Մատչելիության հղումներ

Աբու Դաբիում կայացել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ինչ է քննարկվել

Լրացված

Այսօր Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից ներկա են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպման ավարտից հետո վարչապետի խոսնակը տեսանյութ է հրապարակել:

Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։

«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով»,- ասված է Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում:

Այսօր ավելի ուշ Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում կմասնակցեն «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։

Հայաստանի վարչապետի խոսնակն ավելի վաղ Ֆեյսբուքում գրել էր. - «Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք»:

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը ամենամյա, անկախ և միջազգային մրցանակ է, որը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գործող անհատներին կամ կազմակերպություններին, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում են, կամուրջներ հարթում՝ ստեղծելով իրական մարդկային կապեր՝ հաճախ անձնական զոհողությունների գնով։ Մրցանակի դափնեկիրները ստանում են 1 միլիոն ԱՄՆ դոլար:

XS
SM
MD
LG