Մատչելիության հղումներ

Կրակոցներ Աջափնյակում․ կա մեկ զոհ, վեց վիրավոր

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցներից մեկ մարդ է զոհվել է, նախնական տվյալներով՝ վեցը վիրավորվել: 3-ն, ըստ Առողջապահության նախարարության, ծայրահեղ ծանր վիճակում են, մյուս երեքն էլ՝ ծանր։

«Մեկի վիրահատությունն ավարտվել է, գտնվում են բաժանմունքում, երկուսի վիրահատությունը շարունակվում է, իսկ բաժանմունքում եղած ևս երկու հոգի դեռ պետք է բարձրանա վիրահատական սրահ: Մեկ հոգու վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստաբիլ, ռեանիմացիոն բաժանմունքից կտեղափոխվի դիմածնոտային բաժանմունք: Մյուսները քանի դեռ գտնվում են Ռեանիմացիոն բաժանմունքում, պետք է գնահատել ծանր», - ասաց «Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:

Ովքե՞ր են արյունալի հրաձգության մասնակիցները, ի՞նչն է եղել պատճառը. Ներքին գործերի նախարարությունից առայժմ սահմանափակ տեղեկություն են հայտնում, ըստ այդմ՝ հիվանդանոցումը մահացածը 45-ամյա տղամարդ է: Մյուսները կամ դանակահարված են, կամ հրազենային վիրավորում ունեն:

«Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ», - հայտնում է Ոստիկանությունը։

Դեպքի մասին լրագրողներին տեղի բնակիչներն են որոշ մանրամասներ պատմել:

«Ձայները լսեցինք, երեխաները դաշտում խաղում էին, վախից փախան, մեկն էլ ընկավ: Մեծ թվով ջահելություն մեր շենքի դիմացով անցավ: Չգիտեմ էլ վիրավորներ կան, թե չկան, տնից դուրս չեկանք», - ասաց բնակիչներից մեկը:

Դեպքի վայրում կրակված պարկուճներ են, ծալովի դանակ, փշրված ապակիներով մեքենաներ: Տեղում դեռ քննչական գործողություններ են ընթանում:

Քննչական կոմիտեից առայժմ չեն հստակեցնում՝ արդյոք քրեական գործ հարուցվե՞լ է, կա՞ն ձերբակալվածներ, թե՞ ոչ, և ովքեր են։ Խոստանում են ավելի ուշ հաղորդագրություն տրամադրել։

Մոտ մեկուկես տարի առաջ Աջափնյակում մեկ այլ աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել. Թաղամասի փողոցներից մեկում բնակելի շենքերի հարևանությամբ հրազենով սպանվել էր քրեական հեղինակություն «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանը։

Վերջին տարիներին լրահոսի անբաժանելի մաս են դարձել Երևանում և մարզերում կրակոցներով ուղեկցվող միջադեպերը:

Միայն անցած տարի, ըստ վիճակագրական կոմիտեի, հրազենով 152 հանցագործություն է կատարվել, 2024-ին՝ 109, 2023-ին՝ 94: 2025-ին 2024-ի համեմատ շուրջ 40 տոկոսի աճ կա:

Իշխանությունն ինքն է պարբերաբար բարձրաձայնում, որ 44-օրյա պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ է անհետացել, որոնք պատերազմ մեկնող քաղաքացիներին վարչապետի որոշմամբ էին բաժանվել։ Փաշինյանը հաստատել էր միայն՝ անցած տարիներին ապօրինի զենքը հայտնաբերելու հարցում ոչ մեծ արդյունք են գրանցել:





XS
SM
MD
LG