Ալավերդու համայնքապետի նախկին տեղակալ Սասուն Վարդումյանը երկու տարվա դատական քաշքշուկից հետո հօգուտ իրեն վճիռ ունի ձեռքին։ Դատարանն անվավեր է ճանաչել նրան աշխատանքից ազատելու երկու տարի առաջվա որոշումը։
«Համայնքապետարանն իմ աշխատանքային պայմանագիրը ճանաչել է առ ոչինչ ու ինձ ազատել է աշխատանքից՝ առանց որևէ նախօրոք ծանուցման, վերջնահաշվարկի», - ներկայացրեց Վարդումյանը:
Չնայած օրինական ուժի մեջ մտած վճռին, համայնքապետարանում նախկին պաշտոնյայի առջև դռները չեն բացում։ Փոխարենն ավագանին քաղաքապետին նոր առաջարկ է արել. ոչ թե կատարել դատարանի պահանջը, այլ դիմել դատախազություն՝ ստուգելու Վարդումյանին երեք տարի առաջ պաշտոնի նշանակելու օրինականությունը։
«Իրենք ավագանու նիստ են գումարել ու այդ նիստի ժամանակ համայնքի ղեկավարը կարգադրություն է իջեցրել, որ կազմվեն բոլոր փաստաթղթերը՝ դիմելու Լոռու մարզի դատախազություն, որպեսզի ստանան իրավական գնահատական՝ արդյոք իմ նշանակումը եղել է ապօրինի, թե ոչ», - ասաց նա:
Սասուն Վարդումյանը դատարանի վճռով մտել է քաղաքապետի աշխատասենյակ, բայց նախկին պաշտոնում վերականգնվելու հույս այդպես էլ չի տեսել։ Նրա գրավոր դիմումը նույնպես արդեն մեկ ամիս է՝ անպատասխան է։
«Ես հանդիպել եմ համայնքի ղեկավարի հետ, որպեսզի հասկանամ իմ աշխատանքի վերադառնալու պայմանները և այլն, սակայն բանավոր կերպով մերժում եմ ստացել: Պատճառաբանությունը հետևյալն է, որ «մենք դատարանի վճռի հետ համաձայն չենք», - նշեց Վարդումյանը:
Ալավերդու 2023-ի աղմկոտ իշխանափոխությունից հետո փոխվեց քաղաքապետարանի թիմը։ Ընդամենը մեկ տարի պաշտոնավարած ընդդիմադիր քաղաքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելուց և պաշտոնանկ անելուց հետո, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանն առաջինը հենց նախկին ղեկավարի թիմակիցներից ազատվեց: Ազատված տեղակալները բողոքարկեցին: Իշխանության եկած քաղաքապետն այն ժամանակ էլ էր պնդում, թե նախկին ղեկավարը տեղակալներին ապօրինի է նշանակել, անգամ դիմեցին դատախազություն, բայց իրավապահները գործին ընթացք չտվեցին։
Համայնքապետարանում դատական ակտը չկատարելու սեփական հիմնավորումն ունեն։ Քաղաքապետի տեղակալ Հարություն Ձավարյանն ավագանու նիստում բացահայտ հայտարարեց՝ վճռի հետ համաձայն չեն, ուստի լուծումը նորից փնտրում են իրավապահների դաշտում։
«Իրանակում մենք այդքան էլ համաձայն չենք այդ որոշման հետ, բայց հաշվի առնելով դատարանի որոշումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունով հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որի մասին մեր ֆրակցիայի գործընկերները նախօրորք ստորագրել են, տեղեկացված են», - ասաց Ձավարյանը:
Սասուն Վարդումյանը տեղի ունեցածն աբսուրդ է որակում. դատարանի վերջնական խոսքը կա, բայց տեղի իշխանություններն ամեն գնով այն շրջանցելու ուղիներ են փնտրում. «Ես կասեմ, որ սա մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է, որովհետև դատարանի վճռի հետ համաձայն չլինել... ես սա աբսուրդի ժանրից եմ համարում»:
Մինչ համայնքապետարանը քննարկում է դատախազություն դիմելու հարցը, հենց դատախազությունից հայտնում են՝ Ալավերդուց որևէ նոր դիմում-բողոք դեռ չեն ստացել։ Իսկ քաղաքապետ Դավիթ Ղումաշյանն այսօր հրաժարվեց պատասխանել հարցին՝ կկատարի՞ դատարանի պահանջը, թե՞ նոր իրավական գործընթաց կսկսի։ Նա միայն անհարգալից տոնով հորդորեց գրավոր հարցում ուղարկել։
Ալավերդու ավագանին արդեն տևական ժամանակ է՝ գործում է առանց ընդդիմության։ 2023-ի իշխանափոխությունից հետո «Ապրելու երկիր» խմբակցությունը բոյկոտեց նիստերը, ինչին հաջորդեց նրանցից 9-ին մանդատից զրկելու գործընթացը։ Այսօր համայնքին վերաբերող որոշումները կայացվում են բացառապես իշխող թիմի և «Ապրելու երկիրը» լքած երեք անդամների քվեարկությամբ։