Ալավերդի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Սասուն Վարդումյանը, դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը ձեռքին, արդեն երկու ամիս է՝ չի կարողանում վերականգնվել պաշտոնում կամ ստանալ երկու տարվա չվճարված աշխատավարձը։ Դեռ անցած տարի վարչական դատարանն անվավեր էր ճանաչել նրան աշխատանքից ազատելու որոշումը, բայց համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հրաժարվում է կատարել պահանջը՝ չնայած վերին ատյաններում իր անարդյունք բողոքարկումներին։
Իրավական վիճակն ավելի է խճճվել, երբ Վարդումյանը փորձել է դատարանից ստանալ ԴԱՀԿ ներկայացվող անհրաժեշտ փաստաթուղթը։ Նա ստիպված է եղել նոր հայցով դիմել վարչական դատարան, բայց այս հայցը վարչական դատարանը ոչ թե քննել է, այլ ուղարկել է վճռաբեկ դատարան՝ որոշելու, թե ո՞ր դատարանը պետք է քննի Վարդումյանի նոր հայցը:
«Վարչական դատարանն է ուղարկել քաղաքացիական դատարան, քաղաքացիական դատարանն էլ ասում է՝ «դա իմ քննելու գործը չի»: Որպեսզի դատարանների միջև էդ վեճը հանգուցալուծվի, դիմել են վճռաբեկ դատարանին, սպասում են՝ վճռաբեկը պիտի իր եզրակացությունը տա՝ արդյոք գործը ով է քննելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդումյանը:
Նախկին պաշտոնյան տարակուսած է. նա զուգահեռներ է անցկացնում անգամ Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդման հետ՝ դատարանի վճիռը չկատարելու հիմքով, երբ Գարեգին Երկրորդն անմիջապես մեղադրյալ դարձավ, մինչդեռ իր դեպքում օրենքն անարգել անտեսվում է։
«Այսինքն՝ եկեղեցու դեմ տարվող պայքարի գործով ազդում է էդ քրեական գործը, սակայն նույն քրեական գործը, որը լրիվ օրինական է և մտել է իր օրինական ուժի մեջ, այդ վճիռը չի կատարվում, ոչ միայն չի կատարվում, նաև՝ համայնքի ղեկավարը ստում է, որ նման վճիռ չկա: Հիմա, բացի այն, որ դա հրապարակվել է դատարանի պաշտոնական կայքէջում՝ Datalex-ում, նաև կողմերը դրա մասին գրավոր ծանուցումներ, նամակներ են ստացել՝ և՛ ես եմ ստացել, և՛ համայնքի ղեկավարն է ստացել, և՛ նաև համայնքի ղեկավարի տեղակալն է ստացել, որը որպես երրորդ անձ ներգրավված էր էդ գործին: Պիտի էդ վճիռը իրագործվի, էսպես ասած, հիմա եթե չի իրագործում համայնքի ղեկավարը, իմ կարծիքով՝ դրանով պիտի զբաղվեն արդեն Դատախազությունը կամ հարկադիր կատարող ծառայությունը», - ասաց Սասուն Վարդումյանը՝ հավելելով. - «Դե սպասենք, հիմա, ես, մենք մեր իրավաբանական թիմով, փաստաբանական խմբով սպասում ենք էդ մյուս դատարանի վճռին, տեսնենք՝ ինչ վճիռ է կայացնում, որից հետո արդեն կմշակենք մեր հետագա քայլերը»:
Ալավերդու ներկայիս ու նախկին պաշտոնյաների միջև հակասության հիմքում քաղաքական ենթատեքստ կա։ Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդումյանին պաշտոնում տեսնելը ցանկալի չէ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Դավիթ Ղումաշյանի համար։ Երկու ամիս առաջ ավագանին, որն արդեն երկու տարի գործում է առանց ընդդիմության, քաղաքապետին առաջարկել էր ոչ թե կատարել դատարանի վճիռը, այլ դիմել Դատախազություն՝ 2022-ին Վարդումյանի նշանակման օրինականությունը ստուգելու համար։
Փոխքաղաքապետ Հարություն Ձավարյանը նիստի ժամանակ բացահայտ խոստովանել էր, որ համաձայն չեն Վարդումյանին նախկին պաշտոնին վերադարձնելու դատական ակտին. - «Իրականում մենք էդքան էլ համաձայն չէինք, որ այդ որոշումը կատարվեր, բայց հաշվի առնելով դատարանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունով հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որի մասին մեր ֆրակցիայի գործընկերները նախօրոք ստորագրել են, նախօրոք տեղեկացված են»։
Չնայած այս հայտարարություններին՝ անցած երկու ամսում ոչ Դատախազությունն է բողոք ստացել, ոչ էլ համայնքապետարանն է քայլ արել վճռի կատարման ուղղությամբ։
Ալավերդիում իշխանության համար պայքարում 2022-ին ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունն էր հաղթել: Բայց ընտրություններից ընդամենը մեկ տարի անց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անվստահություն էր հայտնել «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, համայնքապետ Արկադի Թամազյանին ու ընտրել էր իր համայնքապետին: Իշխանության գալուց հետո Դավիթ Ղումաշյանն առաջին հերթին ազատվեց տեղակալներից, ինչն էլ սկիզբ դրեց մինչ օրս շարունակվող դատական այս քաշքշուկին։