Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Ֆեյրֆորդի ռազմաբազայից

B-1B Lancer ռմբակոծիչը ժամանում է RAF Ֆեյրֆորդի ավիաբազա, 29-ը սեպտեմբերի, 2026թ.
B-1B Lancer ռմբակոծիչը ժամանում է RAF Ֆեյրֆորդի ավիաբազա, 29-ը սեպտեմբերի, 2026թ.

ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ռազմաբազայից, որն անցած շաբաթ հայտնվել էր հակաահաբեկչական ոստիկանության կողմից հետաքննվող միջադեպի կենտրոնում, տեղեկացնում է BBC-ին։

Պենտագոնի տարածած հայտարարությունում հաստատվում է, որ իրենց ռմբակոծիչները՝ ենթադրաբար մոտ մեկ տասնյակ B-1 տիպի կործանիչներ, բազայից դուրս են բերվել և տեղափոխվել ԱՄՆ:

ԱՄՆ-ն դուրսբերման պատճառը չի նշել, սակայն Պենտագոնն այս քայլին է գնում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած խոշոր միջադեպից հետո, երբ ոստիկանությանը տեղեկացվել էր ավիաբազայի մոտակայքում գտնվող երեք «կասկածելի մեքենաների» մասին, որոնց խուզարկությամբ պայթուցիկ սարքեր էին հայտնաբերվել։

Ի սկզբանե հինգ մարդ ձերբակալվեց բազայի մոտ ահաբեկչական հանցագործություններ նախապատրաստելու կասկածանքով, որոնք հետագայում ազատ արձակվեցին գրավի դիմաց։ Ավելի ուշ ձերբակալվեց վեցերորդ տղամարդը՝ իրանական արմատներով Մեծ Բրիտանիայի քաղաքացի, որը նույնպես ավելի ուշ ազատ արձակվեց գրավի դիմաց։

BBC-ին նշում է, որ ռմբակոծիչները տեղափոխելու որոշումը ռազմական է, այլ ոչ թե քաղաքական, այն կայացվել է օպերատիվ մակարդակում, և ԱՄՆ զինվորականները որոշման մասին տեղեկացրել են իրենց բրիտանական գործընկերներին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանություններ չի արել։

Ինքնաթիռների տեղաշարժը հետագծող կայքերի տվյալները ցույց են տալիս, որ B-1 ռմբակոծիչները կիրակի են լքել Ֆեյրֆորդի ավիաբազան:

Մինչ այդ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել էր, թե բրիտանական կառավարությունը կարծում է, որ Իրանը ներգրավված է եղել Ֆեյրֆորդի ավիաբազայում նախապատրաստվող հնարավոր ահաբեկչությանը:

«Կան հստակ նշաններ, որ Իրանը դեր է խաղացել շաբաթավերջին Ֆեյրֆորդում տեղի ունեցածի մեջ», - ասել էր նա BBC-ին՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Իրանը հերքել է իր մասնակցությունը պատրաստվող ահաբեկչությանը: Արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի առաջնորդը «սխալ տեղում է պատասխաններ փնտրում»։

«Ես կարող եմ հաստատել Իրանի համոզմունքը, որ օտարերկրյա պետությունների համար աշխատող ենթադրյալ ահաբեկիչների ազատ արձակումն իրականում ամեն ինչ ասում է», - Արաղչին գրել էր սոցցանցերում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG