։ Ամերիկան աջակցում է Ուկրաինային»։
Սենատը դեռևս վերջնականապես չի ընդունել օրինագիծը, սակայն 86 կողմ ձայնը բավարար է ընթացակարգային խոչընդոտներն արագ հաղթահարելու համար։ Ներկայացուցիչների պալատը, սակայն, այժմ արձակուրդում է և կվերադառնա միայն սեպտեմբերին։
Այդուհանդերձ, սենատորները վստահություն են հայտնել, որ պալատը կհաստատի փաստաթուղթը։ Զելենսկու՝ սենատորների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև մի քանի կոնգրեսականներ։ Միաժամանակ Ներկայացուցիչների պալատի մի շարք դեմոկրատներ քննադատել են օրինագիծը՝ նշելով, որ այն Թրամփին լրացուցիչ լիազորություններ է տալիս մաքսատուրքերի ոլորտում, ինչը, նրանց կարծիքով, անթույլատրելի է։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և երկու կուսակցություններին աջակցության համար և հույս հայտնել, որ օրինագծին ցուցաբերված աջակցությունը դարձել է «քայլ դեպի խաղաղություն»։