Աջափնյակի արյունալի հրաձգությունից երկու օր անց, Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում իրավապահներն առավոտյան խուզարկություններ են արել, զենք-զինամթերք փնտրել:
Հաջողվե՞ց գտնել, Ոստիկանությունից ու Քննչական կոմիտեից չեն մանրամասնում: Միայն հաստատում են խուզարկության փաստն ու նշում՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողություններ են կատարել: Ձերբակալվածներ չկան: Թե ինչ վարույթի մասին է խոսքը, դեռ պարզ չէ:
«Իշխանություն» լրատվականն է վաղ առավոտյան հանդիպել Մերձավանում խուզարկություններ անող ոստիկաններին, փորձել տեղեկություն ստանալ, բայց՝ ապարդյուն:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Աջափնյակում հնչած կրակոցների մասնակիցների ընկերների, հարազատների և նրանց հետ կապ ունեցող անձանց տներում են ոստիկանները վաղ առավոտյան զենք-զինամթերք փնտրել: Իրավապահներն այս տեղեկությունը ոչ հաստատում են, ոչ էլ հերքում:
Նախորդ տարի հենց Մերձավանում էին սպանվել Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Դեպքից ավելի քան կես տարի անց ոստիկանները դեռ շարունակում են հերթապահել համայնքում: Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո մերձավանցիներն ավելի զգուշավոր են դարձել, այսօրվա խուզարկություններից ոչ մի բառ չխոսեցին, պնդում էին՝ չեն տեսել, չեն լսել:
Իսկ երկու օր առաջ Երևանում օրը ցերեկով, բնակելի շենքերի տարածքում, շուրջ երեք տասնյակ տղամարդկանց մասնակցությամբ կրակահերթից տուժած ութ մարդ տեղափոխվել էր հիվանդանոցներ, մեկը դուրս է գրվել: Բժիշկներն ասացին՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նույն օրը մասնակիցներից մեկը՝ 45-ամյա մի տղամարդ, հենց վիրահատարանում մահացել էր:
Քննչականից այսօր փոխանցեցին՝ մեկ մարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ միանգամից մի քանի հոդվածներով, նրան ձերբակալելու որոշում է կայացվել, ենթադրվում է, որ դեռ փնտրում են: Նա մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում սպանության և նույն բնույթի յոթ սպանության փորձի, ինչպես նաև ապօրինի զենքի շրջանառության և խուլիգանության մեջ։
Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Քոչարյանն ասում է. - «Հրազենը մարդկանց ձեռքում շատ է: Տեսանելի են դառնում բռնի հանցագործությունները, հասարակական վայրերում, մարդկանց աչքի առջև կատարված հանցագործությունները, որը, ես պնդում եմ, որ ոչ բավարար կանխարգելման աշխատանքների արդյունք է»:
Մոտ մեկուկես տարի առաջ, կրկին Աջափնյակում ու կրկին բնակելի շենքերի հարևանությամբ, հրազենով սպանվել էր քրեական հեղինակություն՝ «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանը։
Մի տղամարդ էլ խոհանոցային մեծ դանակով նախորդ տարի էր հարձակվել 24-ամյա երիտասարդի վրա ու մի քանի անգամ հարվածելով սպանել նրան: Այս դեպքն էլ էր տեղի ունեցել օրը ցերեկով, Աբովյան քաղաքի կենտրոնում, մարդկանց աչքի առջև:
Նախորդ տարի էլ Երևանի կենտրոնում անչափահասների մասնակցությամբ էր վիճաբանություն տեղի ունեցել, կրկին կրակոցներ էին հնչել, անչափահասներից երեքը տեղափոխվել էին հիվանդանոց: Ու կրկին՝ օրը ցերեկով:
Նախորդ երկու-երեք տարիների ընթացքում տեղի ունեցած այս դեպքերը մեկը չեն, երկուսը չեն:
Հովհաննես Քոչարյանի կարծիքով՝ նման դեպքերը կանխարգելելու համար, հատկապես քրեական հեղինակությունների ներկայացուցիչները պետք է մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում լինեն, ոչ թե հանցագործության վերջում միայն իրավապահները տեղ հասնեն:
«Վաղ հայտնաբերումը և նրանց միջև տեղի ունեցած կոնֆլիկտների պատմության վաղ ֆիքսումը մի օր պետք է դառնա Ոստիկանության պրոֆիլակտիկ աշխատանքի թիրախը: Վերցրեք ցանկացած բռնի հանցագործության նախապատմությունը, փորձեք ուսումնասիրել, դուք էդ նախապատմությունը կտեսնեք՝ տարիների, ամիսների կենսագրություն ունի: Եթե էդ շղթայի մեջ, մինչև էդ կուլմինացիան դեպքի, Ոստիկանությունը էդ ինֆորմացիային տիրապետեր, անշուշտ էդ դեպքը կկանխվեր», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ոստիկանության նախկին պաշտոնյան:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օրերս հայտնել էր, որ 2025-ին Հայաստանում հանցագործությունների և հարուցված վարույթների թիվը նախորդ տարվա համեմատ 3.2 տոկոսով նվազել է; Ըստ նախարարի՝ այս թվերը ներքին անվտանգության բարձրացման մասին են վկայում:
Իսկ ահա Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ վերջին հինգ տարիներին երկրում հանցագործությունների ընդհանուր թիվը 75 տոկոսով աճել է: Հրազենի կիրառմամբ դեպքերն էլ, ըստ նույն տվյալների, հինգ տարվա ընթացքում 83 տոկոսով են ավելացել:
Ի դեպ, հենց իշխանությունն է պարբերաբար բարձրաձայնում, որ 44-օրյա պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ է անհետացել, որոնք պատերազմ մեկնող քաղաքացիներին վարչապետի որոշմամբ էին բաժանվել։ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր՝ անցած տարիներին ապօրինի զենքը հայտնաբերելու հարցում մեծ արդյունք չեն գրանցել: