Մատչելիության հղումներ

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղևորվել ևս մեկ ռուսական շարժակազմ

«Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել ռուսական հացահատիկով և պարարտանյութով բեռնված ևս մեկ շարժակազմ»,- հաղորդում է APA գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բաքվի մերձակայքում գտնվող Բալաջարի կայարանից Հայաստան է առաքվել 272 տոննա պարարտանյութով բեռնված 4 և 420 տոննա հացահատիկով բեռնված 6 երկաթուղային վագոն։ Շարժակազմը Ադրբեջանից կուղևորվի Վրաստան, որտեղից էլ արդեն մուտք կգործի Հայաստանի տարածք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին հայտարարել էր, որ նոյեմբերից մինչև այդ օրը շուրջ 26,000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով Հայաստան եկել.

«Հիմա, գործնականում արգելք և որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն»,- ասել է Փաշինյանը:

Անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:

Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:

XS
SM
MD
LG