Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը թափուր է մնացել վրաց Պատրիարքի հուղարկավորության ժամանակ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությունը, Թբիլիսի, 22-ը մարտի, 2026թ.
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությունը, Թբիլիսի, 22-ը մարտի, 2026թ.

Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը թափուր է մնացել վրաց Պատրիարքի հուղարկավորության ժամանակ: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև սրբազանն ու Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոսն են Թբիլիսիում եղել, բայց՝ պատվիրակությունների շարքում, ոչ թե այնտեղ, որտեղ եկեղեցիների առաջին դեմքերն էին: Տարակուսած էին վրացի հոգևորականները, ասում են հուղարկավորությանը մասնակցած միաբանները:

«Պատրիարքներու շարքը որ կար, ինքը պատրիարքներուն գլուխը պիտի նստեր, որովհետև ինքը ամենամոտ երկիրն էր, ամենամոտ սահմանն էր Վեհափառը, և Վեհափառը շատ մեծ կապեր ունի Վրաց եկեղեցու հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

«Քանի որ Վեհափառին թույլ չտվին, և մենք նկատեցինք՝ Վրաց եկեղեցին և հոգևորականները շատ մտահոգված էին և նեղված էին, որ Վեհափառը ներկա չէր, և իրենք իրապես սպասում էին Վեհափառին, իրենց համար կարևոր էր Վեհափառի ներկայությունը», - նշեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդը:

Մյուս եկեղեցիների ներկայացուցիչները նույնպես, ըստ Տաթև սրբազանի, զարմացած էին, մոտեցել, ասել են այդ մասին Մայր Աթոռի երկու եպիսկոպոսներին. - «Մյուս եկեղեցիներն էլ մտահոգված էին, իրենք կսպասեին անպայման Վեհափառը որ գա, որովհետև վերջապես դրացի երկիր է և եղբայրական երկիր մեզ Վրաստանը»:

«Ուղղակի զարմանք էին ապրում իրենք, որ այդպիսի բան մեր ժամանակներում հնարավոր է, որ կատարվի», - ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդը պատմում է՝ հուղարկավորությանը նախորդող օրերին, երբ վրացի հոգևորականների հետ պատրաստվում էին դիմավորել Ամենայն Հայոց կաթողիկոսին, ինքը մի քանի անգամ ասել է, որ Հայաստանում խնդիր կա, Վեհափառը մեղադրյալի կարգավիճակ ունի՝ երկրից բացակայելու արգելքով, փաստաբանը միջնորդել է, որ վերացնեն ելքի արգելքը: Կիրակոս եպիսկոպոսի խոսքով՝ զարմացել են ու չեն մտածել, որ կլինի այն, ինչ եղավ:

«Այստեղ տեսան, որ այն կարգի է հալածվում եկեղեցին, որ չի կարող եկեղեցու պետը մասնակցել իր հարևան եկեղեցու գահակալի հուղարկավորությանը, որի հետ անձնական մտերմություն է ունեցել, ... նաև պատմական մտերմություն է ունեցել», - ընդգծեց Վիրահայոց թեմի առաջնորդը:

Ուրբաթ օրն էր Վեհափառի փաստաբանը միջնորդություն ներկայացրել քննիչին, որ նա Ամենայն Հայոց կաթողիկոսին թույլ տա մեկնել Հայաստանից՝ մասնակցել հուղարկավորությանը, Վրաստանի պատրիարքական տեղապահը հատուկ հրավեր էր ուղարկել: Քննիչի մերժումը փաստաբան Արա Զոհրաբյանը հրապարակեց շաբաթ օրը:

Գարեգին Երկրորդը մեղադրյալ դարձավ շուրջ մեկ ամիս առաջ՝ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսին վերաբերող դատական ակտը չկատարելու գործով: Ընտրված խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, նրա իրավական թիմն անհեթեթ է համարում ու այժմ վիճարկում է դատարանում:

«Խափանման միջոցը կիրառվում է էն ժամանակ, երբ որ կա փախուստի վտանգ: Վեհափառ Հայրապետին մեղադրել փախուստի մեջ, ընդ որում՝ այն դեպքում, երբ որ այդ հանցակազմը, ինչի մեջ որ մեղադրում են, հաշվի առնելով Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները և Քրեական օրենսգրքի, ազատազրկում պատիժ չի էլ նախատեսվելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Փաստաբանը վստահ էր, որ որոշումը ոչ թե քննիչն է կայացնելու, այլ իշխանությունն՝ ամենաբարձր մակարդակով: Վարչապետը շուրջ մեկ տարի, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ վերջերս, հստակ ներկայացրեցին, որ Վեհափառը իրենց Վեհափառը չէ:

«Ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես Կաթողիկոս», - հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական Միության ԿաԳեԲեի գործակալ է եղել», - օրերս հայտարարեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը:

Այսօր արտգործնախարարին են լրագրողները հարցրել՝ ինչո՞ւ թույլ չտրվեց, որ Գարեգին Երկրորդը մասնակցի հարևան բարեկամ երկրի Պատրիարքի հուղարկավորությանը:

«Իրավական կարգավորման հարց է և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պատասխանելիքը չի», - հարցին արձագանքել է Արարատ Միրզոյանը:

Իշխող վերնախավի որոշումն է, ոչ թե քննիչինը, չեն կասկածում Իլիա Երկրորդին ճանապարհած հայ հոգևորականները:

«Ամբողջ աշխարհն է Վեհափառ Հայրապետին ընտրել որպես Կաթողիկոս, մենք 12 միլիոն ենք աշխարհում՝ 12 միլիոն հայորդիները ընտրել են Վեհափառ Հայրապետին: Հայաստանի իշխանությունը իրավունք չունի այս բաները անելու», - ասաց Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

Վրաստանում ավելի քան 70 հայկական եկեղեցի ու մատուռ է գործում, Հայ Առաքելական եկեղեցին Վրաց եկեղեցուն ամենամոտը կանգնած եկեղեցին է: Վրաց Պատրիարքն ու Գարեգին Երկրորդը բարեկամներ էին, ինչպե՞ս է հնարավոր, որ վրաց ժողովրդի վշտի պահին Սամեբա մայր տաճարում չլիներ Գարեգին Երկրորդը, վշտանում են հոգևորականները:

«Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով», - ասել էր վարչապետ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էին Վրաստանի մայր տաճարում, նստած էին ադրբեջանական պատվիրակությունը գլխավորող Միլլի մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի կողքին: Կովկասի մուսուլմանների առաջնորդը շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նույնպես այստեղ էր՝ այլ եկեղեցիների առաջին դեմքերի կողքին:

XS
SM
MD
LG