Իրանում ԱՄՆ-ի երեկվա և այս գիշերվա հարձակումների հետևանքով հինգ նահանգներում զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը, հաղորդում են պետական լրատվամիջոցները: Fars-ը հայտնել է, որ ամերիկյան զինուժի հարվածներից մեկը թիրախավորել է երկաթուղային կամուրջը, որն օգտագործվում է Ռուսաստանի և Չինաստանի հետ առևտրի համար։
Այսօր առավոտյան մի քանի պայթյուններ են լսվել Բուշեր նահանգում, որտեղ տեղակայված է Իրանի ատոմակայանը, ինչպես նաև Բանդար Աբբասում՝ Հորմուզի նեղուցի նավահանգստային քաղաքում:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածել են մոտավորապես 90 իրանական ռազմական թիրախների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, առափնյա հսկողության միջոցների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերի և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքների։
«Սա հատուցում է Իրանի կողմից ռմբակոծված նավերի դիմաց: Եթե կրկին նման բան անեն, շատ ավելի վատ կլինի», - երեկ գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social հարթակում։
Իրանի բանակը հայտարարել է, թե ի պատասխան՝ հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան Patriot համակարգերին, Կատարում ամերիկյան հենակետերին ու Բահրեյնում ԱՄՆ բանակի վառելիքի պահեստին։
Կատարը, որտեղ տեղակայված է տարածաշրջանում ամենամեծ ամերիկյան ռազմաբազան, կոչ է արել վերադառնալ դիվանագիտությանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին միաժամանակ դատապարտել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումները, որից սկիզբ առավ բռնությունների այս ալիքը։
Չնայած Իրանը չի ստանձնել այդ հարձակումների պատասխանատվությունը, վերլուծաբանները նշում են, որ Թեհրանը նման գործողություններն օգտագործում է ԱՄՆ-ի հետ բանակցություններում լծակներ ձեռք բերելու համար։