ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Քուվեյթում հայտարարել է, որ Շվեյցարիայում ամերիկա-իրանական տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ամսվա վերջին։
«Տեխնիկական խումբը կվերադառնա, կարծում եմ՝ հունիսի 29-ին կամ 30-ին», - «Ազատության» թղթակցին հայտնել է Ռուբիոն՝ մանրամասնելով, որ քննարկումների հաջորդ փուլում ներգրավվելու են նաև պատժամիջոցների, միջուկային հարցերի և մեխանիզմների իրականացման փորձագետներ ԱՄՆ պետքարտուղարությունից և էներգետիկայի նախարարությունից։
Ռուբիոյի այցերը ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն տեղի են ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի փխրուն շրջանակային համաձայնության ֆոնին։ Ծոցի արաբական երկրները մտահոգված են տարածաշրջանային անվտանգության և Թեհրանի հետագա հավակնությունների համար։
Քուվեյթի էմիրի և թագաժառանգի հետ հանդիպմանը Ռուբիոն վստահեցրել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ որևէ համաձայնություն չի կնքի Ծոցի երկրների անվտանգության հաշվին։
«Մենք չենք անի որևէ բան, որը կխաթարի տարածաշրջանում մեր վաղեմի դաշնակիցների անվտանգությունը», - ասել է Ռուբիոն։
Դիվանագետի վստահեցմամբ՝ Պարսից ծոցում Վաշինգտոնի ստանձնած հանձնառությունները տեսական չեն, շոշափելի են։
Ռուբիոն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ նավթային որոշ պատժամիջոցները 60 օրով դադարեցնելու վիճահարույց որոշմանը՝ արձանագրելով, որ տվյալ մեղմացումը ժամանակավոր է։
«Երբ բանակցությունների մեջ եք մտնում, դա որևէ բան ստանալու և որևէ բան տալու գործընթաց է», - լրագրողների հետ զրուցելիս ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ նախազգուշացնելով Թեհրանին, որ Շվեյցարիայում ստանձնած հանձնառությունները չկատարելը կարող է հանգեցնել պատժամիջոցների վերականգնմանը։
Պետքարտուղար Ռուբիոն արձագանքել է նաև Հորմուզի նեղուցով նավարկության համար տուրքեր նախատեսող նոր «մեխանիզմին», որը, ըստ տեղեկությունների, Թեհրանի առաջարկն է։
Պետքարտուղարը կտրուկ մերժել է այդ գաղափարը․ «Երկրի վրա չգիտեմ որևէ պետություն, որը կողմ կլինի նեղուցներից օգտվելու համար տուրքերի կամ վճարների սահմանմանը․․․Ամբողջ աշխարհը դեմ կլինի դրան»։
Ռուբիոն Իրանին կոչ է արել հնարավորինս շուտ թույլ տալ միջուկային տեսուչների մուտքը երկիր՝ ընդգծելով, որ դա համաձայնության կարևոր կետերից է։
Նա նաև վստահեցրել է, որ Վաշինգտոնը Ծոցի գործընկերներին կտեղեկացնի Իրանի բալիստիկ և դրոնային կարողությունների, ինչպես նաև հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ բանակցությունների ընթացքի մասին։