Թեհրանը կտրականապես հերքել է և դատապարտել ենթադրությունները, որ Իրանը կարող է կապ ունենալ ԱՄՆ-ի կողմից օգտագործվող բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայում հնարավոր ահաբեկչության նախապատրաստման հետ, ինչի կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել:
Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատան տարածած հայտարարությունում ասվում է, որ «բրիտանացի որոշ անհատներ և լրատվամիջոցներ» «անհիմն և չարամիտ ենթադրություններ» են հրապարակել, որոնք փորձում էին Իրանին կապել Ֆեյրֆոլդ բազայում տեղի ունեցած միջադեպի հետ։
«Նման հորինված ենթադրությունների շրջանառությունը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի դեմ կատարված հանցավոր ագրեսիայից հետո, չի ծառայի որևէ այլ նպատակի, քան Մեծ Բրիտանիայում իրանաֆոբիայի քարոզչությունը խթանելուն»,- ասվում է հայտարարությունում:
Դեսպանատունը նաև սպառնացել է իրավական գործողություններ ձեռնարկել՝ «պաշտպանելու երկրի և նրա ժողովրդի իրավունքներն ու շահերը՝ ի պատասխան լրատվամիջոցների մոլորեցնող և վնասակար պատմությունների»։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան իրավական միջոցներ՝ երկրի և նրա ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար՝ ի պատասխան լրատվամիջոցների մոլորեցնող և վնասակար պատմությունների»,- նշվում է հայտարարությունում։
Մինչ այդ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի Հակաահաբեկչական ոստիկանությունն ուսումնասիրում է նաև Իրանի հնարավոր առնչությունը Ֆեյրֆորդի ավիաբազայում հնարավոր ահաբեկչություն նախապատրաստելուն: Ավելին, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը կոնկրետ մեղադրել էր Իրանին և Ռուսաստանին՝ «Մեծ Բրիտանիայի տարածքում միջնորդների միջոցով հանցավոր գործողություններ կատարելու համար»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը, սակայն, զգուշացրել էր՝ միջադեպին Իրանի առնչության մասին դեռ վաղ է եզրահանգումներ անելը: «Կարծում եմ՝ վաղաժամ է ենթադրություններ անել այս անձանց և նրանց դրդապատճառների մասին, այս պահին հետաքննություն է ընթանում: Այնպես որ, եկեք դա մի կողմ դնենք»,- ասել էր նախարարը: