ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել դադարեցնել փոխադարձ հարձակումները, կրկին հանդիպել՝ բանակցելու, ինչպես նաև թույլ տալ նավերի անվտանգ տեղաշարժը Հորմուզի նեղուցով, «Ազատությանը» պատմել է ամերիկացի պաշտոնյան։
«Տեխնիկական բանակցությունները նախատեսվում են շարունակել [փոխըմբռնման հուշագրի] բոլոր ուղղություններով։ Երկու կողմերն էլ առժամանակ կդադարեցնեն ռազմական գործողությունները, և նավերը կարող են ազատորեն տեղաշարժվել [նեղուցով]», - նախօրեին ուշ երեկոյան հայտնել է պաշտոնյան։
Բանակցությունները կվերսկսվեն վաղը՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում, հայտնել է Axios-ի աղբյուրը։
Թեհրանը չի մեկնաբանել այս տեղեկությունը, և Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հետագա բանակցությունների առնչությամբ հայտնի չէ։
Իրանը, մատնանշելով ամերիկյան հարվածները, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրի, իրանական բնութագրմամբ, խախտումները, հրաժարվել էր հունիսի 28-ին նախատեսված բանակցություններից։
«Օրինակ՝ պատճառներից մեկը ստուգելն է, թե արդյոք մենք հասանելիություն ունե՞նք ապասառեցված ֆոնդերին։ Եթե հասանելիություն չկա, ուրեմն այս պայմանը չի կատարվել», - ասել է Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Մեհդի Ֆազաեիլին։
Վերջին օրերին Միացյալ Նահանգներն ու Իրանը միմյանց մեղադրում էին հրադադարի խախտումների մեջ։