Մատչելիության հղումներ

Թրամփը պնդել է՝ կասկածյալները մտադիր էին «մեծ վնաս» պատճառել. ի՞նչ է հայտնի բրիտանական ավիաբազայի միջադեպից

Ֆեյրֆորդի ավիաբազան միջադեպից հետո, 27-ը սեպտեմբերի, 2026 թ.
Ֆեյրֆորդի ավիաբազան միջադեպից հետո, 27-ը սեպտեմբերի, 2026 թ.

Հինգ մարդ է ձերբակալվել Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Այս ավիաբազան օգտագործում է ամերիկյան զինուժը, այստեղ են տեղակայված Իրանի դեմ պատերազմում կիրառված ամերիկյան ինքնաթիռներ, այդ թվում՝ կործանիչներ:

Ձերբակալությունը տեղի է ունեցել, երբ տեղացիներից մեկը երեք կասկածելի միկրոավտոբուս և դիմակավորված տղամարդկանց էր նկատել տարածքում և զանգահարել արտակարգ իրավիճակների ծառայություն: Այդ մեքենաներում իրավապահները հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, թեև ստուգումները շարունակվում են՝ պարզելու, թե արդյոք դրանք կարող են պայթել:

Միջադեպի պատճառով ավիաբազային մոտ գտնվող Ուելֆորդ բնակավայրից մոտ 85 տան բնակիչներ տարհանվել է, 400 մետր շառավղով անվտանգության գոտի է ստեղծվել:

Արդյոք Իրանն առնչվում է միջադեպին

Հակաահաբեկչական ոստիկանությունն ուսումնասիրում է նաև Իրանի հնարավոր առնչությունը միջադեպին, քանզի Թեհրանը Լոնդոնին հրապարակավ է զգուշացրել, որ պատասխան կտա Իրանին հարվածելու նպատակով իր ռազմաբազաներն ԱՄՆ-ին տրամադրելու համար:

Ֆեյրֆորդի ավիաբազան խոշոր միջադեպից հետո, 27-ը սետեմբերի, 2026թ.
Ֆեյրֆորդի ավիաբազան խոշոր միջադեպից հետո, 27-ը սետեմբերի, 2026թ.

Ավելին, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը Իրանից բացի նաև մեղադրել է Ռուսաստանին՝ Մեծ Բրիտանիայի տարածքում միջնորդների միջոցով հանցավոր գործողություններ կատարելու համար։

Պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգն իր հերթին ասել է, թե գիտեն, որ Իրանը և նրա պրոքսիները ցանկանում են վնաս հասցնել Մեծ Բրիտանիային, սակայն զգուշացրել է՝ միջադեպին Իրանի առնչության մասին դեռ վաղ է եզրահանգումներ անելը:

«Կարծում եմ՝ վաղաժամ է ենթադրություններ անել այս անձանց և նրանց դրդապատճառների մասին, այս պահին հետաքննություն է ընթանում: Այնպես որ, եկեք դա մի կողմ դնենք»,- ասել է պաշտպանության նախարարը:

Անվտանգությունը՝ առաջնահերթություն

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ այս միջադեպը «հիշեցում է երկրի առջև ծառացած սպառնալիքների մասին»։ «Մենք միշտ կպաշտպանենք մեր անվտանգությունը նրանց դեմ, ովքեր ցանկանում են վնաս հասցնել մեզ», - ասել է Էդ Միլիբենդը:

Զինված ոստիկանները արգելափակոց են տեղադրում Ֆեյրֆորդ բազայի մուտքի մոտ, 27-ը սեպտեմբերի, 2026 թ.
Զինված ոստիկանները արգելափակոց են տեղադրում Ֆեյրֆորդ բազայի մուտքի մոտ, 27-ը սեպտեմբերի, 2026 թ.

Վարչապետն էլ հայտարարել է, որ հանրային անվտանգությունը կառավարության առաջնահերթությունն է: Էնդի Բըրնհեմը ևս հորդորել է զերծ մնալ վաղաժամ եզրակացություններ անելուց, քանի դեռ հետաքննություն է ընթանում:

Մտադիր էին «մեծ վնաս» պատճառել ավիաբազային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, պնդել է, թե կասկածյալները նպատակ են ունեցել «մեծ վնաս» պատճառել ավիաբազային:

«Մեծ Բրիտանիայում ձերբակալությունը ֆանտաստիկ էր ... Նրանք ցանկանում էին լուրջ վնաս հասցնել մեր ամրոցին։ Եվ բրիտանացիների հետ համագործակցությունը շատ արդյունավետ էր»,- ասել է Թրամփը։

Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ միջադեպից հետ ԱՄՆ-ի կողմից երկրում օգտագործվող այլ ռազմաբազաներում անվտանգությունն ուժեղացվել է:

B‑1B Lancer ռմբակոծիչը կայանված է Ֆեյրֆորդի ավիաբազայում, 27-ը սեպտեմբերի, 2026թ.
B‑1B Lancer ռմբակոծիչը կայանված է Ֆեյրֆորդի ավիաբազայում, 27-ը սեպտեմբերի, 2026թ.

Այլ միջադեպեր Եվրոպայում

Ֆեյրֆորդի ավիաբազայի միջադեպը տեղի է ունենում եվրոպական տարբեր երկրներում նման այլ միջադեպերի ֆոնին, որոնք վերջին շրջանում ավելի հաճախ են դարձել: Անցած շաբաթ Բեռլինի օդանավակայանն անօդաչուի պատճառով մեկ ժամով դադարեցրել էր աշխատանքը:

Անցած ամիս էլ Գերմանիայի Վունշտորֆ ռազմական օդանավակայանի մոտակայքում անօդաչուի բեկորներ էին հայտնաբերվել: Մինչ այդ էլ Լայպցիգի օդանավակայանում զինամթերքով բեռնված ուկրաինական տրանսպորտային ինքնաթիռի մոտ էին անօդաչուներ հայտնաբերվել, որոնցից մեկը՝ պայթուցիկ նյութերով:

​
XS
SM
MD
LG