Ադրբեջանի դատախազությունը պահանջում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։
Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման համար մեղադրվող Վարդանյանն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ, նրան հայտնել՝ առաջիկայում Բաքվի դատարանում իր եզրափակիչ խոսքում պատրաստվում է ընդգծել՝ տեղի ունեցողը դատական գործընթաց չի համարում։
«Տեղի ունեցողը չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին և հետևաբար չի կարող համարվել դատաքննություն դրա իրական իմաստով», - ասել է Վարդանյանը։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է՝ իր համար անակնկալ չի եղել Վարդանյանին ցմահ դատապարտելու Ադրբեջանի դատախազության պահանջը։ Իրավապաշտպանի խոսքով՝ մոտ մեկ տարի առաջ մեկնարկած դատական գործընթացի հենց սկզբից էլ պարզ է եղել՝ Բաքվի վարչակազմը դատավարություն է բեմականացնում կանխորոշված ավարտով։
«Դատավարությունը, որը ավելի բեմականացված թատերական ներկայացում է՝ հստակ դերաբաշխումներով, հանգեցնելու է բոլոր հայերի դատապարտման և ծանրագույն պատժատեսակների ընտրության, հատկապես նախկին ղեկավարների առնչությամբ ընտրվելու է ցմահ ազատազրկումը։ Այս առումով մեր կանխատեսումները, սպասումները արդարացվել են, ինչը վկայում է, որ ադրբեջանական ձեռագիրը ընկալելի է և ամենևին էլ միտված չէ արդարությանը կամ խաղաղությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:
Բաքվի բանտից 57-ամյա Ռուբեն Վարդանյանը նաև Արցախին է անդրադարձել: «Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադրությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից», - ասել է նա։
Վարդանյանը վերջին դատական նիստերին պահանջում էր տրամադրել քրեական գործի նյութերը։ Արցախի նախկին պետնախարարի քրեական հատորները 400 էջից ավելի են, 42 մեղադրանք է առաջադրվել, մինչդեռ նա չի հասցրել ծանոթանալ ամբողջ նյութերին։
«Որևէ կասկած չունենք, որ դատարանները հենց ցմահ ազատազրկումն են ընտրելու պարոն Վարդանյանի մասով և ոչ միայն պարոն Վարդանյանի մասով։ Եվ նկատի ունենանք, որ դատական գործընթացը կազմակերպվել է ոչ անկախ և ոչ անկողմնակալ դատարանի կողմից։ Նախ՝ Ադրբեջանում ողջ դատական համակարգը կախյալ է և ենթարկեցված է գործադիր իշխանությանը, բայց սա ավելի ակնառու խնդիր է զինվորական դատարանների համար», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների դատաքննությունից առանձին է ընթանում Արցախի պետնախարարի պաշտոնն զբաղեցրած Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։
Ադրբեջանի դատախազությունը պահանջում է նաև ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի հինգ նախկին ղեկավարներին, իսկ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում՝ 20 տարվա ազատազրկում, քանի որ նրանց 65 տարին լրացած է։ Մյուս գերիների համար էլ մեղադրող կողմը մինչև 20 տարվա ազատազրկում է պահանջում։
Բաքվում պահվող 23 գերիներից 7-ի դատավճիռներն ավելի վաղ են կայացվել։
Արցախի պետնախարարի պաշտոնը ընդամենը երեքուկես ամիս զբաղեցրած ու երբևէ որևէ ռազմական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանի դեմ դատարանում անցած ամիսներին ցուցմունք են տվել 1990-ականներից մինչև 2023 թվականը իբրև տարբեր աստիճանի վիրավորում ստացած անձինք, իբրև զոհվածների իրավահաջորդները։ Ընդ որում, ադրբեջանական ռեպորտաժներում հաճախ այդ անձանց ուղիղ խոսքը չի ներկայացվում, այն վերաշարադրվում է, իսկ դատական նիստերի վերաբերյալ հրապարակված տեքստերը ադրբեջանական բոլոր լրատվամիջոցներում բառացիորեն նույն կառուցվածքն ունեն՝ բովանդակային աննշան տարբերությամբ։
Դատավարությունների հենց սկզբից իրավապաշտպաններն ահազանգում են, որ Բաքվում հնարավոր չէ արդար դատաքննություն իրականացնել այն պայմաններում, երբ գերիները Բաքվի ռազմական դատարանում անպաշտպան իրավիճակում են հայտնվել՝ փաստացի առանց պաշտպանության։
«Ադրբեջանի դատարաններում պաշտպանություն իրականացնելու հնարավորություններ չկան, այսինքն՝ կա օբյեկտիվ անհնարինություն հայերի կողմից կազմակերպել իրենց պաշտպանությունը անկախ փաստաբանների կողմից։ Փաստաբան ներգրավելու անհնարինությունը առկա է եղել բոլոր հայ պատանդների համար՝ բացառությամբ Ռուբեն Վարդանյանի, բայց անգամ մասնավոր փաստաբան ընտրելու պարագայում, երբ բազմաթիվ ջանքերից հետո հնարավոր եղավ Ադրբեջանում որակավորված, բայց ոչ էթնիկ պատկանելիությամբ ադրբեջանցի փաստաբան, ապա ակնհայտ միջամտությունների և այլ բնույթի խոչընդոտների արդյունքում կրկին անառարկայական դարձավ պաշտպանության իրավունքը», - նշեց իրավապաշտպանը:
Ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունները փակ են անկախ լրատվամիջոցների ու իրավապաշտպանների համար։ Դատական նիստերը լուսաբանելու հնարավորություն ունի միայն պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը, որի հաղորդումների ճշգրտությունը հնարավոր չէ պարզել։ Գերիների հարազատներն ավելի վաղ հայտնել էին, որ դատավարությունը լուսաբանող միակ լրատվամիջոցը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն ու արտահայտած մտքերը ամբողջությամբ չի փոխանցում, խմբագրում է, հաճախ սխալ թարգմանում։