Մատչելիության հղումներ

«Ակնոցն ու բակերը՝ որպես ապացույց». միջազգային փորձագետներ՝ տեսանյութը կեղծ է, Քննչական՝ Արշակ սրբազանն է

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, արխիվ
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, արխիվ

Արդեն երկու ամիս կալանավորված Արշակ սրբազանին վերագրվող հայտնի ինտիմ տեսանյութը երեք տարբեր երկրներ փորձաքննության ուղարկած փաստաբանը ստացել է պատասխանները: Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ այդ եզրակացությունները հաստատում են Մայր Աթոռի դիվանապետի պնդումը, որ տեսագրություններում ինքը չէ:

«Տեսագրության բովանդակությունը կեղծ է, ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ, իսկ կադրերում երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է», - պնդում է Բաբայանը:

Փաստաբանը մանրամասներից կխոսի առաջիկայում, ասաց՝ այլ եզրահանգումներ էլ են արել միջազգային փորձագետները, որոնք վկայում են կեղծարարության մասին:

Զուգահեռ այլ փորձաքննության լրիվ հակառակ պատկերի մասին է խոսում կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը. - «Մենք գիտենք նաև երկրորդ փորձաքննության մասին, որը դրսում է կատարվել, ես որքան գիտեմ՝ Բելգիայում է կատարվել, վստահ չեմ, բայց Խաժակ րբազանի միջոցով փոխանցվել է: Այսինքն՝ միանշանակ հաստատել է»:

Բացի միջազգային այս երկու՝ իրար հակասող փորձաքննություններից, կա ևս մեկը՝ պետականը: Քննչականն է այն պատվիրել ու եզրակացրել՝ տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է:

Մայր Աթոռի դիվանապետը թեև հայտարարում էր, որ համացանցում տարածված ինտիմ տեսանյութով չի խախտվել իր անձնական կյանքի գաղտնիությունը, որովհետև այն կեղծ է, Քննչականը հենց այդ հոդվածով էլ գործ հարուցեց, փորձաքննություն նշանակեց, պատասխանն էլ ուղարկեց դրանով հետաքրքրվող հոգևորականներին, որոնց շարքում է Կաթողիկոսի դեմ դուրս եկած Սարոյանը:

Վարչապետ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին միացած այժմ կարգալույծ այս հոգևորականը Գարեգին Երկրորդին մեղադրում էր սկանդալը կոծկելու, սրբապղծությունը հովանավորելու համար: Սարոյանը հավատում է Քննչականի փորձաքննությանը, ըստ որի՝ տեսանյութում Արշակ սրբազանն է. - «Իհարկե, հաստատված փաստ եմ համարում»:

Քննչականի փորձաքննությունը, սակայն, տևել էր կես օր՝ այն դեպքում, երբ բազմաթիվ այդ դեպքերում դրանք տարիներով են ձգվում: Այս դրվագը փաստաբան Արսեն Բաբայանը տարօրինակ էր համարել, պնդել, որ գործընթացը խախտումներով է իրականացվել:

«Ստացվել է եզրակցությունը, այն էլ՝ կես օրում, որովհետև առնվազն ժամը 6-ին է աշխատանքը ավարտվում, փորձագետները դժվար դրանից ավել մնային, իսկ ժամը 9-ին է սկսում, մինչև էդ մինչև կայացվեր, ուղարկվեր, և այլն... Այսինքն՝ նույն օրը նշանակվել է և նույն օրը ստացվել է եզրակացությունը», - ընդգծում է փաստաբանը:

«Ազատության» ձեռքի տակ է Քննչականի այդ նույն փորձաքննությունը: Այն բաղկացած է երկու լուսանկարից՝ մեկն Արշակ սրբազանինն է, մյուսը՝ տեսանյութում պատկերված տղամարդունը: Փորձագետը համեմատել է երկու լուսանկարներն ու եզրահանգել՝ պատկերված անձանց ճակատային, քթային և կզակի շրջանների ձևերը համընկնում են: Համընկնում է նաև սանրվածքի ձևը՝ մասնավորապես բակերը, և ճաղատությունը: Երկուսն էլ կրում են օպտիկական ակնոցներ:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Քննչականի փորձագետի նշած տվյալները բավարար չի համարում՝ եզրակացնելու, որ լուսանկարներում նույն մարդն է:

«Քանի որ հստակ նույն ուղղությամբ չէր երկուսն էլ գլուխը թեքված, միանշանակ պնդում անել էդտեղ հնարավոր չի: Օպտիկական ակնոց կրել-չկրելը ընդհանրապես չի կարող նույնականացման գործիք լինել՝ նույնն է, ոնց որ ասես՝ մարդը տաբատով է կամ առանց տաբատ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Մասնագետը նշում է՝ սանրվածքը, ակնոցները կարող են լինել լրացուցիչ ապացույց, բայց՝ ոչ հիմնական:

«Այնպես որ՝ եղածը միանշանական նույնականացում չի թույլ տալիս անել: Բնօրինակը, որը ներկայացված է, շատ վատ որակի է, և բիոմետրիկ տվյալների շատ քիչ հատվածն է այնտեղ ներգրավված: Այնպես որ, իմ կարծիքով՝ եղածը, ներկայացվածը հերիք չի հստակ եզրակացություն անելու համար», - ընդգծեց տեղեկատվական անվտանգության մասնագետը:

Մարտիրոսյանն ասում է, որ տեսանյութը ուսումնասիրելու տարբեր գործիքներ կան, օրինակ` դեմքի նույնականացման գործիքներ: Արդյոք դրանք կիրառվել են՝ այդ եզրակացությունից հստակ չէ, երևում է միայն, որ համեմատվել են երկու դեմքի լուսանկարներ:

«Սա ընդամենը քաղաքական պատվեր է, և՛ իրավապահ համակարգը, և՛ արդարադատության մարմինները ակնհայտորեն, տեսանելիորեն սպասարկում են քաղաքական իշխանության շահերը», - պնդել էր Արշակ արքեպիսկոպոսը:

Քննչականը ամիսներ շարունակ չի տալիս մի կարևոր հարցի պատասխան՝ ո՞վ կամ ովքե՞ր են տարածել ինտիմ տեսանյութը ու այն վերագրել բարձրաստիճան հոգևորականին: Այն համացանցում հայտնվեց քեռակնոջ ու սրբազանի մասին վարչապետ Փաշինյանի աղմկահարույց գրառումից հինգ ամիս անց: Դրանից կարճ ժամանակ անց ձերբակալվեց Կաթողիկոսի դեմ արշավին չմիացած արքեպիսկոպոսը: Նա արդեն երկու ամիս է կալանքի տակ է 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց դնելու մեղադրանքով: Այս մի գործի նախաքննությունը մոտենում է ավարտին: Բարձրաստիճան հոգևորականը մեղադրանքը չի ընդունում, այն քաղաքական է համարում:


XS
SM
MD
LG