Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, թե բրիտանական կառավարությունը կարծում է, որ Իրանը ներգրավված է եղել Ֆեյրֆորդի ավիաբազայում նախապատրաստվող հնարավոր ահաբեկչությանը, որի արդյունքում հինգ մարդ ձերբակալվեց, ապա ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակվեց, հայտնում է BBC-ին։
«Կան հստակ նշաններ, որ Իրանը դեր է խաղացել շաբաթավերջին Ֆեյրֆորդում տեղի ունեցածի մեջ», - ասել է նա BBC-ին՝ այլ մանրամասներ չի հայտնելով։
Ֆեյրֆորդի բրիտանական ավիաբազան օգտագործում է ԱՄՆ-ն: Այնտեղ են տեղակայված Իրանի դեմ պատերազմում կիրառված ամերիկյան ինքնաթիռները: Ավիաբազայի մոտ սեպտեմբերի 27-ին քննիչները պայթուցիկ նյութեր էին հայտնաբերել երեք ավտոմեքենայում, ինչից հետո էլ ձերբակալվել էին նշված հինգ անձինք:
Իրանը միջադեպից հետո հերքել էր իր մասնակցությունը պատրաստվող ահաբեկչությանը: Արտգործնախարար Աբբաս Արաղչին հիմա էլ արձագանքել է Բըրնհեմին՝ ասելով, որ Մեծ Բրիտանիայի առաջնորդը «սխալ տեղում է պատասխաններ փնտրում»։
«Ես կարող եմ հաստատել Իրանի համոզմունքը, որ օտարերկրյա պետությունների համար աշխատող ենթադրյալ ահաբեկիչների ազատ արձակումն իրականում ամեն ինչ ասում է», - Արաղչին գրել է սոցցանցերում։
Բըրնհեմին հարցրել են, թե ինչու են կասկածյալներն ազատ արձակվել գրավի դիմաց՝ որոշում, որի մասին բացահայտորեն տարակուսանք է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մեծ Բրիտանիայի վարչապետը պնդել է, թե այդ մարդանց նկատմամբ կիրառվել է գրավի «հնարավոր ամենախիստ պայմանները»։
Երկուշաբթի Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ Թրամփն ասել էր. «Ես կասեի՝ թույլ մի՛ տվեք, որ նրանք գրավի դիմաց ազատ արձակվեն։ Ես զարմացած եմ, որ նրանք ազատ արձակեցին նրանց։ Ես դա չէի անի»։
Բըրնհեմը, սակայն, ասել է. «Կարծում եմ՝ մարդիկ պետք է հասկանան, որ երբ ասվում է ազատ արձակվել, դա այն չէ, ինչ մարդիկ կարող են մտածել։ Ակնհայտ է, որ դա հնարավոր ամենախիստ գրավի պայմաններով է արվել: Իշխանությունները սա պահում են ամենախիստ վերահսկողության տակ: Ես կարող եմ ձեզ վստահեցնել»։
Բըրնհեմի մեկնաբանությունները հնչեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Ֆեյրֆորդում տեղի ունեցած միջադեպը «ակնհայտորեն կապված է օտարերկրյա դերակատարի հետ»։
Fox News-ին տված հարցազրույցում Ռուբիոն ասել է. «Կարծում եմ՝ սա մեզ կապում է իրականության հետ, մենք գործ ունենք աշխարհի որոշ տարրերի հետ, և օրինակ՝ Իրանը, որը բացահայտորեն սպառնացել է հարձակվել ամերիկյան շահերի վրա ամբողջ աշխարհում»։
Բըրնհեմն ասել է, որ կառավարությունն «ամբողջ շաբաթ բանակցություններ է վարել Միացյալ Նահանգների իր գործընկերների հետ՝ բացատրելու համար, թե ինչ է կատարվում այստեղ և ինչպես են գործերն արվում», և որ ինքը «լիովին վստահում է, թե ինչպես են բրիտանական անվտանգության ծառայությունները կատարում իրենց աշխատանքը»:
«Մենք միջադեպին ավելի մանրամասն կանդրադառնանք իր ժամանակին, բայց կարող ենք հաստատել, որ կարծում ենք, որ Իրանը դեր է խաղացել այս գործում», - ասել է նա BBC-ին։