Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կրկին հարվածել է Կիևին․ երկու մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել

Ռուսական ուժերը սեպտեմբերի 8-ի գիշերը բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել են Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունների փոխանցմամբ՝ երկու մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ վիրավորներից հինգը տեղափոխվել են հիվանդանոց, երկուսի վիճակը ծանր է։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ հարվածների հետևանքով ավերածություններ ու հրդեհներ են գրանցվել Կիևի առնվազն հինգ շրջանում։ Վնասվել են բնակելի շենքեր, պահեստներ ու ավտոտնակներ։ Սոլոմենսկի շրջանում հինգհարկանի բնակելի շենքում մարդիկ էին արգելափակվել․ փրկարարները տասը մարդու դուրս են բերել շենքից։ Գոլոսեևսկի շրջանում հրդեհ է բռնկվել նաև ուսումնական հաստատության տարածքում։

Հարվածներից տուժել է նաև Կիևի մարզը։ Բելայա Ցերկովում մեկ մարդ բեկորային վնասվածքներ է ստացել։ Տարբեր շրջաններում վնասվել են բնակելի տներ, արտադրական ու պահեստային շինություններ, մեքենաներ։

Ռուսական հարվածները հաջորդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Կիև այցին։ Նրանք Ուկրաինայի մայրաքաղաքը լքել էին սեպտեմբերի 7-ի գիշերը։ Այցից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների։ Մոսկվան ևս չի բացառել բանակցությունների այդ ձևաչափին վերադառնալու հնարավորությունը՝ նշելով, սակայն, որ հանդիպման վայրի ու ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։

XS
SM
MD
LG