Մատչելիության հղումներ

Ո՞վ էր Ալի Լարիջանին Իրանի քաղաքական դաշտում

Ալի Լարիջանին, որն Իրանի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր և հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մտերիմ ու վստահելի անձը, սպանվել է մարտի 17-ին մայրաքաղաք Թեհրանին հասցված ավիահարվածից:

Զբաղեցնելով Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի՝ երկրի քաղաքականությունը մշակող հիմնական մարմնի քարտուղարի ազդեցիկ պաշտոնը՝ Լարիջանին դարձավ Իսլամական Հանրապետության փաստացի առաջնորդը, երբ փետրվարի 28-ին իսրայելական զինուժի հարվածի հետևանքով Խամենեին սպանվեց: Լարիջանին հոգևորական չէր՝ նա գործիչ էր, ում հաջողվեց միավորել մրցակցող քաղաքական խմբակցություններին և ամուր կապեր պահպանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ), հետախուզական ծառայությունների և հոգևորականության հետ։

Խամենեիի մահից, նրա որդու իրավահաջորդության վիճարկումից և Լարիջանիի մահից հետո Իրանում ղեկավարության չափազանց խորը վակուում է ստեղծվում։

Փորձագետները կարծում են, որ նրա մահը կարող է նաև բարդացնել այս պատերազմը դադարեցնելու ցանկացած դիվանագիտական ջանք։

«Ալի Լարիջանիին այս դերում փոխարինող չկա այն մարդկանց շրջանում, ում մենք գիտենք, որ դեռ Իսլամական Հանրապետության համակարգում են, այսինքն՝ այն քաղաքական գործիչները, որոնք կարող ենք հաստատել, որ դեռ [կենդանի] են»,- ասում է Մեծ Բրիտանիայում բնակվող քաղաքական վերլուծաբան Բաբակ Դորբեյկին։

Համակարգի գործիչը

Տասնամյակներ տևած քաղաքական կարիերայի ընթացքում 67-ամյա Լարիջանին, ի թիվս այլ պաշտոնների, ծառայել է որպես միջուկային ծրագրի շուրջ բանակցող, խորհրդարանի խոսնակ և պետական գործիչ: Բայց նախևառաջ նա մարդ էր, որը կարողանում էր գոյատևել:

Լարիջանին երկու անգամ կորցրեց իշխանությունների համակրանքը, բայց կրկին վերադարձավ քաղաքականություն։ 2025-ի հունիսին Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ Իրանի 12-օրյա պատերազմից հետո նա ավելի ու ավելի կարևոր դեր խաղաց որպես ազգային անվտանգության ղեկավար։

Լարիջանիի կարիերան աչքի է ընկել իր բազմազանությամբ: Նա ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, 10 տարի ղեկավարել է պետական հեռուստատեսությունն ու ռադիոն, խորհրդարանի միջոցով համաշխարհային տերությունների հետ բանակցել է միջուկային ծրագրի շուրջ և հասել 2015-ի համաձայնությանն ու 12 տարի եղել է խորհրդարանի խոսնակ։

Իսլամական Հանրապետության համար Լարիջանին կապող օղակ էր ծառայում երկրի ներսում հոգևորականության և գեներալների, ինչպես նաև Իրանի և արևմտյան երկրների միջև։ Նա երբեք գաղափարական արմատական չի եղել։ Սակայն համարվում էր համակարգի ամենակարող գործիչը։ Նույնիսկ այդ ժամանակ համակարգը նրան երկու անգամ մերժեց: Սահմանադրության պահապանների խորհուրդը, որը հոգևորական մարմին է, որտեղ գերակշռում են կոշտ գծի կողմնակիցները, 2021 և 2024 թվականներին Լարիջանիին արգելեց նախագահի պաշտոնում առաջադրվել: Այս որոշումները ցնցեցին նույնիսկ նրա քննադատներին:

Վերլուծաբանները նրա որակազրկումը մեծ մասամբ մեկնաբանեցին որպես քաղաքական մրցակից խմբերի միջև մանևր՝ քաղաքական դաշտում կոշտ գծի կողմնակիցների համար ճանապարհ հարթելու միջոց, սակայն այդ ազդակը նվաստացուցիչ էր մարդու համար, որը տասնամյակներ շարունակ ծառայել էր Իսլամական Հանրապետությանը ամենաբարձր մակարդակներում։

«Իրանի Քենեդիները»

Լարիջանին ծնվել է հարևան Իրաքի շիաների սուրբ քաղաք Նաջաֆում և սերում է մի ընտանիքից, որն այնքան սերտորեն էր կապված 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո ձևավորված քաղաքական վերնախավի հետ, որ Time ամսագիրը մի անգամ նրանց անվանել է «Իրանի Քենեդիներ»։ Նրա հայրը ականավոր կրոնական գիտնական էր, իսկ Լարիջանիի ամուսնական կապը Իսլամական Հանրապետության ստեղծման համար պատասխանատու Հեղափոխական խորհրդի նախագահ Մորտեզա Մոթահարիի ընտանիքի հետ սկզբից ևեթ ապահովեց նրա տեղը իշխանության միջանցքներում։

Ի տարբերություն իր շատ հասակակիցների, որոնք ավարտել էին բացառապես իսլամական սեմինարիաները, Լարիջանին նաև աշխարհիկ ակադեմիական կրթություն ուներ. նա Թեհրանի համալսարանում ստացել է արևմտյան փիլիսոփայության մագիստրոսի և դոկտորի աստիճաններ։ Իր ատենախոսությունը Լարիջանին գրել է գերմանացի փիլիսոփա Էմանյուել Կանտի ստեղծագործությունների թեմայով։

Հարություն՝ պատերազմի ժամանակ

Համեմատաբար քաղաքական անորոշությունում մի քանի տարի անցկացնելուց հետո Լարիջանիի ճակատագիրը փոխվեց 12-օրյա պատերազմից հետո։

Հունվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կիրառեց Լարիջանիի նկատմամբ՝ 2025-ի դեկտեմբերի վերջին բռնկված և հազարավոր մարդկանց կյանք խլած զանգվածային բողոքի ցույցերը դաժան ճնշելու գործում նրա դերի համար։

Անցյալ ամիս՝ նախքան Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի բռնկումը, Խամենեին Լարիջանիին առաջադրեց որպես իր նախընտրելի թեկնածու՝ իր մահվան դեպքում երկիրը ժամանակավորապես ղեկավարելու համար։ Խամենեին սպանվեց ընդամենը մի քանի օր անց։

Այդ ժամանակվանից ի վեր Լարիջանին Իրանի պաշտոնական ամենաակտիվ դեմքերից մեկն էր։ Մարտի 13-ին, ի նշան բողոքի, նա և Իրանի այլ բարձրաստիճան ղեկավարներ Թեհրանում երթի մասնակցեցին, մինչ Իսրայելը ավիահարվածներ էր իրականացնում քաղաքի վրա։

Դա վերջին անգամն էր, որ Լարիջանին երևաց հանրությանը:

Հոդվածի պատրաստմանը նպաստել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայության՝ «Ռադիո Ֆարդա»-ի թղթակից Հաննա Կավիանին։


XS
SM
MD
LG