93 տարեկանում մահացել է Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդը։ «Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պատրիարքական գահի տեղապահ, միտրոպոլիտ Շիո Մուջիրին։
Իլիա Երկրորդը Վրացական եկեղեցու առաջնորդն էր 1977 թվականից:
1957 թվականի ապրիլի 16-ին, 24 տարեկանում, նա ընդունել է վանական կարգ՝ ստանալով Իլիա անունը։
1977 թվականի դեկտեմբերի 23-ին Թբիլիսիի Սիոնի տաճարում տեղի է ունեցել Վրաց ուղղափառ եկեղեցու 12-րդ ժողովը։ Այդ ժամանակ Սուխումի և Աբխազիայի եպիսկոպոսի պաշտոնը զբաղեցնող Իլիա Շիոլաշվիլին ընտրվել է եկեղեցու առաջնորդ։ Նա ստացել է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթի և Թբիլիսիի արքեպիսկոպոս Իլիա Երկրորդի կոչումը, որին ավելի ուշ ավելացել է Պիցունդայի, Սուխումիի և Աբխազիայի միտրոպոլիտ։